Սյունիքն այլ սցենարով է հանձնելու. հիմա ընդամենը սկիզբն ենք տեսնում, ժողովուրդը կասեր՝ «ցրցամը տվել է». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ ինչ անունն էլ դնեն Սյունիքում Փաշինյանի կողմից իրականացված զիջմանը, դրանից իրականությունը չի փոխվում՝ Նիկոլ Փաշինյանն աներկբա «միջանցք» տվեց Ադրբեջանին։

«Փորձերը՝ հանրությանը շեղել, մանիպուլացնել, թե դա ճանապարհ է, զուր է, քանի որ մեր հասարակության մեծ հատվածը վաղուց սթափվել է և վաղուց կարծես թե չի տրվում նիկոլական մանիպուլյացիաներին։

Բնականաբար, ձևակերպումները կարող են տարբեր լինել, թեպետ Թրամփն օգտագործեց «միջանցք» տերմինը, որով ուղղակի ստորացրեց ՀՀ-ում թուրքի դրածոյին։

Բայց եկեք հասկանանք, թե ի՞նչ ասել է՝ «միջանցք». եթե ադրբեջանական փոխադրամիջոցները հարկային, մաքսային վարչարարություն չեն անցնելու, ՀՀ սահմանապահ ծառայության զննումը չեն անցնելու, մեր սահմանն անարգելք մուտք են գործել ու դուրս են գալու, նշանակում է՝ սա «միջանցք» է, այլ ոչ թե Հայաստանի իրավահավասարության տակ գտնվող ուղի։

Կարդացեք նաև

Մարդ պիտի առնվազն անմեղսունակ լինի, 16-րդ հարկից գլխին «կիրպիչ» ընկած լինի, որպեսզի ասի, թե այդ հատվածի վերահսկողությունը Հայաստանն է անելու»,- 168.amի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթի և դրա վտանգավոր հետևանքների մասին։

Ըստ ռազմական փորձագետի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ «ճանապարհի» վրա տարածվելու է Հայաստանի օրենսդրությունը, կեղծ է՝ որոգայթ։ Սա միայն վերաբերում է նրան, որ, օրինակ, եթե այնտեղ երկու ադրբեջանցու մեքենա բախվեն իրար, ապա այդ առաջացած խնդիրը կարգավորվելու է ՀՀ օրենսդրությամբ։ Բայց այստեղ ամբողջ խնդիրը ոչ թե հենց այս կետն է, այլ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն անարգել մուտք ու ելք են ունենալու և այդ հատվածով տեղափոխելու են այն, ինչ ցանկանան՝ առանց որևէ վերահսկողության։

«Լավ, ինչո՞ւ պետք է օտարերկրյա մասնավոր կազմակերպությունը կառավարի այդ «միջանցքը»։ Եթե ճանապարհն օտարին հանձնելն այդքան լավ բիզնես-պրոյեկտ է, ինչո՞ւ Ալիևը նույնն իր երկրի տարածքում չի անում, չէ՞ որ Ալիևը Ստեփանակերտի օդանավակայանում հստակ հայտարարել էր, որ իր տարածքում որևէ այլ կազմակերպություն անելիք չունի՝ ճանապարհն իրենն է։ Կրկնում եմ՝ եթե այդքան լավ բիզնես-պրոյեկտ է՝ սեփական երկրիդ տարածքի մի հատվածն ուրիշին հանձնելը, ինչո՞ւ Ալիևը չի անում։

Ամերիկյան ընկերությունը, որը կվերցնի այդ ճանապարհի կառավարումը, անմիջապես հայտնվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի ուշադրության կիզակետում, և թուրք-ադրբեջանական տանդեմը կանի ամեն հնարավորը՝ այդ կազմակերպության վրա վերահսկողություն սահմանելու համար։ Ի՞նչ կանեն՝ կփորձեն գնել բաժնետոմսերը, ունենալ վերահսկողություն, իրենց մարդկանց ներդնել կազմակերպության կառավարման խորհրդում, միջնորդավորված կերպով գնել այդ կազմակերպությունը։ Եթե, ի վերջո, այդ 3-րդն էլ չհաջողվի, կփորձեն կաշառել այդ կազմակերպության ղեկավար կազմին։ Վստահ եմ, նշածս 4 տարբերակներից առնվազն 1-ը հաստատ աշխատելու է, և այդ կազմակերպությունն ուղղակի հայտնվելու է թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանը պահում է իր ինքնիշխանությունը՝ հերթական մանիպուլյացիան է, ավելին՝ ամերիկյան մասնավոր կազմակերպությունը հենց այնպես չի գալիս Սյունիքի մարզ. ներդրումների անվան տակ Միացյալ Նահանգները գնելու է Սյունիքում գտնվող հանքերը։ Մարզը հարուստ է ոչ միայն մոլիբդենով ու պղնձով, այլև ուրանով, իսկ ուրանն ապագայի վառելիքն է։

«Չնայած այս ամենին, Ալիևը շարունակում է իր պահանջներն առաջ քաշել, երեկ ասաց, չէ՞, որ Հայաստանը «տնային աշխատանք» ունի կատարելու, պետք է իր Սահմանադրությունը փոխի։

Ի՞նչ են անելու ադրբեջանցիները հետագայու,  երբ հայտարարում են, որ 300.000 ադրբեջանցի պետք է բնակվի Հայաստանում, նրանք նախևառաջ պայման են դնելու, որ նրանց մի մասին բնակեցնեն այդ «միջանցքին» հարող տարածքում։ Դեռս Խորհրդային տարիներին, Մեղրու շրջանի Արաքսի առափնյա հատվածում կային գյուղեր, որտեղ ժամանակին ադրբեջանցիները քոչել ու հաստատվել են, օգտվել են մեր բարեբեր տարածքներից, հիմա բերելու են նորից այդ տարածքներում բնակեցնեն, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ամեն կերպ սուբսիդավորելու են այդ թուրքերին։ 5 տարի անց Մեղրու հարավային հատվածը դառնալու է միայն թուրքաբնակ, հետո էլ ասում են՝ Սյունիքն ինչպե՞ս է հանձնելու։ Օրինակ, Քարվաճառը հանձնեց, որովհետև թուղթ էր ստորագրել, Սյունիքն այլ սցենարով է հանձնելու, որ ասենք՝ այս մարդը հիմար է՝ հիմար չէ, պարզապես ժողովրդին է հիմարի տեղ դրել ու առաջ է բերում բանիմաց մարդկանց ծիծաղը»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Չնայած այս ծանր կացությանը, ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ իրավիճակը դեռ հնարավոր է շտկել, բայց ամեն ինչ կդառնա անդառնալի, երբ Նիկոլ Փաշինյանը վերարտադրի իր իշխանությունը։

«Տա Աստված, որ աշնանն ականատես լինենք քաղաքական գործընթացների՝ իմպիչմենտի կամ այլ պրոցեսի, և մինչև ընտրություններ ավելի շուտ տեղի ունենա իշխանափոխություն։ Բայց եթե բանը հասավ ընտրություններին և ընտրություններով էլ Նիկոլը վերարտադրվեց, այդ պահից սկսած հատելու ենք անդառնալիության շեմը, որովհետև հիմա մենք ընդամենը տեսնում ենք սկիզբը, ժողովուրդը կասեր՝ «ցրցամը տվել է»։

Նիկոլ Փաշինյանն իր վրա պարտավորություն է վերցրել, նա Արևմուտքի հանդեպ իր վրա պարտավորություն ունի, փոխարենը՝ ստացել է ընտրություններին անվերապահ երաշխքներ։ Հայաստանի Հանրապետությունն ազատ է իր գործողություններում, հաջորդ իշխանությունը լիիրավ կարող է բեկանել այդ ամբողջ դավադրությունը։ Եթե 2021 թվականին ժողովուրդը դեռևս մոլորության մեջ էր, Արցախի մի մասը կար, հեռանկար կար, Արցախը փորձում էր ոտքի կանգնել, հիմա Նիկոլը հստակ ցույց է տալիս, թե ինչ է անելու։ Այսինքն՝ հանրությունը մոլորվելու տեղ չունի այլևս։ Հետևաբար՝ պետք է գնալ ու մերժել դավադիր իշխանությանը և ընտրել ազգային իշխանությունների, միակ ելքը սա է»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս