Բաժիններ՝

«Ես անընդհատ ասում եմ` կինոն լավն է, և բեմն ամեն անգամ խանդից ապտակում է ինձ»

Ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետաքրքիր ու խենթ մտահղացումները բեմում արդեն հաճելի ավանդույթ են դարձել։ Նոր մտահղացման մասին, որը շատ շուտով բեմում կլինի, Նարինեն պատմեց մեզ հետ զրույցում։ «Հաղթանակի գենեզիս» նախնական անունը կրող ներկայացումը վավերագրական թատրոնի կանոններով է բեմադրվելու և հիմնված է իրական պատմությունների վրա։ 2017-ը Նարինեի համար խոստանում է լինել բերքահավաքի տարի` հաշվի առնելով այն ֆիլմերի քանակը, որոնք պետք է էկրաններ բարձրանան այս տարի։

– Նարինե, ի՞նչ ասել է` վավերագրական թատրոն, և ի՞նչ ներկայացում եք բեմադրում։

– Վավերագրական թատրոնը հիմնված է լինում իրական պատմության վրա և ունի յուրօրինակ բեմադրման ոճ, տեսակ։ Շատ տարածված ժանր է, բայց մենք մի քիչ այլ կերպ ենք բեմադրելու մեր ներկայացումը։ Այն 3 երեխաների մանկություն է, նրանց հուշերը։ Ես, ով պատերազմի տարիներին ընտանիքով Հրազդանից մեկնել է Ղարաբաղ։ Արման Նավասարդյանը, ում մանկությունը ևս պատերազմի տարիներին է անցել` Շամշադինում, և երևանցի տղայի` Վարշամ Գևորգյանի մանկությունը` իր հուշերով։ Այսինքն, պատերազմի տարիներին Հայաստանի տարբեր կետերում բնակվող երեխաների մանկության հուշերի հիման վրա գրված է պիես, որը և պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել ապրիլին։

Նախնական անունն է` «Հաղթանակի գենեզիս»։ Իրարից հեռու բնակվող երեխաների մանկությունն իրականում այնքան նման է եղել պատերազմի տարիներին, որ ասես մեկը մյուսի մանկության արձագանքն է։ Երևանցի երեխան պատմում է իր մտերիմ ընկերոջ` Կարենի մասին, ով պատերազմի տարիներին մեկնել էր երկրից, հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես կվերադառնա։ Ամբողջ պիեսը հանգում է նրան, որ պատերազմն ավարտվել է, մութ և ցուրտ տարիները վաղուց արդեն անցյալում են, սակայն ընկերն այդպես էլ չի վերադարձել։

Կարդացեք նաև

– Մանկության հուշերը սովորաբար պատված են հեքիաթային մշուշով։ Ամեն ինչ վառ է և գունեղ` անգամ մութ և ցուրտ տարիները յուրահատուկ հմայք ունեն այդ հուշերում։ Եվ դրանով իսկ հեռու են իրական լինելուց։ Իսկ ինչպիսի՞ն են հաղթանակի հուշերը։

– Հաղթանակը մանկության մեր հուշերում շատ հստակ ձևակերպումներ ուներ։ Հաղթանակն այն էր, որ երկու ձեռքով ենք լողանում, որ լույս ունենք` մի ամբողջ օր, որ Շուշին մերն է… Եվ արդեն շատ վաղուց այդ ամենն ունենք, բայց Կարենը` հեռացած ընկերը, դեռ չի վերադարձել։ Այստեղ չկա մեղադրանք Կարենի և բոլոր չվերադարձողների հասցեին։ Այստեղ կա հարցադրում, թե ինչո՞ւ Կարենը չի գալիս։

– Միգուցե դա՞ չէր նրա երազանքը։ Միգուցե դեռ անելիքնե՞ր կան։

– Բայց այդ անելիքները մենք միայնակ չպիտի անենք։ Բեմում մենք երեքով` մեր հուշերով հանդերձ, նստած ենք շատ մեծ սեղանի շուրջ։ Պատմում ենք մեր մասին և սպասում… Չե՞ք կարծում, որ, եթե բոլոր նրանք, ովքեր հեռացել են, վերադառնան, Հայաստանում շատ բան կփոխվի դեպի լավը։ Իմ ասածի մեջ չկա մեղադրանք, կա ափսոսանք, կա կարոտ, կա հարցադրում։

– Հաճախ հնչում է այն կարծիքը, որ Հայաստանից չեն հեռանում նրանք, ովքեր պարզապես օտար երկրում ապրելու այլընտրանք չունեն։ Եվ հնարավորության իսկ դեպքում կհեռանան Հայաստանից։

– Համարելով, որ Աստված ամբողջ աշխարհը ստեղծել է բոլորիս համար, միևնույն է, ինձ այստեղ` Հայաստանում եմ լավ զգում։ Միգուցե դա նրանից է, որ, երբ ղարաբաղյան շարժումը եղավ, մերոնք գնացին Ղարաբաղ, երբ բոլորը փախչում էին այնտեղից։ Օրինակ, ես ունեմ այլընտրանք։ Ավելին, ես ԱՄՆ-ում պիտի ապրեի, և ամեն հնարավորությունը կար դրա համար։ Ամուսինս ինձ կանչում էր ԱՄՆ։ Բայց ես չեմ գնացել այնտեղ ապրելու, ես նրան եմ Հայաստան բերել։

– Սփյուռքի նախարարության գործառույթն եք իրականացրել` մեկ հայ բերելով երկիր։

– Ավելին ասեմ, օրինակ, այս ներկայացման բեմանկարիչը Շվեյցարիայից եկած հայ է` Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը։ Վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի քույրն է նա։ Մեր պիեսի հեղինակը` Սառա Նալբանդյանը, ով հավաքագրել է մեր բոլորիս պատմությունները, Իտալիայում էր ապրում, այնտեղ է ուսանել, սակայն վերադարձել է Հայաստան։ Ակամայից այնպես է ստացվել, որ այս նախագծի շուրջ աշխատում են օտար երկրներից Հայաստան վերադարձած հայեր։

– Այս տարին բերքահավաքի տարի է Ձեզ համար։ Ի՞նչ ֆիլմերում եք հանդես եկել։

– Պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն է, որի իրադարձությունները հետպատերազմյան գյուղում են տեղի ունենում։ Չգիտես` ինչո՞ւ, բոլոր լրագրողներն այդ ֆիլմին անդրադառնալիս գրում են, որ «Եվա» ֆիլմը պատերազմի մասին է։ Բայց դա սխալ մեկնաբանություն է։ Պատերազմն իր վախերն ունի, պատերազմից հետո բոլորովին այլ վախեր են տիրում մարդու հոգում։ Հենց այդ վախերի մասին է ֆիլմը։ Իմ կերպարը կին է, ով իր երեխայի հետ Հայաստանից փախել է Ղարաբաղի մի խուլ գյուղ, և այդ կնոջ աչքերով բացահայտվում է մի ամբողջ գյուղի պատմություն։

Մյուսը Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմն է, որը պատերազմ է ամբողջությամբ։ Այնտեղ ես «մորթազերծ» եմ անում` մի այլ կարգի։ Կատակ էր, իհարկե։ Սակայն այս ֆիլմում ես զենքով եմ հանդես գալիս` պատերազմի դաշտում։ Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում եմ նաև խաղացել, որտեղ զուգահեռ հյուսվում է 3 կնոջ պատմություն։ Ինչպես նաև Դիանա Կարդումյանի «Ոսկե ձկնիկ» կարճամետրաժ ֆիլմը և «Լորիկ» ֆիլմը։ Օրենքով այդ բոլոր ֆիլմերը պետք է այս տարի լինեն էկրաններին։ Այս տարի իրապես պետք է բերքահավաք լինի, որը սկսվել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմով։

– Հարցազրույցներից մեկում նշում եք, որ բեմը խանդում է կինոյին, եթե որոշ բաներ բեմում սկսել են չստացվել, պատճառը հենց այդ խանդն է։

– Գիտեք, պետք է ազնիվ լինեմ ինքս իմ հանդեպ և ասեմ, որ կինոն ավելի շատ եմ սիրում։ Վերջերս ներկայացումներիցս մեկը, որը հաճախ խաղալուց արդեն եկել եմ որոշակի վարպետության, շատ վատ խաղացի ավարտին։ Պատկերացրեք` բեմից իջել եմ և վիրավորանքից լաց եղել։ Ես անընդհատ ասում եմ` կինոն լավն է, և բեմն ամեն անգամ խանդից ապտակում է ինձ։

– Ձեզ դո՞ւր է գալիս լինել էկրանին։ Հատկապես պրեմիերայի օրը, երբ, ի տարբերություն թատրոնի, կարող ես դահլիճում նստած ևս 200 հոգու հետ միասին` դիտել ինքդ քեզ։

– Պատկերացնո՞ւմ եք` դա ինչ հաճույք է։ Երբեմն թատրոնի պես եմ նայում կինոն և ինքս ինձ ասում. «Միգուցե այս անգամ լավ խաղամ այսինչ տեսարանում»։ Կինոն առանձնահատուկ աշխարհ է։ Եվ այդ աշխարհ ինձ սկսեցին հրավիրել աղջկաս ծնվելուց հետո։

– Երբեմն լինում են ներկայացումներ, ֆիլմեր, որոնք դիտելուց հարց է առաջանում, թե ինչպե՞ս տվյալ դերասանը դեռ չի ցնդել, խելագարվել, հատել իրականի և երևակայականի նուրբ սահմանը։ Այնքան խորն է դերը, ու կերպարով կլանված է դերասանը, որ թվում է, թե այդտեղից էլ վերադարձ չկա։

– Երբ ավարտվում է ներկայացումը, ինձ դեռ երկու ժամ է պետք լինում, որ կարողանամ մտնել իրականություն։ Ես կարողանում եմ խոսել, շփվել… Բայց ես երեք ժամ հագուստ եմ փոխում, դեսից դեն եմ դնում։ Բոլորն արդեն ինձ են սպասում, որ տուն գնան, ես դեռ հագուստ եմ հանում-հագնում, դեռ ադապտացիա չեմ եղել իրականության հետ։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս