
Հայաստանը, բացի տարանցիկ վարձակալության վճարից, որևէ ակնկալիք այդտեղից չի կարող ունենալ․ Նաիրի Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան եռակողմ գործընթացի ավարտից հետո որոշեց հայ հանրությանը տեղեկացնել, թե ինչի շուրջ է ինքը մենակ, բայց ժողովրդի անունից բանակցել։ Իհարկե, այս ամենը նա ներկայացրեց վառ ու լուսավոր գույներով․ օրինակ, նա վստահեցրեց՝ նախաստորագրված փաստաթուղթը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում, հնարավորություն՝ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապի համար, հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին։
«Մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու, կամ այդ բեռներն ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին իր հերթին»,- լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան՝ նկատել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հետաքրքիր նախագծեր են սպասվում՝ նավթամուղ, գազամուղ և այլն։
Մասնագետները պնդում են՝ Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, և անգամ դրանից հետո էլ Հայաստանի համար տնտեսական օգուտները, որի մասին ակտիվորեն նշվում է այսօր, վաղը պարզվելու է՝ չափազանցված են։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, իրավագիտության թեկնածու, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը 168․am-ի հետ զրույցում նշեց՝ համաձայնագիրը Հայաստանի համար ոչ մի դրական բան չի խոստանում։
«Սրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները լուծեց իր հարցը, Ադրբեջանը շարունակում է լուծել իր հարցը, իսկ Հայաստանի Հանրապետությունն ի ցույց է դնում աշխարհին, թե մենք պատրաստ ենք ամեն ինչ զիջելու, պատրաստ ենք տրամադրելու միջանցքը, որտեղ, ըստ տարբեր միջազգային հրապարակումների, տեղակայվելու է 1000 հոգանոց զինված կոնտինգենտ։
Հայաստանը, բառիս բուն իմաստով, պատրաստակամություն է հայտնում վարձակալության հանձնելու սեփական տարածքը, իսկ դրա փոխարեն՝ առաջ չի մղում գերիների հարցը և անգամ կոչ է անում աշխարհին՝ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն՝ փակելով Արցախի էջը, և դրանով իսկ մեսիջ տալով նաև, որ Սյունիքի հարցում էլ զիջումների կգնա»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը համաձայնագրից ընթերցել է այն հատվածները, որոնցում առկա են արձանագրումներ՝ փոխադարձելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների մասին, ապա պնդել է, որ թե՛ մաքսային, թե՛ անձնագրային հսկողությունը պետք է մեր պետական ինստիտուտներն իրագործեն, տնտեսագետն արձագանքեց․
«Եթե մաքսային գործընթացի վերաբերյալ համաձայնություն լիներ, ապա այսօր ոչ թե կնախաստորագրեին, այլ կստորագրեին համաձայնագիրը։
Կան որոշակի ակնկալիքներ և պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որը դեռևս իրենց կողմից ձևավորված չէ որպես առաջարկ․ Փաշինյանը դեռևս չձևավորված առաջարկին արդեն համաձայնություն է տվել, բայց քանի որ նրանք առաջարկը չեն ձևակերպել, դրա համար չեն ստորագրում, դրա համար նախաստորագրում են։
Եվ ասել, որ փոխադարձության սկզբունքով է՝ միֆ է․ ի՞նչ փոխադարձության սկզբունքի մասին է խոսքը․ 1000 հոգանոց կոնտինգենտ եթե տեղակայվում է Հայաստանի տարածքում, որպեսզի հսկողություն իրականացնի, ապա թող 1000 հոգանոց կոնտինգենտ էլ տեղակայվի Ադրբեջանի, կամ Նախիջևանի հատվածում։ Փոխադարձության մասին Փաշինյանի կողմից հիշատակումը խորքային իմաստը չպատկերացրած, կամ միտումնավոր մանիպուլացված ձևակերպում է։
Մաքսային ընթացակարգերի վերաբերյալ որևէ խոսակցություն չկա, իսկ եթե կա հսկողություն, կրկնում եմ՝ այլ երկրների կոնտինգենտի կողմից, հետևաբար՝ մաքսային հսկողության մասին էլ չի կարող խոսք լինել»։
Անդրադառնալով հնարավոր նախագծերի՝ գազամուղի, նավթամուղի մասին հայտարարություններին՝ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ Հայաստանը, բացի տարանցիկ վարձակալության վճարից, որևէ ակնկալիք այդտեղից չի կարող ունենալ։
«Այս աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ-ն չի կարող մաս կազմել նման պրոյեկտներին․ ընդամենը պետք է վճարեն վարձավճարը՝ տվյալ տարածքով անցնելու համար, ու վերջ, մնացած՝ այդքան շահույթների մասին, որ խոսում են (Համաշխարհային բանկի նախնական հաշվարկներ, տարբեր միջազգային փորձագիտական կազմակերպությունների հաշվարկներ մի քանի տասնյակ կամ հարյուր միլիարդ դոլարների շրջանառության և ծավալների ավելացման մասին), դրա հասցեատերերը բացառապես արևմտյան երկրներն են, ինչպես նաև՝ Ադրբեջանն ու Թուրքիան»։
Նա միամտություն և նույնիսկ հիմարություն որակեց պատկերացումը, թե Հայաստանն այդտեղից շահույթներ է ստանալու։