
««Տրվում է վարձով» ցուցանակները Գյումրիում ամենուր են, մարդիկ փորձում են եղած ապրանքը վերացնեն, որպեսզի հասկանան՝ աշխատելո՞ւ են հետագայում, թե՞ ոչ». Կարեն Ավագյան

Շրջանառության հարկը բարձրացնելու Կառավարության որոշումից հետո Շիրակի մարզում արդեն նկատելի է, որ փակվում են փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ կետեր։
ՓՄՁ Ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Կարեն Ավագյանը կոչ է անում գնալ Գյումրի ու տեսնել, թե կենտրոնական փողոցներում քանի խանութի վրա է գրված` «տրվում է վարձով»։
««Տրվում է վարձով» ցուցանակները Գյումրիում ամենուր են, ամեն 4-5 րդ վաճառակետի վրա այդ ցուցանակը կա։ Լիկվիդացիոն գործընթացներ են տեղի ունենում, խանութի վրա գրված է՝ «լիկվիդացիա», այսինքն՝ մարդիկ փորձում են եղած ապրանքը վերացնեն, որպեսզի հասկանան` աշխատելո՞ւ են հետագայում, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ավագյանը։
Նրա խոսքով, մարդիկ ի վիճակի չեն Կառավարության թելադրած նոր պայմաններով աշխատել ու փակում են իրենց բիզնեսը։
Կարեն Ավագյանը նշում է՝ շրջանառության հարկի մասին օրենքը ոչ թե հետաձգել են, այլ որոշման մեջ կա կետ, որ փաստաթղթավորման ու էլեկտրոնային կերպով ծախսերի հիմնավոր ներկայացնելու դեպքում հնարավոր է 5 տոկոս վերադարձնեն ծախսերից, և այլն։
«Հաշվարկը կարող եմ ամբողջական ներկայացնել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ են արել։ Այս որոշումը շրջանառության հարկով հարկվողներին տեղափոխում է ավելացված արժեքի հարկով աշխատողների դաշտ։ Այսինքն՝ ավելացված արժեքի հարկով աշխատողի համար ստեղծում են առավելություն, որի պատճառով փոքր ու միջին ձեռնարկատերերը որոշ ժամանակ անց կա՛մ կփակվեն, կա՛մ կտեղափոխվեն ավելացված արժեքի հարկ։ Սա նոր բիզնես բացելու համար փակում է պատուհան։ Այսինքն՝ եթե մարդը չի տիրապետում այդ բոլոր գործիքակազմին, չունի լավ հաշվապահ ու իրավաբան, չի կարող նոր բիզնես բացել ու նման պայմաններում աշխատել»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ նման պայմաններում մեկ անձը չի կարող մտնել գործարար շուկա և ներկայացնել իր ծառայությունները, եթե չի տիրապետում ամբողջ գործիքակազմին, քանի որ մրցակցային խնդիրներ կունենա, մրցակցային խնդիրներ ունեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատողները։
«Կրկնում եմ՝ այդ որոշումը չի հետաձգվել, ընդամենն իրենց որոշումը գործողության մեջ դնելու համար որոշվել է 6 ամսվա ընթացքում վերադարձնել ծախսերի մի մասը, եթե, իհարկե, հիմնավորվի և գույքագրվի ու էլեկտրոնային ձևով ներկայացվի ՊԵԿ։ Սա իր հետ բերում է մեծ վտանգներ, օրինակ, ապրանքը ներկայացնելիս, եթե ստուգումներ արեցին ու պակասորդ հայտնաբերեցին, ապրանքի 50 տոկոսը բռնագանձելու են։ Ավելցուկի դեպքում ապրանքի 20 տոկոսն է պետությունը բռնագանձելու՝ որպես չգրանցված ապրանք։ Բոլոր խնդիրները լուծելու փոխարեն՝ լղոզում են ու հասարակությանը համոզում են, թե ընդառաջ են գնում միջին ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների պահանջին»,- հավելեց Կարեն Ավագյանը։
Նա շեշտեց՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան բոլոր խնդիրները մշտապես բարձրաձայնել է, նույնիսկ մասնակցել են հարակից այլ ճյուղերի, օրինակ, փաստաբանների կազմակերպած քննարկումներին, համապատասխան մարմիններին առաջարկներ են ներկայացրել։ Սակայն այդ առաջարկները պահանջում են հաշվարկային հիմնավորումներ, այսինքն՝ այն, ինչը պետք է պատկան մարմիններն անեին՝ հիմնավորելու համար օրենքի փոփոխությունը։ Մինչդեռ միջին ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները չունեն այդքան ռեսուրսներ նման հաշվարկներ կատարելու համար։
«Մենք պարզապես կարող ենք բերել օրինակներ, մասնավոր դեպքեր՝ բազմաթիվ բիզնեսներից, որոնց համախմբումը ցույց կտա, որ այդ դեպքում վնասով են աշխատում կամ ավելի անմրցունակ դիրքերում են հայտնվում։ Ախր, հստակ հայտարարվել է, որ Կառավարությունը նպատակ է դրել շրջանառության հարկը վերցնել և այս բոլոր քայլերը։ Բայց լղոզում են, թե՝ աջակցում ենք տնտեսվարողներին, թե շրջանառության հարկով աշխատողներն ավելի լավ պայմաններում կհայտնվեն։ Այս ամենով եղած խնդիրն ուղղակի լղոզում են»,- ասաց Կարեն Ավագյանը։
Նա փոխանցեց, որ տարբեր քայլեր են պատրաստվում իրականացնել, որոնք հերթականությամբ կանեն։ Քայլերից մեկն այն է, որ այս պահին թույլ են տալիս փոքր ու միջին բիզնեսի որոշ ներկայացուցիչների՝ համոզվեն, որ իրականում ավելի շատ են հարկ վճարելու, քան նախկինում, որպեսզի հասկանան՝ Կառավարության հայտարարությունը կեղծ է։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների, ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1,5 տոկոսից իջնում է։ Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը։