
«Համաշխարհային աճերից» հետո տնտեսությունը խորտակվում է

Որքան նվազում է արտաքին ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, այնքան ակնհայտ է դառնում նախորդ շրջանի բարձր տնտեսական աճերի դատարկությունն ու մեր տնտեսության անմխիթար վիճակը։ Պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, թե այդքան փառաբանված «համաշխարհային» մակարդակի աճերից հետո՝ ինչպիսի խայտառակ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը։
Տարեսկզբի երկու ամիսներին արդյունաբերության անկումը հասել է գրեթե 20 տոկոսի։
Հունվարին, նախորդ տարվա համեմատ, անկումը 10,4 տոկոս էր, փետրվարին՝ գրեթե 27 տոկոս։
Սա առաջին հերթին՝ ոլորտի ցուցանիշները կեղծելու հետևանք է։ Անցած տարի չեղած տեղից բարձր աճեր էին նկարում արդյունաբերության մեջ։ Ռուսական ոսկին բերում էին ու հայկական արտադրության անվան տակ՝ որպես սեփական արդյունաբերական ապրանք, արտահանում էին այլ երկրներ։
Դրա շնորհիվ, չեղած արտադրությունների հաշվին, արդյունաբերության բարձր աճեր էին գրանցում ու ներկայացնում՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Փուչիկ էին փչում, որը, ինչպես սպասվում էր, կարճ ժամանակ անց պայթեց։ Եվ այդ պայթյունի հետևանքները տեսնում ենք այս տարվա արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա։
Անկումն աննախադեպ է։ Արհեստական աճերից հետո, արդյունաբերությունը գահավիժել է։
Անցած տարի, երբ մասնագետները խոսում էին ոլորտի կեղծ աճերի մասին, իշխանություններն արդարանում էին, թե արտադրական նոր հզորություններ են գործարկվել, եղած արտադրությունների ծավալներն են ավելացել, դրանց հաշվին էլ տեղի են ունենում բարձր աճերը։ Այս տարվա երկնիշ անկումներն արդյունաբերության մեջ եկան ապացուցելու, որ ոչինչ էլ չեն ստեղծել, ոչ մի հզորություն էլ չեն ավելացրել։ Ընդամենը պատրանք են ստեղծել, ռուսական ոսկին Հայաստանով պտտեցրել ու հայկականի անվան տակ արտահանել են՝ ճոխացնելով՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ տնտեսության ու արտաքին առևտրի ցուցանիշները։
Այս ամենի հետևում՝ բացահայտ կամ թաքուն, ըստ ամենատարբեր չհերքվող տեղեկությունների, կանգնած է եղել հայտնի ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի բիզնեսն իշխանափոխությունից հետո համատարած ծաղկում է։ Անընդհատ նոր ոլորտներ են հայտնվում իշխանությանը սերտաճած այս ընտանիքի բիզնես կայսրությունում։ Ռուսական ոսկու վերաարտահանումները, դրանք հայկական արտադրության անվան տակ ներկայացնելը, Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճերի ու ակտիվ զարգացումների տպավորություն ստեղծելն էլ դրա արտահայտություններից մեկն է եղել։
Տարօրինակ չէ, որ այս ամենի մեջ սեփական բիզնես շահերն առաջ մղող ՔՊ-ական գործարար պատգամավորը ժամանակ առ ժամանակ գովեստներ է ձոնում իշխանության իրականացրած տնտեսական քաղաքականության, արձանագրված՝ նախադեպը չունեցող, հաջողությունների ու ձեռբերումների մասին։
Ահա, թե ինչպիսին են այդ հաջողություններն ու ձեռքբերումները։ Ավազի վրա աճի բուրգ են կառուցել, որ նույնքան արագ փլվում է։ Բայց դա միայն արդյունաբերությանը չի վերաբերում։ Նույնը տեղի է ունենում նաև արտաքին առևտրում։
Վերաարտահանումների, նաև ոսկու վերաարտահանումների վրա հիմնված արտաքին առևտրի այն հսկայական շարժերը, որոնք իշխանությունները փորձում էին մատուցել՝ որպես մեծագույն ձեռքբերում ու դիվերսիֆիկացիա, նույնպես կտրուկ նահանջել են։ Տարեսկզբին առաջին 2 ամիսներին արտաքին առևտրի շրջանառությունը 52 տոկոսով կրճատվել է։
Հունվարին անկումը 40 տոկոս էր, արդեն փետրվարին հասել է 61 տոկոսի։
Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանման կրճատումը շատ ավելի կտրուկ է. հունվարին, նախորդ տարվա համեմատ, գրեթե կիսով չափ պակաս արտահանում էր իրականացվել։ Արդեն փետրվարին արտահանման անկումը կազմեց շուրջ 68 տոկոս՝ ավելի քան մեկ երրորդով կրճատվեց։
Տարեսկզբի առաջին 2 ամիսներին արտահանումը Հայաստանից 60 տոկոսով նվազել է։ Ընդամենը 413 մլրդ դրամի ապրանքներ են դուրս եկել երկրից։ Դրանց մի մասն էլի վերաարտահանումներն են, որոնք որոշ ապրանքների, մասնավորապես՝ էլեկտրոնիկայի ու տեխնիկայի տեսքով, շարունակում են Հայաստանի միջոցով մտնել ռուսական շուկա։ Եթե դա էլ չլիներ, արտահանման գահավիժումը շատ ավելի մեծ չափերի կհասներ։
Տարեսկզբին ոչ պակաս կտրուկ կրճատվել է նաև ներմուծումը։ Հունվարին անկումն ավելի քան 33 տոկոս էր, փետրվարին գերազանցեց 55 տոկոսը։
Երկու ամսում ներմուծումները Հայաստան կրճատվել են գրեթե 46 տոկոսով։
Վերաարտահանումների վրա հիմնված արտահանման ու ներմուծումների նախորդ տարիների կրկնակի-եռակի աճերը, որոնք էական դեր էին կատարում՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ տնտեսական բարձր աճերի ձևավորման գործում, անցել են հուշերի գիրկը։ Անցյալում են մնացել նաև դրանց վրա հիմնված առևտրի ու տնտեսության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ իշխանությունների հյուսած միֆերը։
Հայաստանի տնտեսության հույսը մնացել է շինարարությունը, ծառայություններն ու ներքին առևտուրը։
Չնայած ներքին առևտրի աճի տեմպերն էլ են թուլացել։ Նախորդ տարվա հունվար-փետրվարին առևտրի աճն անցնում էր 24 տոկոսից, այս տարի աճի տեմպը 3 անգամով կրճատվել է և կազմել ընդամենը 7,8 տոկոս։
Բայց եթե նույնիսկ ավելի բարձր լիներ, ոչինչ չէր կարող տալ մեր տնտեսությանը։ Առևտրով ու ծառայություններով տնտեսություն չեն զարգացնում, որքան էլ դրանց արդյունքում երբեմն կարող են բարձր տնտեսական աճեր գրանցվել։
Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ փետրվարին տնտեսական ակտիվության մակարդակը գտնվել է հնարավորինս ցածր մակարդակում։ Աճը կազմել է հազիվ 1,5 տոկոս՝ գերազանցապես շինարարության, ծառայությունների ու ներքին առևտրի հաշվին։ Նախորդ ամսվա համեմատ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը գրեթե 5 անգամով կրճատվել է։ Առաջիկայում մինչև ուր կհասնի, մեծապես կախված կլինի արտաքին միջավայրից թելադրված զարգացումներից, որոնց ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա գնալով թուլանում են՝ խորտակելով աճի փուչիկներով հասարակությանը շարունակ մոլորեցնելու՝ իշխանությունների հույսերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ