
«Եկե՛ք շուկաներ, առևտրի կենտրոններ, տեսեք՝ ինչ է կատարվում, շատ տաղավարներ փակվում են». Տնտեսվարող

Ապրիլի 14-ին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի մեծ ակցիա կիրականացնեն Կառավարության շենքի մոտ. նրանց պահանջը կրկին նույնն է լինելու՝ վերացնել շրջանառության հարկը բարձրացնելու մասին Կառավարության որոշումը, թույլ տալ իրենց մնալ Հայաստանում ու աշխատել։
Կառավարության որոշմամբ հունվարի 1-ից շրջանառության հարկը կրկնակի բարձրացել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս, որի պատճառով շատ տնտեսվարողներ արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը։ Տնտեսվարողների համար իշխանության հայտարարությունը, թե այդ որոշումը հետաձգվել է, զուտ ծուղակ է, քանի որ այն որևէ կերպ չի հետաձգվել։
Տնտեսվարող Կարինե Գևորգյանի կարծիքով՝ առանց լուրջ դիմադրության և բողոքի ալիքի, հնարավոր չէ իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել, քանի որ փոքր և միջին բիզնեսն այս պայմաններում ուղղակի ոչնչացվում է։
«Եկե՛ք շուկաներ, առևտրի կենտրոններ, տեսեք, թե ինչ է կատարվում, շատ տաղավարներ փակվում են, խանութների մի մասի վրա էլ գրված է՝ «տրվում է վարձով», օր օրի այս ամենը շատանում է։ Սակայն մենք չենք պատրաստվում այս ամենն այսպես թողնել, ապրիլի 14-ին կրկին բողոքի ակցիա ենք անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Գևորգյանը և ընդգծեց՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպումն իրենց որևէ բան չտվեց։
Ըստ մեր զրուցակցի՝ բոլոր խնդիրները ևս մեկ անգամ հայտարարագրել ու ներկայացրել են Պապոյանին, նա էր այդպես ցանկացել, Պապոյանն էլ խոստացել էր, թե հանդիպում կնշանակի, բայց խոստումը չի կատարել։
«Հարմարվելու ու աշխատելու հնարավորություն չկա, բոլոր հնարավորություններից մեզ զրկել են։ Այս ամենն իրենից վտանգ է ներկայացնում, որոշողը դա մեկ հոգի է, ու մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նա էլ մեզ չի ընդունում, եթե ինքն իր երկրի քաղաքացու մասին մտածեր՝ կընդուներ։ Երևի պիտի սպասենք, մինչև գնա»,- շեշտեց Կարինե Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ Կառավարության այս որոշման նպատակն այն է, որ բիզնեսը խոշորացնի ու դարձնի մենաշնորհ՝ ոչնչացնի փոքր ու միջին բիզնեսը, որը Հայաստանի տնտեսության համար մեծ նշանակություն ունի՝ իր վճարած հարկերի համար։
«Մենք հարկ ենք վճարում, աղքատության շեմը չենք թողնում բարձրանա, մեր ընտանիքը պահում ենք, դրա հետ էլ օգնում նաև այլ ընտանիքների՝ վճարած հարկով։
Սպասենք ապրիլի 14-ին»,- ընդգծեց Կարինե Գևորգյանը։