Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սուրճ ենք խմում
Միլիոնավոր մարդիկ իրենց օրը սկսում են մեկ բաժակ սուրճով, սակայն գլխի չեն էլ ընկնում, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։
Ուղեղ։ Կոֆեինը՝ որպես ուժեղ խթանիչ միջոց, ոչ միայն նպաստում է էներգիայի արտադրմանը, այլև որոշակի ժամանակով լավացնում է մտավոր կարողությունները։ Այն ընդունակ է որոշակի ժամանակով սրել ուշադրությունը և թույլ է տալիս կենտրոնացնել մտավոր ուժերը։ Կարծիք կա, որ կոֆեինն ազդեցություն թողնում է ընդունելուց 30 րոպե անց և այդ ազդեցությունը պահպանում ևս մի քանի ժամ։ Պետք է հիշել, որ կոֆեինի ավելորդ քանակն ազդում է նյարդային համակարգի վրա և կարող է նույնիսկ նյարդային նոպայի հանգեցնել։
Աչքեր։ Կոֆեինն արագացնում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սրվում են բնազդները, խթանվում են ռեցեպտորները, ադրենալին է արտադրվում։ Կոֆեինը որոշակի ժամանակում սրում է տեսողությունը՝ որոշակիորեն մեծացնելով բիբերը։ Այդ փոփոխությունը, իհարկե, հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։
Ատամներ։ Սուրճի հաճախակի օգտագործումը կարող է ատամներին դեղին գույն տալ։ Սակայն, ընդհանուր առմամբ, ըստ որոշ հետազոտությունների, սուրճն օգտակար է ատամների համար, քանի որ նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են ատամնաքարերի և բակտերիաների դեմ։ Սակայն սա՝ այն դեպքում, եթե սուրճն առանց հավելումների խմեք՝ շաքար, կաթ, սերուցք։
Սիրտ։ Սուրճ ըմպելուց 10-15 րոպե հետո զարկերակն արագանում է և բարձրանում է զարկերակային ճնշումը։ Թվերը կախված են նրանից, թե որքան սուրճ եք օգտագործել, արդյո՞ք օրգանիզմը սովոր է սուրճին, թե՞ ոչ, ինչ և որքան եք կերել մինչ այդ, ընդունե՞լ եք արդյոք դեղամիջոցներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրվա ընթացքում երկու բաժակ սուրճն առողջ մարդու համար վտանգ չի ներկայացնում։ Այս չափաքանակը գերազանցել խորհուրդ չի տրվում։
Որովայն։ Բարձր թթվայնության դեպքում սուրճը կարող է այրոց առաջացնել։ Հակառակը, ցածր թթվայնության դեպքում սուրճն օգտակար է։ Ըստ հետազոտողների կարծիքի՝ այն 10-15 տոկոսով բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը և օգնում է ավելի արագ մշակել սնունդը։
Աղիներ։ Կոֆեինն արագացնում է սննդի մշակումը և ընդհանուր առմամբ խթանում աղիների աշխատանքը։ Որոշ հետազոտողներ խորհուրդ չեն տալիս սուրճ խմել ուտելուց անմիջապես հետո։ Անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մթերքը մշակելու համար։
Ճարպերի կուտակումներ։ Իրականում սուրճը ճարպային մթերք է, որը բավական շատ բնական յուղեր է պարունակում։ Ֆիլտրի միջով անցկացնելու դեպքում դրանք կհեռացվեն, սակայն չֆիլտրելու դեպքում դրանք մնում են սուրճի մեջ։ Բայց քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը՝ հնարավորություն տալով ավելի շատ կալորիաներից ազատվել, քան պարունակում է խմիչքը, այն գրեթե ճարպային կուտակումներ չի առաջացնում։
Եվս մի քանի փաստ՝ առողջության վրա սուրճի ազդեցության մասին.
• Սուրճի հատիկները պարունակում են հակաօքսիդանտներ։ Հետաքրքիր է, որ դրանք առավել սրվում են սուրճը բովելուց հետո։
• Սուրճի սիրահարների մոտ 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը նվազում է։
• Կոֆեինը հեշտացնում է ֆիզիկական վարժությունների կատարումը։
• Սուրճը բավական շատ մագնեզիում է պարունակում, որը մասնակցություն է ունենում նյութափոխանակության բոլոր պրոցեսներին։
• Կոֆեինի շնորհիվ հեշտ է թուլացնել գլխացավը։
• Սուրճ օգտագործումը կարող է լավացնել հիշողությունը 24 ժամով։
• Սուրճը կարող է ձեզ երջանիկ դարձնել, քանի որ խթանում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը