«Ցանկալի է, որ մեր դաշնակից երկիրը մեզ թշնամի, ահաբեկիչ համարվող երկրին զենք չվաճառի». ՀՀԿ խմբակցության քարտուղար

«Ասել, որ սեղանին միայն Մադրիդյան փաստաթուղթն է, այնքան էլ համամիտ չեմ,  բանակցային գործնթացը չի նշանակում Մարդիդյան փաստաթուղթ, դրանից հետո եղել են նաև բավականին այլ փաստաթղթեր և առաջարկություններ, ու կարծում եմ, որ դեռևս բավական առաջարկություններ  կհնչեն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում մենք կարող են միայն փոխզիջումների  ճանապարհով հասնել վերջնական խնդրի լուծմանը. «Փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է միանշանակորեն  ճանաչվի, այդ թվում նաև՝ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, բայց ես կցանկանամ մի բան ավելացնել՝ տարածքային ամբողջականության սկզբունքն այս պարագայում դեռևս չի նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, սա նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականություն»:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այն, որ այս օրերին շատ քննադատություններ հնչեցին Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասով, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ կարծում է՝ այս ընթացքում որոշ քաղաքական գործիչներ և ուժեր փորձեցին ստվեր գցել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա. «Բերեք չմոռանանք, որ նույն Ռուսաստանը, լինելով նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, ինչպես նաև լինելով ԵՏՄ անդամ, բավականին մեծաքանակ զենքեր է մատակարարում նաև հայկական բանակին: Նաև ՀԱՊԿ-ը, լինելով անվտանգության երաշխավոր, կիսում է Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը: Այսօր ռուսական զորքերն են կանգնած հայ-թուրքական սահմանին, բերեք դա չմոռանանք և այն հանգամանքը, որ ռուսական զենքով ենք կռվում նաև մենք»:

Նա նկատեց, որ երբ աշխարհի որևէ տարածքում լարվածություն է ստեղծվում, այդ թվում նաև իրականացվում են մարտական գործողություններ, միշտ հայտնվում են երկրներ, գերտերություններ, որոնք ցանկություն են հայտնում զենք մատկարարել լարվածության երկու կողմերին. «Մեր տարածքը նույնպես բացառություն չէ, զենքեր մատակարարվում են տարբեր երկրների կողմից՝ և՛ էժան, և՛ թանկ, և՛ նվիրատվություններ են իրականացվում: Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, որովհետև յուրաքանչությունը նաև իր շահերն է հետապնդում տարածաշրջանում, մենք պետք է  ցանկացած պարագայում մեր շահերը համապատսխանեցնենք այն երկրների շահերին, որոնք նաև նմանատիպ գործողություններ են իրականացնում»:

Գ. Մելիքյանն ընդունում է, որ մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է  ավելի բարձր մակարդակի բարձրացնենք, ընդունում է, որ  զենքի վաճաք իրականացվել է տարբեր կողմերին՝ տարբեր երկրների կողմից, միևնույն ժամանակ՝ ընդունում է, որ մենք պետք է պայքարենք միջազգային հանրության շրջանում, որպեսզի զենքի մատակարարումներն «ագրեսոր» երկրին դադարեցվեն. «Չնայած՝ այնքան էլ չեմ հավատում իմ ասածին: Յուրաքանչյուր պարագայում մենք պետք է նաև նմանատիպ գործընթաց սկսենք, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Ադրբեջանին որպես ագրեսիա իրականացնող երկիր, որպես ահաբեկչական երկիր, և զենքի մատակարարումները ահաբեկչական երկրին ընդհանրապես դադարեցվեն բոլոր երկրների կողմից»:

Հարցին էլ, թե ընդունո՞ւմ եք, որ Ռուսաստանի հանդեպ հնչող մեղադրանքները տեղին էին, ՀՀԿ քարտուղարը պատասխանեց. «Կարծում եմ՝ ցանկալի է, որ մեր դաշնակից երկիրը մեզ թշնամի, ահաբեկիչ համարվող երկրին զենք չվաճառի, կարծում եմ՝ դա նույնպես տարածաշրջանում քաղաքական լուրջ նպատակներ է հետպանդում, և համոզված եմ, որ այն ծանր քաղաքականությունը, որ վարվում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանում, երբևէ իր դրական արդյունքը  կտա նաև խաղաղության պահպանման առումով: Ես համոզված եմ, որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ Հարավային Կովկասում ուզում է ռազմական լուրջ լարվածություն ունենալ կամ ստեղծել»:

Տեսանյութեր

Լրահոս