Չգիտենք՝ ինչո՞ւ են դպրոցը փակում, հատկապես, որ շենքային պայմանները լավն են. Գուսանագյուղի և Լուսաղբյուրի դպրոցները կտեղափոխեն Շիրակավան
Նախորդ շաբաթ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասելով, որ վերջերս այցելել է Անի խոշորոցված համայնքի Գուսանագյուղ և Լուսաղբյուր գյուղեր, որտեղ բնակիչները տարակուսած են այդ գյուղերում դպրոցները փակելու որոշումից։
«Դպրոցի շենքային պայմանները, հատկապես՝ Գուսանագյուղում, իդեալական են։ Այդ գյուղերի դպրոցները փակվելու են ու տեղափոխվեն հարակից՝ Շիրակավան գյուղ, որտեղ հայտնի չէ, թե երբ են սկսվելու դպրոցի շինարարական աշխատանքները։
Ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել այդ գյուղի դպրոցները, որ հենց սրանք պետք է փակվեն, այդ դպրոցների փակման հարցը քննարկվե՞լ է ծնողների, մանկավարժների հետ»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագիրն առաջին հերթին նոր դպրոցների ու կրթահամալիրների կառուցման մասին է։
«Մենք որևէ դպրոցի փակման գործընթաց չենք իրականացնում, այլ իրականացնում ենք նոր դպրոցների շինարարություն, սա ուզում եմ հստակ շեշտել»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
168.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Գուսանագյուղի վարչական ղեկավար Արտյոմ Հարությունյանն ասաց, որ դպրոցի փակման մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ այն պետք է «կոմպլեկտավորվի» հարակից՝ Շիրակավան գյուղում։
«Ամեն մարդ չի կարող իր երեխային տանել հարակից գյուղ, պետությունը պետք է տանի աշակերտներին։ Շիրակավանը մեր գյուղից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է։
Եթե բնակիչը տրանսպորտային միջոց չունենա, միանշանակ երեխային դպրոց տանելիս խնդրի առաջ է կանգնելու։
Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են դպրոցը փակում, հատկապես, որ շենքային պայմանները շատ լավն են, մանրամասներին տեղյակ չեմ»,- նշեց Գուսանագյուղի վարչական ղեկավարը։
Լուսաղբյուրի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը նույնպես ասաց, որ Լուսաղբյուրի դպրոցի շենքային պայմանները լավն են, սակայն այն պետք է նույնպես տեղափոխվի Շիրակավան։
«Մի բան հստակ գիտենք այս պահին, որ երեխաների տեղափոխումը հարակից գյուղ ամբողջությամբ լինելու է համայնքի միջոցներով։
Իսկ դպրոցի փակվելու հետ կապված, այո՛, բնակիչների մոտ կան մտահոգություններ, քանի որ այդ մոդելը դեռևս չկա։ Սակայն մեզ հասանելի է Կառավարության ծրագիրը, մեր հասկանալով վատ ծրագիր չէ, այն երեխաներին տալու է լավ կրթություն, դասավանդելու են ատեստացիա անցած մանկավարժներ։ Լինելու է նաև լավ շենք, իր բոլոր պայմաններով, ինչը հնարավոր է երեխայի ուսումը լավ կազմակերպելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Վարչական ղեկավարի խոսքով՝ Շիրակավանում նոր-նոր են ցանկանում կառուցել դպրոցի շենքը, ուստի չգիտեն, թե կառուցումը երբ կավարտվի ու երբ տեղի կունենա տեղափոխությունը։
«Մեր գյուղից մինչև Շիրակավան մոտ 3 կմ է։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։