Մենաշնորհի դեմ պայքարն ավարտվեց ընդամենը 2 շաբաթում
Մեր զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
– Պարոն Խաչատրյան, ՀՀ վարչապետը կառավարության նիստում մենաշնորհների վերաբերյալ հանձնարարականներ է տվել և նշել, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բանանի, դեղորայքի, վառելիքի և մի շարք այլ շուկաներ, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են՝ որպես մենաշնորհ: Ըստ Ձեզ՝ Հայաստանում իսկապե՞ս չկան մենաշնորհներ, և հասարակությո՞ւնն է սխալ ընկալում:
– Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարության քայլերն իմիտացիա են, և ռեալ ցանկություն չկա հենց մենաշնորհների հետ կապված խնդիրները լուծելու: Եթե կառավարության մեջ չկա գիտակցումը, որ մենաշնորհների պատճառով է տնտեսությունը հայտնվել այս իրավիճակում, ուրեմն դրությունն ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Շատերի մոտ տեսակետ կար, որ միգուցե կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը մենաշնորհների նկատմամբ և փոխել է իր մոտեցումները տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, բայց այս հայտարարությունը նշանակում է, որ կառավարությունը որևէ ձևով չի ուզում խնդիրը լրջորեն լուծել, և, բացի հասարակության մեջ ձևավորված տեսակետից, լավ կլիներ, որ կառավարության անդամները Համաշխարհային բանկի կամ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրատարակվող հաշվետվությունները նայեին, որոնցում ՀՀ տնտեսության զարգացմանը խոչընդոտող որպես հիմնական պատճառ՝ նշվում է մենաշնորհները: Իսկ կառավարության նիստի ժամանակ քննարկվում է, արձագանք չի տրվում և ընդամենը հանձնարարվում է ուսումնասիրել: Այսինքն՝ ի՞նչն ուսումնասիրեն, գնան-գան ու ասեն, որ բանանը բերում է մի՞ ընկերություն, որ շաքարավազը բերում է մի՞ ընկերություն: ՏՄՊՊՀ-ն նախկինում իր վերլուծություններում մենաշնորհի փոխարեն՝ նշում էր՝ կենտրոնացվածություն, թե տարբեր ոլորտներում որ ընկերությունները քանի տոկոս մասնակցություն ունեն: Պետք է արձանագրել, որ մենաշնորհի դեմ պայքարի խոսակցություններն ավարտվեցին ընդամենը 2 շաբաթ հետո, և եկանք նրան, որ մենաշնորհներ Հայաստանում չկան:
– ՀՀ պաշտոնյաները նախկինում մշտապես պնդել են, որ մեր երկրում արգելված չէ մենաշնորհը, արգելված է դրա չարաշահումը: Ձեր կարծիքով՝ մենաշնորհները պե՞տք է օրենքով արգելել:
– Կառավարության անդամների կամ պատասխանատուների այդ դիրքորոշումն ավելի շատ դեմագոգիա է, քան իրականության հետ առնչություն ունեցող: Սովորաբար, ՀՀ-ում օրենքների առումով մեծ մասամբ ամեն ինչ կարգին է, բայց խնդիրն այն է, որ դրանք չեն կիրառվում: Ի՞նչ է, որևէ տեղ գրված է, որ մարդիկ պետք է կոռուպցիայով զբաղվե՞ն: Չէ՞ որ դա օրենքով ամրագրված չէ, բայց կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և դա այն երևույթն է, որ մեր ամբողջ կառավարման համակարգն օրենքից դուրս է աշխատում: Նույնը վերաբերում է քաղաքական համակարգին, որ, երբ մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալում են, սա որևէ օրենքով ամրագրված չէ: Մարտի 1-ի դեպքերը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները դա են հուշում: Խորհրդային տարիներին էլ քաղաքական հայացքների համար դատապարտելու հոդված չկար, բայց մարդկանց ոչ միայն դատապարտում էին, այլև՝ մահապատժի ենթարկում: Այնպես որ, դա աչքակապություն է, և արդարացնում են այն, ինչ իրականությունում կա:
Ինչ վերաբերում է մենաշնորհների հարցն օրենսդրորեն կարգավորելուն, ապա, իմ կարծիքով՝ շուկայական տնտեսության պայմաններում նման սահմանափակումներ պետք չեն, բայց շատ ժամանակ չարաշահման հավանականությունը մեծանում է՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, և դա ամենազարգացած երկրներում էլ կա, օրինակ՝ ԵՄ-ն «Մայքրոսոֆթին», «Գուգլին» տուգանեց գերիշխող դիրքի չարաշահման համար և սահմանափակում մտցրեց շուկայում նրանց տեսակարար կշռի առումով: Այսինքն՝ կարելի է օրենսդրորեն սահմանափակումներ մտցնել որևէ ընկերության կամ ծառայության շուկայում չափի առումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուկայում որևէ արտադրանքի կամ ծառայության ներկայությունը չպետք է գերազանցի 25%-ը: Մեզ մոտ էլ կարող է այդ մոտեցումը կիրառվել:
– Սակայն մեզ մոտ մենաշնորհներն արդարացվում են նրանով, որ խոշոր չափաբաժիններ ներկրելն ավելի մատչելի է:
– Դա անընդունելի մոտեցում է, և վաղուց անցած էտապ է: Ժամանակին փոխադրողների հնարավորություններն ավելի քիչ էին, միայն երկաթգիծ կար, կամ ավտոճանապարհ, հիմա հնարավորությունները շատ են, տեխնոլոգիաներն ամեն օր են փոխվում, և ծախսերը հնարավոր է նվազեցնել: Երկրորդ հանգամանքը կա՝ տարանջատում կատարել մեծածախ և մանրածախ առևտրի առումով, և մեծածախ առևտրով զբաղվողներին օրենքով արգելել մանրածախ շուկա մուտք գործել: «Երևան Սիթին» կամ «Սասն» իրենք են ներկրում ու սեփական ցանցում վաճառում, այդպիսով՝ արգելափակելով նոր խաղացողների մուտքն այդ ոլորտ:
Ինչպե՞ս է Հայաստանում տեղի ունեցել մենաշնորհների առաջացումը: Եթե դա լիներ իրականում տնտեսական մրցակցության արդյունքում, դա մի քիչ այլ է, և բարձրացվող հարցը, որ հայկական շուկան փոքր է, և անհրաժեշտություն կա 1 կամ 2 խոշոր ներկրող ունենալ, այդ խոսակցություները տեղին կլինեին: Բայց քանի որ մեզ մոտ դա տեղի չի ունեցել ազատ մրցակցության պայմաններում, այլ՝ իշխանական լծակների ազդեցությամբ, և շատ դեպքերում՝ իրավական դաշտից դուրս գործողությունների արդյունքում, ապա այդ խոսակցությունները հարիր չեն:
Ավելին, 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբ ապրանքների մենաշնորհների մասին խոսակցություն չկար, որովհետև իսկապես կար ազատ մրցակցություն, և վառելիքի ներկրմամբ զբաղվում էր 20-30 ընկերություն, դեղորայքի՝ 30-60 ընկերություն, շաքարի՝ տասնյակ ընկերություններ: Երբ կա հավասար մրցակցություն, չկա հովանավորչություն, շուկան լրիվ այլ ձևով է իրեն դրսևորում: Այսինքն՝ Հայաստանի շուկայի փոքրությունը չէ պատճառը, որ մենաշնորհ ձևավորվեց, այլ՝ Հայաստանում բիզնեսի ոչ հավասար պայմանները և հովանավորչական քաղաքականությունն իշխանության կողմից: Եվ այդ ամենն ունեցել է քաղաքական նպատակ: Դրանով բիզնեսի մի ահռելի զանգվածի զրկել են ֆինանսական, տնտեսական հնարավորություններից, որը կարող էր օգտագործվել քաղաքական կյանքում շատ ժողովրդավարական երկրներին հարիր և պատշաճ ձևով:
– Պարոն Խաչատրյան, իսկ այդ հովանավորչության սկիզբը ե՞րբ է դրվել: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին խոսում են տարիներ, և որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում, և գործնական քայլեր են պետք:
– Ժամանակաշրջանային առումով՝ դրանք սկսվեցին 2002-2003 թթ.-ից շատ ընդգծված զգացնել տալ:
– Քոչարյանը մոռացե՞լ է այդ մասին:
– Դե, ես չգիտեմ՝ ով ինչ է մոռացել կամ ինչու է մոռացել: Մենք սկսում ենք խաբե՞լ իրար: Եթե ուզում ենք խնդիրը լուծել, պետք է ամեն ինչի մասին բաց և հրապարակային խոսել, և խոսել թվերով: Դեռ 4 տարի առաջ ՀԱԿ-ը մի մեծ փաստաթուղթ ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ անվանական նշելով մասնակիցներին: Ինչո՞ւ են խուսափում իրականությունից: Ի՞նչ կապ ունի 1995-ին, 2005-ին, թե՞ 2015-ին է եղել: Փաստերը վկայում են, որ կոռուպցիայի ազդեցությունը տնտեսության վրա սկսվեց 2002-2003-ին: Այժմ, եթե իրականում կա կոռուպցիան վերացնելու ցանկություն ու քաղաքական խիզախություն, դա հնարավոր է: Բայց այսօր դեռ չկա հնարավորություն ազատ ներկրելու: Ես Ձեզ հավատացնում եմ, որ մենաշնորհային ապրանք ներկրել փորձելու դեպքում այսօր էլ գործարարը խնդիր կունենա, և մի անգամ բախվելով խոչընդոտների՝ այլևս նոր փորձ չի անի: Իսկ եթե իշխանության հայտարարություններից հետո բիզնեսը չի զգում, որ իրականում այդ հնարավորությունը տրված է իրեն, դա ավելի վատ է, և ավելի լավ էր, եթե չհայտարարեին: