««Արցախը Հայաստան է, և՛ վերջ» բանաձևը լսած և տեսած ժողովուրդն այլևս ռեսուրս չունի պարզապես հավատալու կամ զգալու». Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդական իմաստությունը ստեղծել է «գողի ու ստի (բառը փոխված է) վատեն (անկման ժամկետը) քառասուն օր է» ասացվածքը, սակայն, ի հակառակ դրան, մարդիկ շարունակում են պարզապես ՀԱՎԱՏԱԼ (լինել իռացիոնալ), բայց ոչ՝ ՄՏԱԾԵԼ և ՎԵՐԼՈՒԾԵԼ։

Նրանք շարունակում են հավատալ ստությանը, բայց ո՛չ տեսած ու ապրած փորձին, շարունակում են հավատալ մի աղբյուրից դուրս եկող «լավ է լինելու» ֆեյսբուքյան զանգվածային ձևակերպումներին և հայտարարություններին, բայց ո՛չ սպասել պայմանագրերին և իրավական տեքստերին և վերլուծել դրանք։

Անկասկած՝ բոլորը ցանկանում են խաղաղություն, նույնիսկ հանուն դրա՝ երբեմն ուզում են լինել իռացիոնալ և պարզապես հավատալ հնարավոր խաղաղությանը։ Բայց «խաղաղություն և անվտանգություն» երկընտրանքի մեջ անվտանգության առաջնությունն այլևս մեզ թույլ չի տալիս լինել իռացիոնալ և պարզապես հավատալ բանավոր խոսքին և գրառումներին։

«Արցախը Հայաստան է, և՛ վերջ» բանաձևը լսած և տեսած ժողովուրդն այլևս ռեսուրս չունի պարզապես հավատալու կամ զգալու։

Նրա սպասումները պետք է լինեն զգուշավոր՝ հիմնված իրավական փաստաթղթերի անմիջական ուսումնասիրության և քննադատական վերլուծության վրա։

Հակառակ պարագայում ստի անկման «40 օրը» կդառնա «Դար», որի ընթացքում մենք պարզապես կատարելու ենք հարևաններից թելադրված մեր «տնային առաջադրանքները»»:

Տեսանյութեր

Լրահոս