Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը

Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ 2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։

Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։

Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։

Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։

Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։

Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։

Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն, այլ դրանք ամեն գնով պաշտպանելն է»։

Տեսանյութեր

Լրահոս