
Ինչի՞ է սպասում ՍԴ-ն. 3 տարի քննվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության գործի քննությունը կվերսկսվի հերթական անգամ

Երեք տարի առաջ՝ 2025թ. փետրվարի 25-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ քննության ընդունվեց ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործով զեկուցող նշանակվեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված էր Ազգային ժողովը:
Ապրիլի 1-ին Արման Դիլանյանը որոշեց ԱԺ-ին լրացուցիչ ժամանակ տալ:
Մայիսի 3-ին գործի դատաքննությունը հետաձգվեց ու նշանակվեց հունիսի 10-ին:
Հունիսի 8-ին գործի դատաքննությունը հետաձգվեց ևս մեկ անգամ՝ նշանակվելով արդեն հուլիսի 8-ին:
Հուլիսի 8-ին ՍԴ նախագահի որոշմամբ՝ գործի վարույթը կասեցվեց «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կանոնադրության հիման վրա դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»` հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով:
Ուղիղ մեկ տարի անց՝ 2023թ. հուլիսի 7-ին, այս գործի վարույթը կասեցվեց ևս մեկ անգամ, այս անգամ՝ ՍԴ-ն գլխավոր դատախազությունից պահանջում էր մի շարք հարցերի պատասխաններ:
2023թ. հուլիսի 7-ի՝ ՍԴ նախագահի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսվեց:
Այս գործով հաջորդ որոշումը Արման Դիլանյանը ստորագրել է 2025թ. մարտի 25-ին՝ գործի վարույթը ևս մեկ անգամ վերսկսելու մասին:
Ուշագրավ է, որ ՍԴ կայքում 168.am-ը չգտավ 2023թ. վարույթը վերսկսելու և 2025թ. վարույթը վերսկսելու արանքում գործի վարույթը հերթական անգամ կասեցնելու մասին որոշումը:
Ինչևէ, նույն օրը՝ 2025թ. մարտի 25-ին, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ևս մեկ որոշում է ստորագրում՝ գործի վարույթին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասին, ով, փաստորեն, ըստ ՍԴ նախագահի, «կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաև նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ և իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության հետ»:
Մարտի 26-ին Արման Դիլանյանի որոշմամբ՝ գործի որոշ նյութեր վերադարձվեցին ՀՀ դատական դեպարտամենտ: Այդպես էր որոշել գործով զեկուցող Վահե Գրիգորյանը: Վերջինս պահանջել էր՝ «ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված նյութերում պարունակվող տեղեկությունների՝ սույն գործով հնարավոր որևէ ելքի համար նշանակություն չունենալու հանգամանքը, ինչպես նաև դրանցում հիշատակված անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության՝ Սահմանադրության 31 և 34-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին առանց իրավաչափ նպատակի անհամաչափ միջամտությունը բացառելու նկատառումով նշված նյութերը չճանաչել գործի նյութեր»:
Բավականին շուտ՝ գործով դատաքննությունը սկսելուց ընդամենը 3 տարի անց է փաստորեն Վահե Գրիգորյանը գլխի ընկել, որ որոշ նյութեր չպետք է ճանաչվեն որպես գործի նյութեր:
Եվ այսպես, ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը հերթական անգամ կվերսկսվի, այս անգամ՝ ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին: Ըստ որոշման՝ գործի վարույթը կասեցնելու՝ 2023 թվականի հուլիսի 7-ի ՍԴԱՈ-84 աշխատակարգային որոշմամբ սահմանված հիմքերը վերացել են:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, կայացվում են հաշտության համաձայնություններ, որոշումներ են բողոքարկվում ու բավարարվում, և ողջ շահագրգիռ հանրությունը անհամբերությամբ սպասում է ՍԴ որոշմանը, իսկ ՍԴ-ն ոտքը կախ է գցում:
Ուշագրավ է, որ ամենաշատը, ըստ իրենց իսկ խոստովանությունների, ՍԴ որոշմանը սպասում են ՔՊ-ականները, սակայն ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել, ու դեռ հայտնի չէ՝ դեռ ինչքան: