Սերը և բաժանումը
Սերը և բաժանումը դիտում էին երիտասարդ մի զույգի: Բաժանումն ասաց,
– Ես կարող եմ նրանց բաժանել:
Սերը պատասխանեց.
– Թույլ տուր գեթ մեկ անգամ մոտենալ նրանց, հետո արա, ինչ ուզում ես, և կտեսնենք, թե արդյո՞ք կարող ես նրանց բաժանել:
Բաժանումը համաձայնվեց:
Սերը մոտեցավ երիտասարդ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, որ նրանց միջև կայծ բռնկվեց… Ապա սերը մի կողմ քաշվեց և մոտենալով բաժանմանն՝ ասաց.
– Դե, հիմա քո հերթն է, դու մոտեցիր:
– Հիմա ոչինչ չեմ կարողանա անել, – պատասխանեց բաժանումը: – Հիմա նրանց սրտերը լի են սիրով: Ավելի ուշ կայցելեմ նրանց:
Անցավ որոշ ժամանակ: Բաժանումը մտավ ամուսինների տուն և տեսավ երիտասարդ ծնողներին ու նրանց նորածին զավակին: Բաժանումը հուսով էր, որ նրանց սերն արդեն մարել էր, սակայն նայելով նրանց աչքերին՝ տեսավ երախտագիտություն: Նա թոթվեց ուսերն ու հեռացավ՝ մտածելով. «Դե լավ, ավելի ուշ կգամ»:
Անցան տարիներ, բաժանումը կրկին այցելեց նրանց. տանն աղմկում ու խաղում էին ընտանիքի զավակները, աշխատանքից հոգնած տուն դարձավ ընտանիքի հայրը, իսկ մայրը խնամում և հոգ էր տանում զավակներին: Ահա, ճիշտ ժամանակն էր բաժանել նրանց, չէ՞ որ սերն ու երախտագիտությունը պետք է որ այլևս չտիրեին նրանց սրտերում, մտածեց բաժանումը: Սակայն նայելով նրանց աչքերին՝ բաժանումը տեսավ հարգանք և փոխըմբռնում:
– Դե լավ, հիմա կգնամ և ավելի ուշ կայցելեմ նրանց, – մտածեց բաժանումն ու կրկին հեռացավ:
Տարիներ անց բաժանումը կրկին այցելեց զույգին. զավակներն արդեն մեծ մարդիկ էին. ծնողները՝ ալեհեր, խելացի և օգտակար խորհուրդներով աջակից իրենց զավակներին:
Բաժանումը նայեց նրանց աչքերին և հիասթափված հոգոց հանեց՝ տեսնելով միմյանց հանդեպ վստահություն:
– Ավելի ուշ կայցելեմ, միևնույննն է՝ նրանք ինձանից չեն փախչի, – փնթփնթաց բաժանումն ու հեռացավ:
Տարիներ անց բաժանումն այցելեց զույգի տուն, որտեղ արդեն նրանց թոռներն էին վազվզում: Վառարանի մոտ նստած էր արդեն ծերացած տատիկը: Բաժանումն ուրախացավ՝ մտածելով. «Դե, հիմա արդեն իմ ժամանակը եկավ»: Նա ցանկացավ նայել ծեր կնոջ աչքերին, սակայն վերջինս վեր կացավ և տնից դուրս եկավ: Բաժանումը հետևեց նրան. ծեր կինը գնում էր գերեզմանատուն՝ այցելելու ամուսնու շիրիմին:
– Ես ուշացա, ժամանակն իմ փոխարեն իր գործն արեց, – փնթփնթաց բաժանումն ու նայեց ծեր կնոջ աչքերին և տեսավ արցունք և հուշեր՝ սիրո, երախտագիտության, հարգանքի, փոխըմբռնման և վստահության մասին:
Անտուան դե Սենտ-Էքսզյուպերի. «Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց, այլ՝ միևնույն ուղղությամբ»:
Վիկտոր Հյուգո. «Սերը չի մահանում, այն միշտ ապրում է, պայքարում և հաղթում: Սերը պայքար է, բայց միևնունն է՝սերը կյանք է»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը
qahana.am