Էրդողանը խստապես քննադատել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նորընտիր ղեկավարին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռակա բանավեճի մեջ է մտել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նորընտիր ղեկավար Մուսթաֆա Աքընջըի հետ՝ կապված Անկարայի ու ինքնահռչակ հանրապետության ապագա հանրապետության հետ:
Աքընջըն հաղթանակ է տարել ՀԿԹՀ-ի բախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ նախնական տվյալներով հավաքելով քվեների 60.38 տոկոսը:
Ավելի վաղ նա հայտարարել էր երկրի վերամիավորման անհրաժեշտության և ՀԿԹՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները փոխելու ցանկության մասին, որպեսզի դրանք դառնան իրավահավասար և ոչ թե ավագ ու կրտսեր եղբոր հարաբերություններ:
Քուվեյթ մեկնելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրոների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան բարձր գին է վճարել Հյուսիսային Կիպրոսի համար, մեր մարտիկները նրա համար տվել են իրենց կյանքը:
Եվ մենք շարունակում ենք վճարել՝ ամեն տարի Հյուսիսային Կիպրոսի համար ծախսելով մոտ 1 միլիարդ դոլար: Ո՞վ միջազգային մակարդակում կպայքարի նրա համար: Մի՞թե Աքընջըն միայնակ կարող է շահել այդ մարտը: Թուրքիան Հյուսիսային Կիպրոսին սիրում է այնպես, ինչպես մայրն է սիրում իր երեխային»:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»: