Զարուհի Փոստանջյանը քաղաքական նոր պլատֆորմ է ստեղծում

Մարտի 15-ին Անի պլազա հյուրանոցում տեղի կունենա նոր քաղաքական պլատֆորմի առաջին համագումարը, որի ժամանակ կհայտարարվի անվան և ծրագրային դրույթների վերաբերյալ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց պլատֆորմի նախաձեռնողներից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` նախաձենռությունը պետք է դառնա կուսակցություն, համագումարը կորոշի ինչպես է այդ կառույցը ձևավորվելու:

«Նոր քաղաքական պլատֆորմը միտված կլինի համայն հայության համախմբմանն ու քաղաքական իրավունքների իրացմանը: Այսօր մեր հայրենակիցները զրկված են քաղաքական իրավունքների լիարժեք օգտվելուց և իրավունք չունեն լիարժեք մասնակցելու ՀՀ քաղաքական կյանքին»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա` հրապարակված է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը, բայց մեր քաղաքացիները ողջ աշխարհով մեկ սփռված լինելու պատճառով չեն կարողանա օգտվել այդ իրավունքից, դրա համար պետք է ժամանեն Հայաստան, որովհետև այլ երկրներում ընտրատեղամասեր չեն բացվելու:

Զ.Փոստանջյանի խոսքով` քաղաքական ու քաղաքացիական իրավունքի այս բացը տարիներ շարունակ առկա է և որևէ մեկը քաղաքական պլատֆորմ այս մասով չի առաջադրել և նոր քաղաքական ուժը միտված է լինելու այս խնդրի լուծմանը:

Զ.Փոստանջյանը նշեց, որ պլատֆորմը պետք է մասնակից լինի բոլոր քաղաքական գործընթացներին` և՛  նախընտրական, և՛ հետընտրական գործընթացներին: Նրա կարծիքով` այս պահին թե՛ ընտրողների և թե՛ ընտրվողների համար պայմանները հավասար չեն, քանի որ Հայաստանում ապրող քաղաքացիները բավականին խոցելի են, պետք է սփյուռքի ներկայացուցիչներին ևս ընտրելու և ընտրվելու իրավունք տրամադրվի, ինչի արդյունքում հնարավոր կլինի օրինական և արդար իշխանություններ ձևավորել:

«Իշխանության բռնազավթումը հնարավոր է շարունակվի և այս իրավիճակը ճեղքելու համար մենք պարտադիր պետք է ստեղծենք հնարավորություն»,- ասաց Զ.Փոստանջյանը` հավելելով, որ արտերկրում ապրող հայերը, չունենալով ՀՀ քաղաքացիություն, բայց հետաքրքրված լինելով ներհայաստանյան զարգացումներով, պետք է նրանց հնարավարոթյուն տրվի ներգրավվելու ՀՀ քաղաքական կյանքին:

Նրա բնորոշմամբ` երկքաղաքացիություն ունեցողներն անկախ են  այս իշխանությունից, նրանք կարող են լավ իամստով դեֆորմացնել քաղաքական դաշտը:

«Մեր համասփյուռ հայութան ներգրավվածությունը քաղաքական կյանքին թիվ մեկ խնդիրն է: Դա ավելի մեծ ներդրում կլինի, քան ֆինանսական ներդրումները: Մենք ունենք մարդկային կապիտալի, մարդու կարողության խնդիր: Այս խնդրին միտված է մեր նոր նախաձեռնությունը»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Նա նշեց, որ չի պատկերացնում, որ այս ընտրություններ կոչվածը կլուծի ՀՀ առջև առկա խնդիրները. «Իշխանափոխությունը չէ խնդիրը, մենք խնդիր ունենք փոխելու համակարգը, ոչ թե իշխանավորին»:

Հարցին, թե ինչպե՞ս են իրականացնելու համակարգային փոփոխությունը, Զ.Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, գալու ենք իշխանության»:

«Այս կամ այն ուժի մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն է»,- ասաց նա:

168.am-ի հարցին, որ այս գլոբալ նախաձեռնությունը ենթադրում է սահմանադրական փոփոխություն, որպեսզի սփյուռքահայը ընտրելու և ընտրվելու իրավունք ունենա, Զ.Փոստանջյանը պատասխանեց, որ այս նախաձեռնող խումբը գործող Սահմանադրությունը, որը կեղծիքով է պարտադրվել, դա չեն ընդունում, և դա ծրագրային դրույթներում ամրագրված կլինի: Պատգամավորը նշեց, որ առաջին հերթին ակնկալում են, որ ընդունվեն մի քանի սահմանադրային օրենքներ, որով պետք է կարգավորվեն ընտրական գործընթացի վերաբերյալ հարցերը:

Մեր հարցին ի պատասխան, արդյոք հանդիպե՞լ է Սփյուռքի ներկայացուցիչների հետ, Զ.Փոստանջյանը հիշեցրեց, որ անցած տարի ինքն աշխատանքային շրջագայություն է ունեցել և հենց սփյուռքահայերն են բարձրացրել խնդիրը, և իր հրապարակած Հայկական պետականության վերաբերյալ հռչակագրում նշվել է այդ մասին.

«Այս խնդիրը վաղուց է առկա և վաղուց է մտահոգում: Մենք պետք է հաշվի առնենք, որ 10 մլն-ից 5 մլն սփյուռքն այս 25 տարիների ընթացքում արտագաղթած հայությունն է, որ այնտեղ են ընտանիք կազմել և մեծացրել իրենց ընտանիքները: Եթե միասնություն չենք ապահովում, ոչ թե ֆինանսական միասնություն, այլ մեկ քաղաքական ազգ լինելու հարցում, ապա չեմ կարծում, որ կարողանանք այս ճգնաժամը հաղթահարել»:

 

Տեսանյութեր

Լրահոս