Թրամփի «մուտքը» Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական խճանկարում․ ի՞նչ է բանակցել Ուիթքոֆը Պուտինի հետ

Ժամեր առաջ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ու մասնակցությամբ ստորագրված Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հռչակագիրը, ինչպես նաև Միրզոյան-Բայրամով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրումն ու նախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրումը դարձան վերջին շրջանի ամենաառանցքային ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական նշանակության իրադարձությունը։

Հարավային Կովկասի համար բացառիկ իրադարձություն է, երբ անձամբ ԱՄՆ նախագահն է միջնորդում, որպեսզի կողմերը հասնեն համաձայնության, ավելին՝ աննախադեպ է, որ երկար տարիներ ռեգիոնում քննարկվող Սյունիքով անցնող երթուղին կկոչվի «Թրամփի ուղի»։ Այս ջանքերը, ըստ տարատեսակ աղբյուրների, տևել են շուրջ 6 ամիս։

Սա, իհարկե, այս իրադարձության աշխարհաքաղաքական, ինչո՞ւ ոչ՝ նաև տեղեկատվական-քարոզչական կողմն է, ինչը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է վերջին տարիներին փոխվել աշխարհը, դրանում Հարավային Կովկասը և քաղաքականության իրացման ձևերը, երբ պոպուլիզմը, աղմկահարույց, բարձրագոչ հայտարարությունները եկել են առաջին պլան՝ փոխարինելով բովանդակությանը։

Կարդացեք նաև

Եվ անխոս, տեղեկատվական-քարոզչական դաշտում առկա աննախադեպ էյֆորիան արդարացված է Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի դեպքում։ Փորձագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչ կամ ինչեր ստացավ Թրամփն այս գործարքի արդյունքում ու ինչեր ստացավ Ալիևը, ով իր ոգևորությունն ու բարձր տրամադրությունը չէր կարողանում անգամ թաքցնել։

Միայն հայտարարված բոնուսները մի քանիսն էին՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման պաշտոնական դիմում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատում, 907 բանաձևի շրջանակներում մտցված պատժամիջոցների վերացում, Ադրբեջանի պետական SOCAR-ի ու ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil-ի միջև համագործակցության հաստատում, ինչպես նաև անխոչընդոտ անցում «Թրամփի ուղով»․․․

Եվ այս ողջ աղմուկի մեջ արդեն մի քանի ժամ է, ինչ քաղաքական, քաղաքացիական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչ ստացավ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ իշխանություններին չհաջողվեց Ադրբեջանի ստացած, մեղմ ասած, բազմաթիվ բոնուսներին ի պատասխան՝ ստանալ անգամ փոքրիկ դրական ժեստ, ինչը կլիներ հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Էլ չենք խոսում ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զբաղեցրած տարածքներից դուրս գալու, արցախահայության գոնե վերադարձի իրավունքի ճանաչման մասին։

Հարցերը, մտահոգությունները չափազանց շատ են, որոնք վերաբերում են բուն երթուղու կարգավորումներից սկսած՝ մինչև այս համաձայնությունների երաշխիքներ, խնդիրներ Իրանի ու Ռուսաստանի հետ, անվտանգային հարցեր, և այլն։ Ի վերջո, հայ ժողովուրդը տեսել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, իր կշռով ու նշանակությամբ ոչնչով չզիջող նախօրեին Սպիտակ տանը կնքված հռչակագրին, որի որևէ դրույթ Ադրբեջանը չկատարեց։

Քչերն են լուրջ ուշադրություն դարձնում այն հանգամանքին, որ նախօրեին Փաշինյանի ու Ալիևի հետ կնքած գործարքին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ալյասկայում մեկ շաբաթից՝ օգոստոսի 15-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման մասին։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին «պետք է պատրաստվի ինչ-որ բան ստորագրելու, տարածքների փոխանակում կլինի, որն օգուտ կբերի երկու կողմերին էլ»,- ժամեր առաջ հայտարարեց Թրամփը։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Պուտինը պահանջելու է Թրամփից ուկրաինական ուժերի դուրսբերում Դոնբասից։

Առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարություն տարածեց՝ ասելով, թե Ուկրաինան չի պատրաստվում հողեր զիջել Ռուսաստանին։ Նա նշել է, որ բոլոր գործընկերները պետք է հասկանան, թե ինչ է արժանապատիվ խաղաղությունը։ Ուկրաինայի նախագահի խոսքով, տարածքի հարցի պատասխանն Ուկրաինայի Սահմանադրության մեջ է, և ուկրաինացիները չեն զիջի իրենց հողերը։

«Մեր դեմ ցանկացած որոշում, առանց Ուկրաինայի ցանկացած որոշում խաղաղության դեմ որոշումներ են»,- ասել է Զելենսկին։

Թրամփ-Պուտին հանդիպումը քննարկվում էր Թրամփի՝ ԱՄՆ նախագահությունը ստանձնելու հենց առաջին իսկ օրվանից։ Եվ այստեղ հարկ է հիշեցնել, որ Թրամփ-Պուտին Ալյասկայի հանդիպումը համաձայնեցրել է ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, ով օգոստոսի 6-ին Մոսկվայում էր։

Ըստ էության, Ուիթքոֆի մոսկովյան այցից հետո Վաշինգտոն մեկնեցին Փաշինյանն ու Ալիևը և մինչ Թրամփի հետ հանդիպումն ու գործարքն ունեցան հանդիպումներ Ուիթքոֆի հետ։

Սակայն պետք է նշել, որ Ուիթքոֆի բանակցային միջնորդությունը Հարավային Կովկասում սկսվեց նրա՝ փետրվարին այդ պաշտոնում առաջին անգամ Մոսկվա կատարած այցից հետո։ Պուտինի հետ բանակցություններից հետո նա մեկնեց Բաքու, և այդ այցով սկսվեց ամերիկյան վեցամսյա միջնորդության այս ճանապարհը։

Այսինքն՝ ՌԴ-ԱՄՆ բանակցություններին զուգահեռ՝ սկսվել է Հարավային Կովկասում Թրամփի միջնորդության փուլը, գոնե անուղղակիորեն կարելի է ասել, որ Հարավային Կովկասում ամերիկյան միջնորդությունն «անցել է» Մոսկվայով։

Այստեղ բաց հարց է մնում՝ արդյո՞ք այս հարցը բանակցվել է ՌԴ նախագահ Պուտինի հետ Ուիթքոֆի այցերի ընթացքում, թե՞ ոչ, և արդյո՞ք Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգը և բանակցային դիրքորոշումները կազմվել են՝ հաշվի առնելով Թրամփի հարավկովկասյան «գործարքը»։

Ենթադրություն կարելի է հեշտորեն անել, համադրելով իրադարձությունները, աշխարհաքաղաքական զարգացումների հիմնական միտումները՝ ՌԴ թուլացումը Հարավային Կովկասում, հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական վատթարացած հարաբերությունները հենց այս վեցամսյա փուլում, սակայն ուղիղ նման պնդում անելու համար պետք է ծանոթ լինել բուն ՌԴ-ԱՄՆ բանակցային գործընթացին։

Սակայն նման խոշոր աշխարհաքաղաքական խաղերում անկարևոր մանրուքներ չկան, իսկ սա ամենևին էլ անկարևոր դետալ չէ։ Աշխարհաքաղաքական գլոբալ խճանկարում ու ազդեցությունների բաժանման գործընթացում Հարավային Կովկասը կարևոր գոտի է, ինչը ցույց են տալիս այս իրադարձությունները։

Եվ ուշագրավ է, որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասում բացառիկ առաջատար աշխարհաքաղաքական ուժի դիրք ունեցող ՌԴ-ն որևէ կերպ չի արձագանքել Թրամփի  հարավկովկասյան «գործարքին»։

Իսկ ԻԻՀ ԱԳ նախարարությունն առաջիններից էր, որ հայտարարություն տարածեց ու մտահոգություն հայտնեց։ ԻԻՀ ԱԳՆ հայտարարության համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշի ուշով հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և կապի մեջ է երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ այդ զարգացումների վերաբերյալ։

«Անկասկած, Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտը, այդ իրադարձությունը գնահատում է՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևոր քայլ։ Միևնույն ժամանակ, մտահոգություն կա ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, ցանկացած ձևով և ցանկացած միջոցով, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու հաստատուն կայունությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Իրանը տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակում իրականացնել, և բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։

«Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իրանը տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։ Ենթադրում եմ, որ Իրանի կողմից աջակցություն կլինի ապաշրջափակմանը»,- ասել է նա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ Ռուսաստանը ներկայումս լծակներ չունի Հարավային Կովկասում իրադարձություններին մասնակցելու և դրանց նկատմամբ ազդեցության համար։

Ըստ նրա, ՌԴ-ն խնդիրներ ունի և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ հարաբերություններում և յուրաքանչյուր միջամտության, միջնորդության փորձ նոր խնդիր է ստեղծելու ՌԴ-ի համար։ «Բացի այդ, ՌԴ-ի համար առավել կարևոր է ուկրաինական ուղղությունը և այն, որ հաջողվի թեկուզ Թրամփի միջնորդությամբ հասնել առանցքային լուծումների։ Հարավային Կովկասն այս դեպքում երկրորդական կամ երրորդական պլանում է աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հետ հարաբերությունների բերումով»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց նա։

Ըստ Տարասովի, այս ամենում, իհարկե, կարևոր է այն, որ Ուկրաինայի հարցի կարգավորման ուղղությամբ Ուիթքոֆը բանակցել է թե՛ ռուսական կողմի հետ, թե՛ Երևանի ու Բաքվի հետ։ «Այստեղ գուցե կա շաղկապվածություն, գուցե՝ չկա, գուցե եղել են քննարկումներ, չի բացառվում, սակայն ՌԴ-ի համար ներկայումս էականը հանդիպումն է Ալյասկայում։ Սակայն այն, որ ԱՄՆ-ը՝ ի դեմս Թրամփի, ճեղքում իրականացրեց Հարավային Կովկասում, ամրապնդեց իր ներկայությունը, միանշանակ է, սակայն միանշանակ է նաև, որ ռեգիոնը բարդ աշխարհաքաղաքական իրրավիճակում է, և բարդ է ասել, թե պայմանավորվածություններն ինչպես են իրագործվելու, վերահսկողական ինչ մեխանիզմներ են ներդրվելու, և ինչպես է արձագանքելու Իրանը»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս