Բաժիններ՝

«Մեր տունը փոս է, ինչքան խելառ կա` հոս է». ալեքպոլյան պատմություններ և հուշարձաններ

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Գյումրին աչքի է ընկել իր պատմաճարտարապետական հուշարձաններով, հետաքրքիր ավանդույթներով և ավանդազրույցներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը՝ սկսելով Գյումրու պատմությունից, պատմական հուշարձաններից:

Նշենք, որ ֆեյսբուքյան «Ալեքպոլյան պատմություններ» խմբում բավական հետաքրքիր պատմություններ են ներկայացված հին Գյումրու պատմական նշանակության հուշարձանների, փողոցների և ավանդույթների վերաբերյալ:

Գյումրի

Կարդացեք նաև

Գյումրին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ: Այդ կապակցությամբ ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն ասել է. «Նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչև Իշկիկուլու երկիրը»: Նախկինում քաղաքն ունեցել է Կումայրի, այնուհետև՝ Ալեքսանդրապոլ, Լենինական անվանումը:

«Սև» և «Կարմիր» բերդեր

«Սև» բերդը, որն այժմ պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին, մեծամասամբ ծառայում է՝ որպես համերգային սրահ:

Ցարական ժամանակաշրջանում կառուցված բերդն աչքի է ընկնում յուրօրինակ պատմաճարտարապետական ոճով: Այն կառուցվել է Նիկոլայ I-ի օրոք՝ 1837 թվականին՝ Ալեքսանդրապոլը վերածելով բերդ-ամրոցի: Բերդի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո, որին գումարվեցին նաև ռուս-թուրքական պատերազմները: «Սև» բերդը, որը որոշակիորեն նման է ֆրանսիական «Ֆորդ Բոյար» ծովային ամրոցին, մեր տարածաշրջանում եզակի պատմաճարտարապետական հուշարձան է հանդիսանում:

«Կարմիր» բերդը, որի շինարարությունն ավարտվել է 1864 թվականին, որպես ռազմական ամրոց՝ պատկանում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային: Այն հանդիսանում է զենքի պահեստ: Ռազմական և պաշտպանական նշանակության այս ամրոցը, սակայն, ոչ մի պատերազմի ժամանակ չի օգտագործվել:

Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի

Սա «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու լուսանկարն է, որն արվել էր 1878 թվականին լուսանկարիչ Դմիտրի Նիկիտինի կողմից՝ տեղ գտնելով «Ալեքսանդրապոլի ջոկատի ալբոմ» ժողովածուում:

Եկեղեցու ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է եղել: Այն կառուցվել է 1859-1873 թվականներին՝ Գյումրու բնակչության հանգանակությունների շնորհիվ։ Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին:
«Մշակ» թերթ. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչև հիմա 80.000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»։

Եկեղեցին դիմացել է 1926 թվականի երկրաշարժին: Սակայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ «Սուրբ Ամենափրկիչն» ավերվել է, այնուհետև՝ լիովին վերանորոգվել: Խորհրդային իշխանությունները փորձել են 1932 թվականի քանդել եկեղեցու զանգակատունը տանկերով, հետո պայթեցրել այն։ Սակայն 1964 թվականին Գյումրու գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է եկեղեցու զանգակատունը:

Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցում, որը վերափոխվել էր համերգային դահլիճի, ելույթ է ունեցել «հայկական սոխակը»՝ Գոհար Գասպարյանը:
Հնչել են Մոցարտի, Բախի և Կոմիտասի անզուգական ստեղծագործությունները:

Գյումրու Ռուսթավելի փողոց

Ազգագրագետ Անդրանիկ Շահինյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ փողոցը վրաց էպոսագետ Շոթա Ռուսթավելու անունով է կոչվել, ում մասին հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում հայտնի գրող Հովհաննես Թումանյանը:

«Եթե փողոցին անդրադառնանք, ապա այն հայտնի է եղել Այհայի դար անվանումով: Դա կապված է մի ավանդազրույցի հետ, որի մասին մեզ պատմում են տարեց մարդիկ: Ինչպես գիտենք, Գյումրիում տարածված է եղել, երբ տղամարդն անցնելիս է եղել, կինը պետք է անպայման ոտքի կանգնի և գլուխ խոնարհի: Այդպես էլ եղել է այս պարագայում:

Տիրատուրենց ազգից Խաչատուր անունով մեկն անցնելիս է եղել, և մի օր անցնելիս, բոլորը կանգնում են, բացի մի կնոջից: Այս մարդը բացականչական արտահայտություն է անում՝ այ Հայհա՜յ, էս դու ո՞ւմ կինն ես, որ ոտքի չես կանգնում, դրանից հետո փողոցի անվանումը տարածվել է Այհայի դար անունով: Ընդհանրապես, երբ նայում ենք փողոցին վերևից ներքև, այն բավական նման է դարի: Դրանից հետո փողոցը հայտնի է դարձել վրաց էպոսագետ Շոթա Ռուսթավելիի անվանումով, ով շատ լավ ներկայացնում է վրացական կոլորիտն ու մշակույթը»,- նշեց Անդրանիկ Շահինյանը:

Հարցին՝ արդյոք արժե՞ր պահպանել փողոցի հին սալաքարերը, չէ՞ որ դրանք պատմական նշանակություն ունեին, մեր զրուցակցը պատասխանեց.

«Յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է: Յուրաքանչյուր պահպանված բան ունի զբոսաշրջությունը զարգացնելու նշանակություն: Քաղաքապետարանի, վարչապետի կատարած աշխատանքի մեջ այդ ամենը զգացվում է, քանի որ պատմամշակութային արժեքների պահպանումն ունի նաև տուրիզմը զարգացնելու միտումներ: Կոլորիտային տեսարանները, հինը նորից առաջ բերելը հաստատ ձգելու է բոլորին, նաև այստեղ ապրողներին, շրջագայողներին»:

Ազգագրագետն անդրադարձավ նաև ղայֆախանեին, որոնք շատ գեղեցիկ ներկայացվում էին Ռուսթավելի փողոցի տաղավարներում:

«Այս փողոցում է դա եղել, որտեղ մարդկանց հյուրասիրում էին այրված գարուց պատրաստված սուրճ և տարբեր տեսակի բույսերից պատրաստված թեյեր: Գյումրին այն քաղաքն է, որը դրսի ժողովրդին ներկայացնելու շատ բաներ ունի»:

Մեզ հատկապես հետաքրքրեց փողոցի հետ կապվող Զնգոյի մասին պատմությունը, որն «Ալեքպոլյան պատմություններ» խմբում բավական հետաքրքիր ձևով էր ներկայացված:

«Գաղտնի պատմությունների փողոցը։ Այս փողոցում է ապրել Զնգոն, որը տատմեր էր։ Պատմում են, որ Զնգոյի մոտ են եկել այն կանայք, որոնք ուզում էին ընդհատել հղիությունը։ Մի անգամ մի կին է եկել, փող չունենալու պատճառով՝ իր կապույտ մատանին է տվել Զնգոյին։ Զնգոն այդ մատանին տվել է իր սիրեցյալներից մեկին։ Տիրատուրենց Մարգարի ղայֆախանում այդ կնոջ ամուսինը տեսնում է իր կնոջ մատանին ինչ-որ մեկի մատին, հարցնում է, թե սա ո՞ւմ մատանին է, տղամարդն ասում է՝ կնոջդ մատանին է, ինքն էր նվեր տվել, բայց չի ասում, թե ինչ ճանապարհով է իրեն հասել։

Այս մարդը՝ Ավդալենց Թաթոսը, գալիս է տուն, կնոջը սպանում է, իսկ տարիներ անց, երբ իմանում է ողջ ճշմարտությունը, մեղքի զգացում է ունենում, գնում է Արշակ Բրուտյանի մոտ, պատվիրում է, որ իրեն նկարի, նկարվում է, ու ինքն իրեն կախում է։ Սա իրական պատմություն է, վավերագիրը «Կումայրի» արգելոց- թանգարանում պահպանվող Արշակ Բրուտյանի կողմից նկարված Ավդալենց Թաթոսի յուղաներկ-դիմանկարն է։ Այդ դիմանկարում նա մեղքից թմրած հայացքով է։ Առ այսօր էլ Գյումրին հիշում է այդ պատմությունը, կա «Զնգոյի վարտիք» արտահայտությունը, այսինքն՝ Զնգոն բոլորի տունը գնում էր, բոլորի կյանքի պատմություններին տեղյակ էր»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գնած «Ջրահարս» ռեստորանի պատմությունը, «Պոլոզ Մուկուչ» պանդոկի մասին

 «Ջրահարս» ռեստորանը նախշազարդ պատուհաններ ու դռներ է ունեցել։ Ռեստորանը տուժել է 1926 թվականի երկրաշարժից, որից հետո իրականացվել են վերականգնման աշխատանքներ: Յուրօրինակ փայտե դռներն արհեստի «Արթ նովո» ոճին են պատկանում։

Ռեստորանի հարևանությամբ է գտնվում «Պոլոզ Մուկուչ» պանդոկը, ոը 1860-1880 թվականներին է վերակառուցվել՝ անվանվելով գյումրեցի զվարճաբան Պոլոզ Մուկուչի անումով: Նրա օգնական Ծիտրո Ալեքը ևս բավական կատակասեր էր:

Գյումրու Ջիվանու փողոցի վրա է գտնվում նաև Ծաղիկյանների գարեջրի գործարանը, որի առաջին հարկը, նաև նկուղները նույն կերպ պահպանվել են: Այն նրբաճաշակ, գեղեցիկ ոճով վերակառուցված շենքերից է։

Գործարանի վերականգնման, ինչպես նաև «Կումայրի» արգելոցի, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանի, Ձիթողցյանների տան, Մանկական ստեղծագործության կենտրոնի, Տիկնիկային թատրոնի վերականգնման նախագծերի համահեղինակը եղել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը:

Լենինականի 16 հարկանի շենք

Գտնվել է ներկայիս Ալեք Մանուկյան և Ջիվանի փողոցների խաչմերուկում՝ 50-ամյակի կամրջի կողքին:

Հայտնի լեննականցիների կենսագրություններ

 Ալեքսանդրապոլ, 1906 թվականի լուսանկարում պատկերված է Սիմոն Թոփչյանը՝ իր ծնողների՝ Գևորգ Կարապետի Թոփչյանի և Մարիամ Թոփչյանի հետ։ Գևորգ Թոփչյանը կոշկակարների համքարության ղեկավարն էր։ Նրանք ապրում էին Ալեքսանդրապոլ քաղաքի Ալեքսանդրովսկի փողոցում։

1906 թվականին Ձորի Մայլում մեծ ջրհեղեղից հետո երեք եղբայրներից փրկվել է միայն Սիմոն Թոփչյանը։ Սիմոն Թոփչյանը դարձել է Լենինականում ստեղծված Հայաստանի առաջին սպորտ դպրոցի տնօրենը, Հայաստանի սպորտ կոմիտեի անդամ և Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ։

Պոլոզ Մուկուչ, երգիծաբան

Պոլոզ Մուկուչը՝ Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը, ծնվել է 1891 թվականի հունվարի 7-ին, Գյումրիում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր գտնվում: Մկրտչին բարձրահասակ լինելու պատճառով՝ «Պոլոզ» էին անվանում:
Պոլոզ Մուկուչը հագնվում էր բնիկ գյումրեցու ոճով՝ լաստիկ կտորից արխալուղ, թափովի շալվար, կրում էր կաստոր կտորից գլխարկ՝ շափխա, փափուկ կաշվից կոշիկներ: Մկրտիչը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում, փոդրաթչի էր՝ պատվիրատու:

Պոլոզ Մուկուչն իր ձիասայլով հայտնվելով քաղաքի տարբեր հատվածներում՝ մարդկանց միրգ հյուրասիրելուց բացի, կատակներ էր պատմում:

Մհեր Մկրտչյան

 Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը՝ ծագումով մշեցի, իսկ մայրը վանեցի էր։ Գյումրու նկարչական և երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Թատրոնում մեծ վարպետությամբ խաղացել է մեծ և փոքր դերեր։ 1956 թվականին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է «Այբոլիտ-66», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ունայնություն ունայնության», «Ալի Բաբան և քառասուն ավազակները» և այլ ֆիլմերում, ինչի շնորհիվ համաշխարհային հռչակ է վայելել: Դերասանը մահացել է 1993 թվականին:

 Ընթերցողին ենք ներկայացնում գյումրեցիների կենցաղի վերաբերյալ «Ալեքպոլյան պատմություններ» խմբի մի գրառում

Ուշագրավ է Ռուբեն Մխիթարյանի հեղինակած գրառումը. «Մեր տունը փոս է, ինչքան խելառ կա` հոս է: Մեր տունը 120 տարվա ընթացքում շատ անուններ է ունեցել: Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Կումայրի, Գյումրի: Սակայն մեր տան սերունդները իրենց բաժանում են երկու ժամանակաշրջանի` գյումրեցիների ժամանակաշրջան և լեննականցիների: Պապս բնիկ գյումրեցի էր, չնայած կյանքի մեծ մասն ապրեց Լեննականում: Ես բնիկ լեննականցի եմ, չնայած կյանքիս մեծ մասը ապրել եմ Գյումրիում:

Լեննականում ապրող գյումրեցիների մեջ խելառները շատ էին: Ավելի շուտ «սայլուկները»: Հենց «սայլուկ» բառն է «խելառ» բառի հոմանիշը գյումրվա-լեննականյան բարբառում: Սակայն պետք է մի փոքրիկ ճշտում մտցնել: «Սայլուկը» «խելառի» փաղաքշական ձևն է: Օրինակ` եթե մեկը իր մեքենան խփում է ուրիշի մեքենային, ասում են, որ նա «խելառ» է: Իսկ եթե նա մեքենան խփում է ուրիշի մեքենային, որովհետև ղեկը փախցնում է, որ փողոցը սխալ տեղից անցնող երեխային տակը չգցի` ասում են, որ նա «սայլուկ» է:

«Խելառները» պապայի փողերով ինստիտուտ կընդունվին, իսկ «սայլուկները» դուրս կմնան ու բանակ կերթան: «Խելառները» գոլդ համարներով խախտում կենեն, իսկ «սայլուկները» պարտաճանաչ սաղ ակտերը կմուծեն: «Խելառները» կաշխատին խելոք օջախից իրանց տղու համար աղջիկ ուզեն, իսկ «սայլուկները» հետո էդ աղջկան ու իրա էրեխուն կպահեն: «Խելառները» իրանց գերդաստանին կհավաքեն ու կերթան Եվրոպա հանձնվելու, իսկ «սայլուկները» Մոսկվայից տուն կզանգեն ու տոմսի փող գուզեն, օր կռնանան վերադառնալ:

Կամ Գյումրիում ապրող լեննականցի կամ Լեննականում ապրող գյումրեցի: Մի խոսքով` կամ մեկը, կամ մյուսը: Սակայն այս բառերից շատ բան է կախված իմ տան նիստն ու կացը հասկանալու համար, քանզի երկաշարժից հետո «խելառները» փրկվեցին, իսկ «սայլուկները» մինչև հիմա շարունակում են այնտեղ ապրել:

Գյումրին միշտ համարվել է արվեստների և արհեստների քաղաք: Այստեղ արհեստը միշտ հասել է արվեստի աստիճանի, այլ ոչ թե հակառակը` արվեստը արհեստի աստիճանի: Չփորձելով նսեմացնել այս երկու բառերի նշանակությունն ու իմաստը, միայն ասեմ, որ յուրաքանչյուր բնագավառում աշխատող գյումրեցի մասնագետը փորձել է այդ բնագավառը դարձնել մի առանձին արվեստի տեսակ, չնայած այդ բնագավառի ի սկզբանե արհեստ լինելուն: Բերեմ մի քանի օրինակ:

Գյումրեցի հաշվապահն իրեն համարում է «նկարիչ», քանի որ եռամսյա հաշվետվությունները հանձնելու ժամանակ այնպիսի թվեր է «նկարում» հայտարարագրերում, որ ողջ հարկային տեսչությունը ժամերով ապշած նայում է այդ թվերին և աչքերին չի հավատում:

Գյումրեցի հարկայինի տեսուչը իրեն համարում է «քանդակագործ», քանի որ բյուջեն լցնելու համար նա պատրաստ է «քամել» նույնիսկ քարը և ստանալ քարից այն, ինչ ուզում է, ինչը երբեք չի կարող ստանալ ոչ մի հանճարեղ քանդակագործ:

Գյումրեցի քրեականի քննիչը իրեն համարում է «բանաստեղծ», քանի որ ցանկացած չնչին «բանից» կարող է «ստեղծել» «Մատյան ողբերգություն»:

Գյումրեցի ոստիկանը իրեն համարում է «գրող», չնայած ժողովրդի մեծ մասը նրան համարում է «գրող ու սև ցավ» միասին վերցրած:

Գյումրեցի մաքսատան աշխատողն իրեն համարում է «բալեթմեյսթր», քանի որ մաքսատունը անցնելու համար յուրաքանչյուրը պատրաստ է նրանց դիմաց պարել բոլոր պարերը, նույնիսկ «Սարի սմբուլը»»:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը
Ռուսթավելի փողոցի հին լուսանկարը՝ newmag.am կայքի
Ռուսթավելի փողոցի հաջորդ լուսանկարը՝ Գուրգեն Գինոսյանի
Լուսանկարները՝ «Ալեքպոլյան պատմություններ» խմբի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031