«Երբ խորհրդարանում ասում են` «արա, ո՞ւր ես քֆուր տալիս», ես ամոթից մեռնում եմ». Կարինե Դանիելյան
Մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որի ժամանակ նաև հակիրճ ներկայացրել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, պատմելով այդ հանդիպման մասին, նշեց, որ նախագահը ներկայացրել է, թե ինչու է նպատակահարմար Սահմանադրությունը փոփոխել: Կ. Դանիելյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը նաև նշել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է ոչ թե կիսանախագահական համակարգը, այլ նույնիսկ նախագահականը, «բայց քանի որ կարծես թե պահանջ կա, որ Սահմանադրությունը լինի պառլամենտական», իրենք նախաձեռնել են այդ փոփոխությունները:
Հարցին՝ որտեղի՞ց է այդ «պահանջը» արտացոլվել, Կ.Դանիելյանը պատասխանեց՝ կարծես թե մասնագետների կողմից: Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն տարածվել է համացանցում, որտեղ նշված է, թե ինչ հակասություններ կան Սահմանադրության մեջ, ինչ թերություններ կան և ինչը պետք է փոխվի. «Այստեղ, իհարկե, ես դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ, որովհետև կարծում եմ՝ հիմքը ոչ թե դա է, այլ այն, թե որքանո՞վ է գործում այդ Սահմանադրությունը, որքանով են գործում են օրենքները»:
Դիտարկմանը, թե նման քաղաքական իրավիճակում, նման խորհրդարանով, ի՞նչ խորհրդարանական համակարգի մասին է խոսքը, Կ.Դանիելյանը պատասխանեց.
«Ես համաձայն եմ, այնտեղ խոսվեց այդ մասին: Երբ նայում ես ելույթները և հանկարծ այնտեղ ասում են՝ «արա, ո՞ւր ես քֆուր տալիս», ես ամոթից մեռնում եմ, որ մենք այդ տեսակ խորհրդարան ունենք: Իհարկե, այդ առումով այստեղ խնդիր կա: Ու այդ մասին խոսվեց»:
Կ. Դանիելյանը նաև մանրամասնեց, թե ինչի մասին է ինքը խոսել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ինքն ընդգծել է Սահմանադրության մեջ կայուն զարգացման գաղափարը ներառելու մասին, որի արդյունքում քիչ բանավեճ է ստացվել.
«Մի կին հարց բարձրացրեց, որ այն գործարանները, տնտեսական օբյեկտները, որոնք սեփականաշնորհվել են և չեն գործում, պետք է ազգայնացվեն և կարգի բերվեն, և դա պետք է Սահմանադրության մեջ լինի: Նախագահը հակադարձեց, թե ուրեմն դա տնտեսապես շահավետ չի եղել, և դրա համար մարդը չի աշխատացրել, «հո հիմար չի՞՝ գումար ծախսի, գնի՝ հետո չաշխատացնի, և հակառակը՝ Սահմանադրությունը պետք է ապահովի մասնավորի ունեցվածքի անձեռնմխելիությունը»:
Այս կետը ինձ շատ է անհանգստացնում, ես ինձ հետո թույլ տվեցի ասել, որ մեզ միշտ անհանգստացրել է այն հարցը, որ տիկինը բարձրացրեց և մենք դա բարձրացրել ենք 1996-ից սկսած: Ես բերեցի «Դվին» հյուրանոցի օրինակը, որ քանի տարի է՝ «Դվինը» որպես կիսաքանդ աղբանոց, կանգնած էր քաղաքի կենտրոնում, իրոք, պետք էր այդ հարցերը վաղուց լուծել: Նախագահն ինձ հետ չհամաձայնվեց՝ ասելով՝ «ինչպես միշտ, դուք անհաջող օրինակ եք բերում»: