Բաժիններ՝

Ի՞նչ ծիսական կերակրատեսակներ կան Ամանորի համար

«Կան հատուկ ծիսական կերակրատեսակներ, որոնք հենց Ամանորին պետք է դրվեն սեղանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ քանի որ մեր իրականության մեջ մի քանի անգամ փոխվել է Ամանորը նշելու տարեթիվը, այդ ժամանակաշրջանների ընթացքում սննդի համակարգը նույնպես փոխվել է, որովհետև եղանակային պայմանների հետ կապված՝ կարող են փոփոխվել նաև կերակուրները:

«Ի ուրախություն մեզ՝ հիմնականում պահպանված են տոնածիսական կերակուրները հենց Ամանորին: Նախկինում շատ սեղաններին դրվում էին չրեր, կերակուրներից՝ անուշապուրը, որի իմաստը կայանում էր նրանում, որ տարին անուշ լիներ: Կճախաշ էին պատրաստում՝ կճուճի մեջ տարբեր ընդեղեններ:

Ամենահիմնական կերակուրը տարեհացն է և քաշիկան: Տարեհացը հացի տեսքով քաղցր թխվածք է, որի մեջ կա՛մ մետաղադրամ են դնում, կա՛մ մի հատիկ, և բաժանվում էր ընտանիքի անդամների թվով, ում ընկներ այդ հատիկը, իրեն այդ տարի հաջողություն էր սպասվում: Նույն ծիսականների շարքում է քաշիկան կամ Նավասարդի հարիսան: Դա նույն հարիսայի բաղադրությունն է՝ գառան մսով, այսինքն՝ ձավար և գառան միս: Այն հարիսայից տարբերվում է նաև պատրաստման եղանակով՝ չի հարվում, չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն:

Գրեթե մեր բոլոր տոնական սեղաններին տոլման եղել է, լինի՝ պասուց թե ուտիս: Երևի բոլորս համոզված ենք, որ մեր ամենատոնական կերակրատեսակը հենց տոլման է: Ես ուզում եմ, որ մենք խուսափենք հատկապես մեծ կտորով տարբեր անասունների մասերն ամբողջական դնելուց, որովհետև գոնե 80-90 տոկոսի դեպքում պահպանման և իրացման ձևը չի պահվում»,- նշեց Ս. Մամուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս