Բաժիններ՝

Ենոքավանը դառնում է էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն

Մայրաքաղաք Երևանից 140 կիլոմետր հյուսիս-արևելք՝ գողտրիկ ու հերոսական Տավուշի նույնքան գողտրիկ համայնքներից մեկում՝ Ենոքավանում, հաջողությամբ զարգանում է գերակտիվ հանգստի ենթակառուցվածքը: Ինչպես վկայում են թվերը, հայերը, հատկապես երիտասարդ աղջիկներն արշավների ու էքստրիմի մեծ սիրահար են, ինչում լիովին համոզվեցին մայրաք աղաքից Ենոքավան ժամանած լրագրողները: Տարվա բոլոր եղանակներին ադրենալինի մեծ պաշարի հետևից այստեղ եկողները անվտանգ թռիչքին պատրաստվելուց հետո շտապում են առաջին երթուղու մոտ՝  սուր զգացողություններին ընդառաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի քան 12 տարի առաջ հիմնադրված ընտանեկան բիզնեսը (հյուրատնային ծառայություն, ձիարշավներ), որի հիմքում սոցիալական բաղադրիչն էր՝ ապագայի տեսալական ստեղծել ենոքավանցիների համար, ավելի քան արդարացվել է: Եթե 1990-ականներին գյուղում բնակվում էր 480 մարդ, 2009-ին՝ նրանք 200-ով ավելացել են: Շուրջ 1 տարի առաջ հիմնադրված «Yell Extreme Park»-ը մեծամասամբ աշխատանքի հնարավորություն է ստեղծել Ենոքավանի ու մոտակա բնակավայրերի բնակիչների համար: Զբոսաշրջիկների ընդունելության ամենաթեժ սեզոնին այստեղ զբաղված է 60-ից ավելի մարդ, աշխատողների շարքում են սիրիահայեր, ինչպես նաև երևանաբնակներ:

«Ենոքավանում մենք չունենք Տաթևի վանք,  որևէ հնագույն վայր, այլ ունենք ենոքավանցիներ, լավ երիտասարդություն, ում շանս է տրված աշխատելու և իրացվելու»,-ասաց «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Նրա խոսքով՝ սկզբում իր հոր հետ մտադրվել էին զարգացնել հոսքը դեպի Ենոքավան՝ շեշտը դնելով հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկների վրա: Նշաձող էին վերցրել ակտիվ հանգիստը, իսկ արդեն մեկ տարի առաջ որոշեցին ակտիվ ու էքստրեմալ հանգիստներն իրարից առանձնացնել՝ ստեղծելով «Yell Extreme Park»-ը՝ չնայած, որ շատերը չէին հավատում այս գաղափարին: «Սկզբում ունեինք երեք գիծ, կար միայն զիփ-լայն, հիմա ունենք 5 զիփ-լայն գիծ, պարանե զբոսայգի, ճոճանակ, որն ամենամեծն է Հայաստանում՝ 6 մետր երկարությամբ։ Իրականացնում  ենք ավտոարշավներ, պա տրաստում ենք ժայռամագլցման տուրեր, պարապլանով թռիչքներ Ենոքավանում»,-տեղեկացրեց Չիբուխչյանը: Մեկ տարվա ընթացքում 12 հազար մարդ արդեն հասցրել է թռչել զիփ-լայնով, նրանց մեծամասնությունը 18-26 տարեկան աղջիկներ են: Էքստիմի սիրահարների անվտանգությունն ապահովելու համար էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ընդգրկվել են վերահսկվող ցանկի մեջ:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝  Տիգրան Չիբուխչյանը նկատեց, որ մինչ հաջորդ տարվա մայիս նախատեսում են ստեղծել աշխարհում զիփ-լայնի ամենաերկար գիծը՝ 3.2 կմ, որը կանցնի հենց Ենոքավան գյուղի միջով: Ծրագիրն իրականացնում են «Հայնախագծի» հետ: Այս ծրագրին զուգահեռ զարկ կտրվի նաև ագրոբիզնեսին, մոտ մեկ տասնամյակ առաջ տնկված ավանդական հոնի պլանտացիայի բերքից օղի կթորեն ու չիր կպատրաստեն:

Նախատեսում են երիտասարդների համար բնակելի համալիր ստեղծել Ենոքավանում, պարկի երևանյան գրասենյակը տեղափոխել զարգացող համայնք: Իսկ մինչ այդ ֆրանսիական ներդրում կկատարվի գյուղում և հյուրանոց կկառուցվի:

Պարապլանի ֆեդերացիայի հետ էլ ակտիվ աշխատում են Հայաստանում փոքր ավիացիան զարգացնելու ուղղությամբ։ «Ենոքավանում փոքր օդանավակայան ունենալու ծրագրեր ունենք։ Մենք հավատում ենք, որ Արզնի-Ենոքավան չվերթ հնարավոր կլինի իրականացնել։ Փոքր ավիացիան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի»,-ավելացրեց Տիգրան Չիբուխչյանը:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս