Բաժիններ՝

Ճշմարտության որոնումներում

Իմաստունը հայտնվեց երկնքում և հանդիպեց հրեշտակին:

– Երկրային կյանքդ ինչպե՞ս ապրեցիր,- հարցրեց հրեշտակը:

– Շարունակ ճշմարտության որոնումների մեջ էի,- պատասխանեց իմաստունը:

– Հրաշալի՜ է: Իսկ ի՞նչ էիր անում ճշմարտությունը գտնելու և այն տեսնելու համար:

– Մարդիկ իմաստությունը կուտակում էին և գրի առնում գրքերում, ուստի, ես շատ էի կարդում,- պատասխանեց իմաստունը:

Հրեշտակը ժպտաց:

– Երկնային իմաստությունը կրոնի միջոցով է փոխանցվում մարդկանց, այդ պատճառով ուսումնասիրում էի սուրբ գրերն, ու տաճարներ այցելում:

Հրեշտակի ժպիտն ավելի լուսավոր դարձավ:

– Ես ճանապարհորդում էի, զրուցում և բանավիճում այլ իմաստունների հետ, և մեր վեճերի ընթացքում ծնվում էր ճշմարտությունը:

Իմաստունը լռեց, իսկ հրեշտակի ժպիտը չքացավ…

– Ինչ-որ բան սխալ ե՞մ արել,- զարմանքով հարցրեց իմաստունը:

– Ճիշտ ես արել, սակայն ոչինչ չպատմեցիր սիրո մասին,- պատասխանեց հրեշտակը:

– Սիրո համար ամենևին ժամանակ չեմ ունեցել, քանի որ ճշմարտությունն էի փնտրում,- հպարտությամբ ասաց իմաստունը:

– Որտեղ սեր չկա, ճշմարտություն էլ չկա: Խորունկ ճշմարտությունը միայն խորունկ սիրուց է ծնվում,- տխրությամբ պատասխանեց հրեշտակն ու անհետացավ…

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս