«Համեմատաբար ռիսկային են համարվում ասիական երկրները, որտեղից ներմուծված ապրանքների նկատմամբ այլ ձևի աշխատանքներ են տարվում»
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց, մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել: Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանը: Նրա խոսքով` ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամա պատասխանությունները բացահայտելու նպատակով, հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո:
«ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսավարողները թիրախից դուրս են մնում:
Մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողությանվարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են համապատասխան համակարգերի տեղեկությունները, փաստաթղթերը, օգտ ագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ (Leica մանրադիտակ)»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ ներկայացված փաստաթղթերի ճշտության հիմնավորման համար, անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից:
Նա նշեց, որ այս ամենի արդյունքում հնարավորություն է լինում առավել հասցեական ստուգումներ իրականացնելու: Նրա վստահեցմամբ` բարեխիղճ տնտեսավարողները չեն կարող հայտնվել իրենց ուշադրության կենտրոնում:
Սարգսյանի ներկայացմամբ` մաքսային ստուգումն իրականացվում է կամերալ կամ արտագնա: Կամերալ ստուգումն իրականացվում է առանց այցելության, իսկ արտագնան` ՊԵԿ նախագահի հանձնարարականով տնտեսավարողի փաստացի իրացման վայրում այցելությամբ:
«2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերարտահանում: 2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել պակաս վճարված մաքսային վճարները»,- նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ետբացթողումային հսկողության վարչության պետը:
ՊԵԿ-ի ետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման և ռազմավարության բաժնի աշխատակից Արփի Ավետյանը ներկայացրեց ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները: Նրա խոսքով` ծրագրում առկա են ռիսկերի 54 չափորոշիչները, որոնց գնահատման արդյունքում ներկայացվում է կազմակերպության տարեկան ներմուծումների ընդհանուր ռիսկը:
«Բացի ռիսկերի ընդհանուր գնահատականից, համակարգը տալիս է նաև տեղեկատվություն, թե քանի գործարքների և ինչ մաքսային արժեքների արդյունքում է առաջացել այն: Ծրագիրը նախատեսված է վերլուծության համար»,- ասաց նա:
Պետական եկամուտների կոմիտեի ետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանը լրացրեց, որ համեմատաբար ռիսկային են համարվում ասիական երկրները, որտեղից ներմուծված ապրանքների նկատմամբ այլ ձևի աշխատանքներ են տարվում:
ՊԵԿ-ի բացթողումների հսկողության վարչության պետի տեղակալ, ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը գործնականորեն ցուցադրեց, թե ինչպես են կատարվում փաստաթղթերի, կնիքների և ստորագրությունների ստուգման աշխատանքները: Նա հատուկ հզոր մանրադիտակի շնորհիվ ցույց տվեց, թե ինչպես էր կազմակերպությունը ներկայացրել փաստաթուղթ, որի կնիքը կատարվել էր տպագրությունից հետո, իսկ մեկ այլ փաստաթղթով տպագրված էր ստորագրությունը:
«Այսպիսի դեպքերն առիթ են տալիս նման կազմակերպությունների հետագա ուսումնասիրությունների: Եթե վերլուծությունների ընթացքում առաջանում են կասկածներ, և ռիսկային կազմակերպությունների փաստաթղթերը բերվում են մեզ մոտ ստուգման, եթե առաջանում են անճշտություններ, ապա դրանք ավելացնում են կազմակերպության վերաբերյալ կասկածները: Սակայն հնարավոր է, որ այդ անճշտությունները կատարվեն արտահանող երկրում, և հայ գործարարները դրա հետ կապ չունենան»,- ասաց Հակոբյանը: