Այս նախագծով ընդհանրապես որևէ ուժային և ռազմական կոմպոնենտ չկա. Փաշինյանը` Սյունիքի տարածքն  Իրանի դեմ ռազմական հենակետի վերածվելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հարցին`  «Սյունիքի տարածքն ԱՄՆ-ին վարձով տալով՝ արդյո՞ք մտահոգություն չունեք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման դեպքում այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետի», չի համաձայնել այն դիտարկումների հետ, թե Սյունիքի մարզը վարձով տրամադրվում է ԱՄՆ-ին:

«Սյունիքի մարզը վարձով տալ․ ո՞նց կարող է որևէ մեկը մտքով նման ձևակերպում անել: Վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող։ Ես իմ ասուլիսում այդ մասին խոսել եմ, ընդ որում, խոսել եմ կառուցապատման իրավունքի մասին, որը մեր օրենսգրքով, մեր օրենքներով  նման դեպքերի համար ամենահարմար բանաձևն է նախագիծն իրականացնելու համար: Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս։ Կարծում եմ՝ ընդհանրապես փակվեց այդ հարցը ստորագրված հռչակագրով: Մենք երկկողմ արձանագրեցինք, որ Հայաստանն՝ Ադրբեջանից, և Ադրբեջանը՝ Հայաստանից տարածքային նկրտումներ չի ունենալու: Երկրորդը` ռազմական հենակետ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, այս նախագծով ընդհանրապես որևէ ուժային և ռազմական կոմպոնենտ չկա և դրա մասին խոսք լինել չի կարող: Չկա խոսք դրա մասին պարզապես: Պետք չի ստեղծել խոսույթներ, որոնք չկան: Եթե մենք գնանք կռահումների և ենթադրությունների հետևից, ամեն ինչ կարելի է ասել»,- ընդգծել է Փաշինյանը։

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնում «ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ համատեղ սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմանների ստեղծմանը, Փաշինյանը դարձյալ ուշադրություն է հրավիրել փոխադարձության սկզբունքի վրա և վստահեցրել, որ նույնիսկ այս դեպքում մեր երկրի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել:

Կարդացեք նաև

Այս համատեքստում նա ընթերցել է ԱՄՆ-ում ստորագրված եռակողմ հռչակագրի 3-րդ կետը, որտեղ նշվում է.

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս