
Այս ամենը գործնական հողի վրա բախվելու է լրջագույն խնդիրների. Արթուր Եղիազարյան

ԱՄՆ-ում ստորագրվեց Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև եռակողմ Հռչակագիրը, և, ըստ էության, հաստատվեց այն, ինչի մասին օրեր առաջ շրջանառվում էր, որ Հայաստանն ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի, երթուղին կկոչվի TRIPP՝ «Trump Route for International Peace and Prosperity» («Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), և, որ այն կստեղծի տարանցիկ երթուղի հարավային Հայաստանով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան, և այլն:
Ավելին, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի մյուս պահանջներին ևս՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարում, ՀՀ սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացում և դրանից Անկախության հռչակագրի հեռացում, «ռևանշիստական» տրամադրությունների բացառում, և այլն:
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ, այս Հռչակագիրը, այսպես ասած, իրավաբանորեն պարտադրանք իրենից չի ներկայացնում:
«Այս Հռչակագրում բազմաթիվ անհասկանալի, ավելի ճիշտ՝ անորոշ բաներ կան, բացի այն, որ, ընդհանուր առմամբ, այն հայ ժողովրդի և ՀՀ ազգային շահի տեսանկյունից բացասական է: Այստեղ անորոշություններ կան՝ հատկապես նշված ցանկությունների իրագործման առումով:
Օրինակ, Ալիևը հայտարարում է, որ չի ուզում այդ ճանապարհին իր քաղաքացին հանդիպի հայ սահմանապահի: Բազմաթիվ հարցեր կան, թե ինչպես է իրացվելու այդ ճանապարհով դեպի ավելի հարավ տեղաշարժը:
Գործիքակազմն անհասկանալի է, իսկ վերջին հաշվով, սա ծառայելու է պանթուրանիզմին և Ադրբեջանի շահին: ԱՄՆ-ը կարծես թե իմիջիայլոց է վերաբերում սրան, և Թրամփին հատուկ ձևով կարող է որոշ ժամանակ անց լրիվ այլ բան ասվի, կամ մատների արանքով նայեն այս ամեն ինչին, երկրորդ պլան մղեն, ու ճանապարհն ամբողջությամբ կանցնի ադրբեջանցիների և թուրքերի ձեռքը: Իսկ 99 տարով տալ մի տարածք, նշանակում է` կորցնել, որովհետև 99 տարում այնքան բան կարող են անել այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ թեև գործընթացում ներգրավված են Հայաստանը կամ ՀՀ իշխանությունները և Ադրբեջանն ու ԱՄՆ-ը, սակայն, այս ամենն առնչվում է նաև այլ երկրների, գերտերությունների, սակայն սրանք հակասում են իրենց ազգային անվտանգությանն ու ռազմավարությանը, և ինքը սպասում է արձագանքների՝ ոչ միայն խոսքի մակարդակում, այլ՝ նաև գործնականում:
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնում «ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ համատեղ սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։
Միաժամանակ Արթուր Եղիազարյանն ասաց, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը դատապարտված է տապալման, որտեղ 3 կողմն էլ` ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան, որոշակի ծուղակի մեջ են, ինչի մասին հետագայում կխոսվի:
«Այս ամենը գործնական հողի վրա բախվելու է լրջագույն խնդիրների»,- պարզաբանեց ռազմական վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ ՀՀ սահմանները՝ հայ-իրանական և հայ-թուրքական, նաև ՌԴ սահմանապահներն են հսկում:
Ամեն դեպքում, անդրադառնալով TRIPP անվանված երթուղուն, Արթուր Եղիազարյանը նկատեց, որ գործ ունենք բառախաղի հետ:
«Միջանցք, «Թրամփի ուղի», ինչ անուն ուզում են՝ դնեն, սա, կրկնում եմ, հայկական շահերին դեմ ծրագիր և մոտեցում է: Այստեղ մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ից սկսած, իրենց տարբեր բնույթի խնդիրներն են փորձում լուծել: Օրինակ, խոսում են, որ Թրամփը Նոբելյան մրցանակ է ուզում ստանալ` իբրև Մերձավոր Արևելքում, այս տարածաշրջանում խաղաղության ջատագով, բայց ավելի խորքային առումով, կրկնում եմ, ԱՄՆ-ը անտարբեր է: Նաև պիտի հասկանանք, որ Հռչակագիրը պայմանագիր չէ, այլ օդում մնացող ինչ-որ թուղթ է: Իսկ իրական խաղաղությունը ենթադրում է, որ երկու պետությունները պիտի շահեն, իրականում հայկական կողմը ոչինչ չի շահում՝ որպես պետություն: Սա այլ երկրների շահերի սպասարկման համար է, և ամենամեծ վտանգը, որ Թուրքիան «Զանգեզուրով» կկապվի Ադրբեջանի հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սրանով փորձելու են ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ Իրանին էլ, կարելի է ասել, հյուսիսից ևս մեկ շղթայով շրջապատել վերջնական: Որովհետև եթե նայենք Իրանի քարտեզին, բոլոր կողմերից շրջափակված է, ըստ էության, և Սև ծով դուրս գալու ճանապարհն Իրանի համար ՀՀ տարածքով էր, այստեղից ևս կփակվի»,- եզրափակեց ռազմական վերլուծաբան-պատմաբանը: