Բաժիններ՝

Առաջնորդի որդին. Յակով Ջուղաշվիլին չի դավաճանել ո՛չ հայրենիքը, ո՛չ հորը

Իոսիֆ Ստալինի ավագ որդու՝ Յակով Ջուղաշվիլու կենսագրությունը պատված է միֆերի և հակասությունների մի ամբողջ ցանցով։ Միանգամից մի քանի վարկած կա այն մասին, թե ինչ պատահեց նրա հետ 1941 թ. ողբերգական ամռանը։

Բացի այդ՝ տարբեր պատմաբաններ միանգամայն իրար հակասող գնահատականներ են տալիս նրա ու հոր հարաբերությունների մասին։ Յակովի կյանքը լի էր ողբերգական դրվագներով, սակայն նա ամենադժվար պահերին անգամ կարողացավ պահպանել արժանապատվությունը։

Ծնունդը

Հեղափոխական Իոսիֆ Ջուղաշվիլու և նրա կնոջ՝ Եկատերինա Սվանիձեի առաջնեկը ծնվել է վրացական Բաձի գյուղում 1907 թ. մարտի 18-ին: Երեխան ընդամենը կես տարեկան էր, երբ թոքախտից մահացավ մայրը: Կնոջն անսահման սիրող Իոսիֆը թաղման ժամանակ դագաղի հետևից նետվեց գերեզմանափոսը. ապագա Առաջնորդի համար կնոջ մահն անասելի ցնցում էր: Սակայն բանտարկություններով և աքսորներով ուղեկցվող հեղափոխական գործունեությունը Ջուղաշվիլուն թույլ չէին տալիս զբաղվել որդու դաստիարակությամբ: Յակով Ջուղաշվիլին մեծացավ մոր՝ Եկատերինա Սվանիձեի բարեկամների մոտ: Որդու դաստիարակությամբ զբաղվելու հնարավորություն հայրն ունեցավ միայն 1921 թ. Մոսկվայում, երբ որդին արդեն 14 տարեկան էր: Բնավորությամբ որդին հորն էր քաշել, սակայն փոխհասկացվածություն նրանց միջև չկար: Փաստորեն, առանց հոր մեծացած Յակովը՝ արդեն պատանեկան մաքսիմալիզմի շրջան թևակոխած լինելով, իր վարքով հաճախ էր խնդիրներ ստեղծում պետական գործերով ծանրաբեռնված հոր համար:

Կարդացեք նաև

«Խուլիգանը և շանտաժիստը»

Yakov (1)Իսկապես լուրջ կոնֆլիկտ հոր և որդու միջև տեղի ունեցավ 1925թ., երբ Էլեկտրատեխնիկական դպրոցի շրջանավարտ Յակով Ջուղաշվիլին ցանկություն հայտնեց ամուսնանալ 16-ամյա Զոյա Գունինայի հետ: Ստալինը որդու վաղ ամուսնությանը բոլորովին հավանություն չտվեց, և այդ ժամանակ տաքացած պատանին որոշեց ինքնասպան լինել: Բարեբախտաբար, Յակովը կենդանի մնաց, սակայն հոր հարգանքը կորցրեց վերջնականապես: Ստալինը հանձնարարեց որդուն փոխանցել, որ նա «խուլիգան և շանտաժիստ է»՝ ճիշտ է, թույլ տալով ապրել այնպես, ինչպես վերջինս ուզում է:

Եթե ինքը` Ստալինը, որդու նկատմամբ մեծ կապվածություն չէր զգում, ապա 2-րդ ամուսնությունից ծնված նրա երեխաները՝ Սվետլանան և Վասիլին, շատ էին կապված եղբոր հետ: Սվետլանան Յակովի հետ անգամ ավելի շատ էր կապված, քան Վասիլիի հետ: Իր կովկասյան տաքարյուն բնավորության պատճառով Զոյա Գունինայի հետ ամուսնությունը շատ արագ ավարտվեց:

1936 թ. Յակովն ամուսնացավ բալետի պարուհի Յուլյա Մելցերի հետ: Եթե նրա համար սա 2-րդ ամուսնությունն էր, ապա Յուլյայի համար՝ 3-րդն էր:

Այդ ժամանակ նա արդեն վերջնականապես ընտրել էր զինվորական կարիերան:

1938 թ. փետրվարին Յուլյան ու Յակովն ունեցան դուստր, որին տվեցին Գալինա անունը:

Անհայտ կորածը

Յակովի կյանքն աստիճանաբար մտնում էր հունի մեջ: Հայրը նրան հոգատարությամբ և ուշադրությամբ երես չէր տալիս, սակայն, հանուն արդարության՝ պետք է նշել, որ Յակովն ինքն էլ չէր ձգտում «ոսկե տղայի» դերին: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր նրա հետագա կյանքը, բայց մի բան հստակ է. ոչ բարձրագույն կուսակցական գործունեության, ոչ էլ, առավել ևս, հորը փոխարինելու համար Ստալինը նրան չէր պատրաստում:

Yakov (2)1941 թ. հունիսին Յակով Ջուղաշվիլին մեկնեց ռազմաճակատ: Հոր և որդու բաժանումը, դատելով վկայություններից, բավականին չոր ստացվեց. Ստալինը կարճ խոսեց՝ գնա՛ և կռվի՛ր: 14-րդ տանկային դիվիզիայի 14-րդ հաուբիցային գնդի 6-րդ հրետանային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Յակով Ջուղաշվիլու համար պատերազմը կարճատև եղավ:

Ռազմաճակատում նա եղավ հունիսի 24-ից մինչև հուլիսի 7-ը և աչքի ընկավ բելառուսական Սեննո քաղաքի մատույցներում մղված մարտերում:

Բայց արդեն մի քանի օր անց 20-րդ բանակի զորամիավորումները, որի կազմում էր նաև 14-րդ տանկային դիվիզիան, շրջափակման մեջ ընկան:

Հուլիսի 16-ին Լիոզնո քաղաքի մոտ շրջափակումից դուրս գալու փորձի ժամանակ ավագ լեյտենանտ Ջուղաշվիլին անհետ կորավ: Ջուղաշվիլու որոնումները շարունակվեցին 1 շաբաթ, սակայն արդյունք չտվեցին:

Իսկ մեկ շաբաթ անց խորհրդային զինվորների գլխին սկսեցին թերթիկներ թափվել, որոնցում պատկերված էր Ստալինի որդին՝ իբր ինքնակամ գերի հանձնված: Դրանցով նացիստները զինվորներին կոչ էին անում հետևել Առաջնորդի որդու օրինակին:

Թե ինչ էր զգում Իոսիֆ Ստալինը որդու գերեվարության լուրը ստանալով՝ իրականում հայտնի չէ, սակայն հստակ է, որ այդ քայլը հիտլերականների մոտ սպասվելիք քարոզչական էֆեկտը չտվեց:

Յակով Ջուղաշվիլին հասարակական գործիչ չէր. այնպես որ, խորհրդային զինվորներին այդպես էլ պարզ չեղավ՝ դա իրոք Ստալինի որդի՞ն էր, թե՞ պարզապես ֆաշիստների կողմից արված քարոզչական հնարանք:

Դա հայտնի չէր նաև խորհրդային իշխանությանը, որն ամեն կերպ փորձում էր հավաստի տեղեկություններ ստանալ Ստալինի որդու մասին: Փաստաթղթերը, որոնք պատմում էին, թե ինչ է կատարվել Յակովի հետ գերության մեջ, գերմանական արխիվներում հայտնաբերվեցին պատերազմի ամենավերջում: Դրանցից պարզ դարձավ, որ 1941թ. հուլիսի 16-ին գերեվարված ավագ լեյտենանտ Ջուղաշվիլին հարցաքննությունների ժամանակ իրեն պահել է արժանապատվորեն, գերմանացիների հետ չի համագործակցել, ու, թեև ցավ է ապրել, որ պատերազմի առաջին շաբաթները պարտություններով են ուղեկցվել, սակայն վերջնական հաղթանակին չի կասկածել:

Դրանից հետո սկսվում են Յակով Ջուղաշվիլու դեգերումները համակենտրոնացման ճամբարներով: Սկզբում նրան փորձում էին գերմանացիների հետ համագործակցության մղել՝ համոզելով, սակայն կտրուկ մերժում ստանալուց հետո՝ փորձեցին իրենց ուզածին հասնել գեստապոյում կտտանքների միջոցով, բայց դա էլ արդյունք չտվեց:

Մահը

 

Yakov (3)Ի վերջո, Ջուղաշվիլին ուղարկվեց Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի հատուկ A ճամբար, ուր հիտլերականները պահում էին հակահիտլերյան կոալիցիայի բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարված բարեկամներին: Ճամբարում Ստալինի որդին իրեն բավականին փակ էր պահում՝ չթաքցնելով իր ատելությունն ու զզվանքը ճամբարի ադմինիստրացիայի նկատմամբ: 1943 թ. ապրիլի 14-ին Յակով Ջուղաշվիլին անսպասելիորեն նետվեց ճամբարային պաշտպանիչ երկաթալարերի վրա, որոնցով բարձրավոլտ հոսանք էր անցնում: Միաժամանակ ժամապահը կրակ է բացում նրա ուղղությամբ, և Յակով Ջուղաշվիլին զոհվում է տեղում:

Այդ քայլի պատճառների մասին ճշգրիտ ինֆորմացիա չկա և, հավանաբար, այլևս չի էլ լինի:

Գերիներից մեկը, ով Յակովի հետ ճամբարում էր եղել, վստահեցնում էր, որ վերջինս ճնշված վիճակում էր բեռլինյան այն ռադիոհաղորդումից հետո, որի ընթացքում մեջբերվել էր Ստալինի հետևյալ խոսքը. «Ես Յակով անունով որդի չունեմ»:

Հայտնի է, որ դեռևս առաջին հարցաքննությունների ժամանակ Յակովը խոստովանել է, որ ինքը հոր առաջ ամաչում է իր գերության համար: Հնարավոր է՝ այն ռադիոհաղորդումը իսկապես դարձավ վերջին կաթիլը, ինչից հետո նա որոշեց գնալ ինքնասպանության:

 

Չկայացած փոխանակում

 

Յակով Ջուղաշվիլու անվան հետ կապված ամենահայտնի ռազմական պատմությունը վերաբերում է 1943 թ.-ին: Պնդում են, որ Կարմիր խաչի միջոցով հիտլերականները առաջարկել են Յակով Ջուղաշվիլուն փոխանակել Ստալինգրադում գերի վերցված ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի հետ:

Որ նման բան եղել է, վկայակոչելով հորը՝ իր հիշողություններում պատմում է Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան: Իբրև թե, ի պատասխան այդ առաջարկի՝ Ստալինը պատասխանում է. «Ես զինվորներին ֆելդմարշալների հետ չեմ փոխում»: Որոշ պատմաբաններ կասկածում են, որ նման առաջարկ ընդհանրապես եղել է: Քննադատները, սակայն, Ստալինի մերժման մեջ անմարդկայնություն են տեսնում, սակայն բարոյական իրավունք ունե՞ր արդյոք երկրի ղեկավարը, որի միլիոնավոր զինվորները գերության մեջ էին գտնվում, այդ կերպ փրկել իր որդուն:

Իր հուշերում Գեորգի Ժուկովը պատմում է, որ մի անգամ պատերազմի ժամանակ իրեն թույլ է տվել Ստալինին հարցնել որդու ճակատագրի մասին: Ստալինը մռայլ պատասխանել է, որ Յակովին ճամբարում մեկուսացված են պահում, և իրենք, հավանաբար, նրան այլևս կենդանի չեն տեսնի: Զանազան աղբյուրներում կարելի է հիշատակությունների հանդիպել այն մասին, որ մի շարք հատուկ օպերացիաներ են անցկացվել Յակովին ազատելու համար, սակայն դրանք բոլորն էլ անհաջողության են մատնվել:

Յակովի գերեվարությունն ուղղակիորեն ազդեց նաև նրա կնոջ՝ Յուլյա Մելցերի ճակատագրի վրա, ով ձերբակալվեց և բանտում անցկացրեց կես տարի: Սակայն, երբ պարզվեց, որ նրա ամուսինը գերմանացիների հետ չի համագործակցել, նա ազատվեց բանտից:

Ըստ Յակով Ջուղաշվիլու դստեր՝ Գալինա Ջուղաշվիլու հուշերի՝ մոր ազատվելուց հետո մինչև իր կյանքի վերջը Ստալինը հովանավորում էր իրենց՝ առանձնահատուկ քնքշանք ցուցաբերելով թոռնուհու նկատմամբ: Նա համարում էր, որ Գալինան շատ նման էր հորը՝ Յակովին:

Yakov (5)Տեղին է հիշել, որ Յակովի մտերիմները և ընտանիքի անդամները նրա հետ պատահածի այլ վարկած ունեն, համաձայն որի՝ նա զոհվել է մարտում 1941թ. հուլիսի 16-ին, իսկ գերմանական գերության մեջ պահվող մարդը նրա նմանակն էր: Նրանք վստահ էին, որ գերմանացիների կողմից տարածված լուսանկարները ֆոտոմոնտաժի արդյունք են, ինչպես նաև նկատել էին անհամապատասխանություններ հարցաքննությունների արձանագրություններում: Մասնավորապես, Յակովի հարազատները նշում են, որ վերջինիս բացարձակապես չէին տրվում օտար լեզուները, այնինչ գերության մեջ գտնվող մարդն ազատորեն տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին:

Այլ վարկածի համաձայն՝ Յակով Ջուղաշվիլին, իբր, կենդանի է մնացել և պատերազմի ավարտից հետո որոշել է չվերադառնալ ԽՍՀՄ:

Ամենացնցող հիպոթեզն այն էր, որ իբր Յակովի դեգերումներն ավարտվել են Իրաքում, որտեղ նա ընտանիք էր կազմել և դարձել… Սադամ Հուսեյնի հայրը: Որպես ապացույց՝ բերվում էին իրաքյան բռնակալի լուսանկարները, որոնցում նա 2 կաթիլի պես նման էր «պապին»՝ Իոսիֆ Ստալինին:

Այս վարկածը բավականին տարածված էր, սակայն այն հերքում է գոնե այն փաստը, որ Սադամ Հուսեյնը ծնվել է 1937թ., երբ Յակովը հանգիստ ապրում էր Խորհրդային Միությունում:

 

Հետմահու

 

Չնայած բոլոր հակասություններին՝ պատմաբանները համակարծիք էին մի հարցում. հայրենիքի դավաճան և գերմանական գործակալ Յակով Ջուղաշվիլին չի եղել, դավաճանությամբ իր անունը չի արատավորել: Եվ դրա համար նա արժանի է հարգանքի:

1977թ. հոկտեմբերի 27-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով գերմանաֆաշիստական նվաճողների դեմ պայքարում ցուցաբերած արիության, գերության մեջ եղած ժամանակ տղամարդկային բնավորություն ցուցաբերելու և անհողդողդության համար Յակով Իոսիֆի Ջուղաշվիլին հետմահու պարգևատրվեց Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Նրա անունը դաջված է նաև 2 բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Մոսկվայի տրանսպորտային ինժեներների ինստիտուտի և Ձերժինսկու անվան Հրետանային ակադեմիայի՝ իրենց զոհված շրջանավարտների անունները հավերժացնող հուշատախտակի վրա:

 

Ըստ aif.ru-ի՝ նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս