Կանայք ալկոհոլի օգտագործմամբ հասնում են տղամարդկանց. ավստրալացի գիտնականներ
Կանայք ոգելից խմիչքների օգտագործմամբ գրեթե հասել են տղամարդկանց: Այդ մասին վկայում են երկու սեռերի ալկոհոլային հակումների շուրջ ավստրալացի գիտնականների կողմից ամբողջ աշխարհում անցկացված հետազոտության արդյունքները, տեղեկացնում է BBC-ն:
1891-ից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակաշրջանում ծնված չորս միլիոն մարդու տվյալների բազայի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջ տղամարդիկ շատ ավելի էին հակված տրվելու խմելու գաղթակղությանը, հետեւաբար նաեւ բախվելու առողջության հետ կապված այն խնդիրներին, որոնք ուղեկցում են այդ հակմանը:
Բայց կանանց ներկա սերունդը գործնականում վերացրել է այդ հետ մնալը, ասված է BMJ Open բժշկական հանդեսի հրապարակման մեջ:
Ժամանակակից հասարակության մեջ փոխվում են տղամարդկանց ու կանանց սոցիալական դերերը եւ դրանց հետ միասին փոխվում են նաեւ սովորությունները:
Հետազոտության համաձայն, 20-րդ դարասկզբին տղամարդիկ կանանցից երկու անգամ (ավելի ճիշտ 2,2 անգամ) ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում, կանանցից երեք անգամ ավելի հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում եւ, համապատասխանաբար, 3,6 անգամ ավելի հաճախ էին վաստակում ալկոհոլի հետ կապված լուրջ հիվանդություններ, օրինակ՝ լյարդի ցիռոզ:
Սակայն հաջորդ տասնամյակների ընթացքում այդ խզումն աստիճանաբար կրճատվում էր, եւ 21-րդ դարի սկզբին տղամարդիկ միայն փոքր-ինչ (1,1 անգամ) են շատ խմում կանանցից, նրանցից միայն 1,2 անգամ ավելի հաճախ են իրենց հասցնում ալկոհոլիզմի եւ միայն 1,3 անգամ ավելի հաճախ են ալկոհոլի հետ կապված առողջական խնդիրներ ունենում: