
Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը մենահամերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում

Ճանաչված դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը (ֆրանսիա) բացառիկ մենահամերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում։ Համերգներն իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ապրիլի 3-ին Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ կունենա Գյումրու կամերային դահլիճում։
Ապրիլի 5-ին դաշնակահարը կհյուրընկալվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Ժերար Գասպարյանի ստեղծագործություններից։ Կատարումներից շատերը ներառված են Ժան-Պոլ Գասպարյանի նոր ձայնասկավառակում, որն ամբողջովին նվիրված է հայկական երաժշտությանը։ Այս ալբոմը պարգևատրվել է Diapason d’or շքանշանով, և ստացել միջազգային մամուլի բուռն դրական արձագանքը (“A Musician Of Huge Imagination“ – Gramophone):
Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը ծնվել է 1995 թվականին Փարիզում։ Սովորել է Փարիզի ազգային կոնսերվատորիայում, մասնակցել է Էլիսո Վիրսալաձեի և Տատյանա Զելիկմանի վարպետության դասերին։ 2010-ին ուսանել է Զալցբուրգի ակադեմիայում, 2014-ին՝ Վերբիերի ակադեմիայում։ 2018-ին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը՝ Վանեսա Լատարշի դասարանում։
Դաշնակահարը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է․ 2014-ին Բրեմենում անցկացված մրցույթի հաղթողն է, Խոսե Իտուրբի անվան մրցույթի չորրորդ, ինչպես նաև ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարող (2015), Լիոնի և Հասթինգսի միջազգային երաժշտական մրցույթների երրորդ մրցանակակիր (2013), Ռուբինշտեյնի և Գեզա Անդա մրցույթների կիսաեզրափակչի մասնակից և Դյորդ Ցիֆրայի հիմնադրամի մրցանակակիր (2015)։ Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ է ունեցել Ազգային Իլ դը Ֆրանս նվագախմբի, Բրեմենի ֆիլհարմոնիկի, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիայի, Musikkolegium Winterthur-ի, Սերբիայի հեռուստառադիո նվագախմբի, Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի, Կաննի նվագախմբերի հետ՝ կատարելով Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները:
Մենահամերգներով հանդես է եկել այնպիսի փառատոներին, ինչպիսիք են Festival de la Roque d’Anthéron, Nohant Festival Chopin, Piano aux Jacobins, Flâneries de Reims , Printemps des Arts de Monte-Carlo, Festival Radio-France de Montpellier, Festival de Menton, Schleswig-Holstein Festival, Sommets Musicaux de Gstaad-ը՝ ելույթ ունենալով Զալբուրգի Մոցարտեում, Բրեմենի Գլոք, Բելգրադի Կոլարաչ, Ցյուրիխի Տոնհալլե, Համբուրգի Լայցհալլե, Փարիզի Գավո և այլ հեղինակավոր համերգասրահներում:
Իր կատարմամբ Շումանի երկրորդ սոնատը Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի հետ ընդգրկվել է Նոանի փառատոնի առաջին սկավառակում, իսկ ֆրանսիական հեղինակավոր Classica ամսագիրը նրան ընդգրկել է 10 ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարների ցանկում:
2018-ին նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2019-ին Évidence Classics ապրանքանշանը թողարկել է Ժան-Պոլ Գասպարյանի կատարմամբ Շոպենի բոլոր մենանվագ ստեղծագործությունների ձայնասկավառակը: 2020-ի փետրվարին Գշտադի փառատոնի (Շվեյցարիա) շրջանակներում արժանացել է Թիերի Շերցի մրցանակին՝ լավագույն մենահամերգի համար և առաջարկ ստացել Claves ապրանքանշանի ներքո ձայնագրվելու նվագախմբի հետ: