Որքան է Հայաստանի փոստային ծառայությունների ոլորտի հասույթը, և ինչպես է այն բաշխվում ընկերությունների միջև
Հայաստանի փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասույթը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2 մլրդ 283.8 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորհտի հասույթն աճել է 17.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Փոստային և սուրհանդակային ծառայությունների ոլորտում գործել է 16 ընկերություն, որից 8-ը գերփոքր ընկերություններ են (մինչև 9 աշխատող), 6-ը՝ փոքր ընկերություններ (10-49 աշխատող) ), 1-ը՝ միջին ընկերություն (50-249 աշխատող) և 1-ը խոշոր ընկերություն (250 և ավելի աշխատող)։
Ըստ ԱՎԾ-ի՝ այդ 1 խոշոր ընկերության (այսինքն՝ Հայփոստի) աշխատակիցների միջին ցուցակային թվաքանակը այս տարվա առաջին կիսամյակում եղել է 2128 մարդ։ Միջին մեծության մեկ ընկերությունում աշխատում է 56 մարդ։ 6 փոքր ընկերություններում աշխատողների ընդհանուր թվաքանակը 124 է (յուրաքանչյուրում միջինը 20 մարդ), իսկ 8 փոքր ընկերությունները միասին ունեցել են 39 աշխատող։
Ոլորտի հասույթի մեծ մասը՝ 73.6%-ը (1 մլրդ 682 մլն դրամ), բաժին է ընկել մեկ խոշոր ընկերությանը։ Ազգային վիճակագրական ծառայությունը ընկերությունների անունները չի նշում, սակայն դժվար չէ հասկանալ, որ խոսքը վերաբերում է Հայփոստ ընկերությանը։
Ըստ հասույթի՝ երկրորդ տեղում թվով 6 փոքր ընկերություններն են, որոնց ընդհանուր հասույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 422.1 մլն դրամ (ոլորտի ընդհանուր հասույթի 18.5%-ը)։ 8 գերփոքր ընկերությունները միասին գեներացրել են 150.7 մլն դրամի, իսկ միջին չափի մեկ ընկերությունը՝ 29 մլն դրամ հասույթ։
Ուշագրավ է, որ այս ոլորտի հասույթի 17.3%-անոց աճին զուգահեռ՝ պաշտոնական վիճակագրությունը նույն ժամանակահատվածի համար արձանագրել է առաքումների քանակի շեշտակի աճ։
Այսպես, 2017 թվականի հունվար-հունիսին ոլորտի ընկերությունների կողմից առաքվել է ընդամենը 9 մլն 65.1 հազար հատ նամակ, բացիկ և ծանրոցածրար, որը 3.3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Առաքված ծանրոցների քանակն աճել է 19.2%-ով և կազմել 11.8 հազար։