«Միգուցե Ադրբեջանի հայտնվելը ԵԱՏՄ-ում մեզ համար լինի դրական քայլ». Գագիկ Մելիքյան
Ինչպես հայտնի է, կան տարբեր վերլուծություներ, որ այս պահին Ռուսաստանն ավելի հետաքրքրված է Ադրբեջանով, և մասնավորապես ուզում է նրան ԵԱՏՄ անդամ դարձնել, ու հիմա ուզում են ԱԺ օրակարգ մտցնել՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ այդ նախագածի ներկայացումը Ազգային ժողովի քննարկմանը նպատակահարմար չէ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը բավականին ճիշտ է՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ քաղաքականությունն է, ՀԱՊԿ անդամակցությունը ճիշտ քաղաքականություն է։ Ես կարծում եմ, որ էմոցիաներով արտաքին քաղաքականություն երբևէ չի կարելի վարել, համոզված եմ, որ հարաբերությունների հաստատումը ցանկացած երկրի հետ բավականին դժվարին գործընթաց է,հարաբերությունների բարձր մակարդակի պահպանումը ցանկացած երկրի հետ բավականին դժվարի գործընթաց է։ Չի կարելի տարբեր երկրների, առանձին քաղաքական գործիչների կողմից իրականացվող հայտարարությունները ընդունել հիմք և էմոցիաներով պատասխանել։ Համոզված եմ, որ չի կարելի միջազգային տարբեր կառույցներից դուրս գալու հայտ ներկայացնել, եթե ինչ-որ մի երկիր տվյալ պահին ոչ հայանպաստ քաղաքականություն է ժամանակավորապես իրականացնում»,-նշեց Գ. Մելիքյանը:
Նրա կարծիքով՝ այդ ձևով և այդ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում՝ պետք է հայտ ներկայացվի նաև դուրս գալու այլ միջազգային կառույցներից. «Բերեք չմոռանանք, որ եթե այդպիսի տրամաբանությամբ առանջորդվենք, երբ Եվրոխորհրդարանը որոշում կայացրեց Սարսանգի ջրամբարի մասին, կամ այլ ոչ հայանպաստ որոշումներ կայացրեց, մենք պետք է հայտ ներկայացնեինք նաև Եվրոպական խորհրդարանի՞ց դուրս գալու, իհարկե՝ ոչ, ես այդ կարծիքը չեմ կիսում, համաձայն չեմ դրա հետ, համոզված եմ, որ կգա ժամանակը, որ նմանատիպ նախագծեր ներկայացնողները նույնպես կմտածեն, որ առաջնարհերթությունը պետք է լինեն մեր ժողովրդի և մեր պետության շահերը։ Չի կարելի առաջնորդվել այլ երկրների շահերով և նմանատիպ առաջրկություններ մտցնել»:
Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է հայտվել ԵԱՏՄ-ում. Գ. Մելիքյանը չբացառեց ոչինչ. «Միգուցե նաև դա կլինի դրական քայլ»:
Լրագրողի ճշտող հարցին, թե ո՞ւմ համար դրական քայլ կլինի, ՀՀԿ քարտուղարն այսպես արձագանքեց. «Չեմ բացառում, որ նաև մեզ համար, որովհետև նույն տնտեսական միության մեջ հայտնվելու դեպքում պետք է կայացվեն ընդհանուր որոշումներ, չեն կարող լինել որոշումներ, որ հակասում են մեկ այլ անդամ երկրի շահերին»: