«Եթե հայցերը հետ ենք վերցնում, հետո ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ եկեք մեր իրավունքները պաշտպանե՞ք». Նազելի Վարդանյան

Մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հաստատել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն ավարտվել են և համաձայնեցվել են բոլոր 17 կետերը։ Մինչ այդ, երկու երկրների իշխանությունները տարբեր մակարդակներով հայտարարում էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս 2 կետերի շուրջ, ըստ այդմ էլ, երկուստեք բազմաթիվ առաջարկներ էին փոխանցում միմյանց։

Այդ 2 կետերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ներկայացուցիչներին հետ քաշելուն և միջազգային ատյաններից երկկողմանի հայցերը հետ վերցնելուն, ինչը ենթադրում է, որ պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը և Ադրբեջանը միջազգային բոլոր գանգատները պետք է հետ վերցնեն։

Իրավապաշտպան Նազելի Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի կողմից սխալ քայլ կլինի հայցերը հետ վերցնելը։

«Իրավունքից չի կարելի հրաժարվել, եթե հրաժարվում ես իրավունքից, ապա որևէ բան հնարավոր չէ վերականգնել։ Մարդու կյանքը ևս վերականգնել հնարավոր չէ, թե չէ  կորցրած հողերն էլ, տներն էլ հնարավոր է վերականգնել, եթե չենք հրաժարվում իրավունքից։ Հիմա մենք այդ ճանապարհով ենք գնում, որ ինքներս հրաժարվում ենք մեր իրավունքներից։

Կարդացեք նաև

Ուրիշ բան, որ զրկեն, սերունդները կգան ու կվերականգնեն։ Հիմա մեր հայցերը իրավունքի հաստատման հարց է, նույնը, որ ես Գուրգեն Մարգարյանի գործով դիմեցի Եվրոպական դատարան և 2020 թվականին վճիռ ունեցա, հիմա չգիտեմ՝ այն կկատարե՞ն, թե՞ ոչ, բայց մենք հաստատեցինք մեր իրավունքը։ Գուցե այսօր իշխանությունը չգնա դրա հետևից, բայց արդեն ունենք վճիռը, որ Ադրբեջանը թույլ է տվել կյանքի իրավունքի խախտում և էթնիկ խտրականություն։ Նկատի ունեմ, որ անկախ իրավիճակից՝ այս ամենը իրավունքի հաստատում է և շատ կարևոր է»,- 168.am հետ զրույցում նշեց Նազելի Վարդանյանը։

Իրավապաշտպանը նկատեց՝ չգիտես՝ ինչու, միշտ խառնաշփոթի ժամանակ Հայաստանն «ընկնում է ոտքի տակ» ու կորցնում է իր իրավունքները, ուստի հիմա գոնե իրավական պրոցեսներում կայուն պետք է լինի։

«Եթե հիմա մենք հայցերը հետ ենք վերցնում, հետո ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ եկեք, մեր իրավունքները պաշտպանե՞ք, մեզ այդ դեպքում ո՛չ հարգելու են, ո՛չ պաշտպանելու։ Մենք մեր երեխաներին, հետագա սերունդներին ենք շատ բաներից զրկելու։ Այդ իրավական գործընթաքցը կարևոր էր, եթե սկսել էին, պիտի ավարտեին, ընդ որում՝ մեր դիրքերն այստեղ ամուր էին, քանի որ Ադրբեջանի բոլոր հակընդդեմ հայցերը մերժվել են։ Հիմա մենք ի՞նչ ենք անում, ինքներս մեզ թուլացնում ենք, հրաժարվում ենք մեր իրավունքներից։ Իհարկե, մանրամասներին տեղյակ չեմ ու տեղյակ լինելու դեպքում էլ իրավունք չունեմ բարձրաձայնելու, բայց մենք Ադրբեջանին հնարավորութուն ենք տալիս, որպեսզի կրկին պահանջներ դնի ու փաստաթուղթ չստորագրի։ Թեպետ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չենք եղել, ի՞նչ են ստորագրում, ինքս էլ չեմ հասկանում»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա նաև անթույլատրելի է համարում իշխանության հայտարարությունը, թե՝ «պայմանագիրը ստորագրելուց հետո ժողովուրդը կիմանա՝ ինչ են ստորագրել», միչդեռ ժողովուրդը պետք է տեղեկանա, թե ինչ է ստորագրվում։ Որևէ մեկն իրավասու չէ մի ողջ ազգի ճակատագիր որոշել, քանի որ բոլորի համար հայրենիքը Հայաստանն է։

«Ինքս հայցերը ետ չէի վերցնի, Եղիշե Կիրակոսյանը պետք է ամեն ինչ աներ դրա համար, նախապես բարձրաձայներ։ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր, ավելի մեծ հայց է ներկայացնելու, որտեղ մենք պարտվելու ենք, դա լինելու է, որովհետև տպավորություն է, որ մեր բոլոր քայլերը մեր դեմ են ուղղված։ Ադրբեջանն արդեն իսկ բնապահպանական հայցեր է պատրաստել, պետք է հեռուն նայել։ ՀՀ ցանկացած իշխանություն պետք է մտածի, թե իրենից հետո իր երեխաներին, թոռներին ինչ է թողնելու»,- ընդգծեց Նազելի Վարդանյան։

Տեսանյութեր

Լրահոս