Թրամփը քննադատել է Իսրայելի մարտավարությունը Լիբանանում՝ ասելով, որ այն սպանում է խաղաղ բնակիչների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային քննադատել է Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլա» խմբավորման զինյալներին թիրախավորելու ռազմական մարտավարությունը՝ շեշտելով, որ զինյալներին որսալու համար կարիք չկա ռմբակոծել բազմահարկ բնակելի շենքերը։

Թրամփը, որը վերջին օրերին իր դժգոհությունն էր հայտնել Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, կարող էին վտանգել Իրանի հետ իր խաղաղության համաձայնագիրը, ասել է, որ Իսրայելը «չափազանց երկար» է պայքարում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ:

«Չափազանց շատ մարդիկ են սպանվել։ Կարիք չկա ամեն անգամ բնակելի շենք փլուզել, երբ ինչ-որ մեկին եք փնտրում, որովհետև այդ շենքերում բազմաթիվ մարդիկ կան, և նրանք բոլորը «Հեզբոլա»-ի անդամներ չեն», – Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովում ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Հարավային Լիբանանի վրա նախօրեին իրականացված իսրայելական հարվածներից չորս մարդ է զոհվել։

Վերահաստատելով, որ «հիանալի հարաբերություններ» ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ նախագահ Թրամփը միևնույն ժամանակ շեշտել է, որ վարչապետը պետք է «ավելի պատասխանատու» լինի Լիբանանի հարցում։

«Առանց մեզ, առանց Միացյալ Նահանգների, Իսրայել չէր լինի։ Առանց ինձ Իսրայել չէր լինի, որովհետև ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անել այն, ինչ ես արեցի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իսրայելը և «Հեզբոլա»-ը պատերազմի մեջ են մարտի սկզբից, երբ Լիբանանում գործող խմբավորումը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Իրանի դեմ սկսված պատերազմից ու Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Երկրի առողջապահական գերատեսչության տվյալով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածներից Լիբանանում 3,800-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել շուրջ 11,900-ը։

Թեև Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հրադադար է հաստատում նաև Լիբանանում, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունիսի 15-ին հայտարարել է, որ երկրի ուժերն անորոշ ժամանակով կշարունակեն մնալ Լիբանանի հարավում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930