2014-ի աղմկահարույց դատավարությունները. մաս 1

2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:

Շանթ Հարությունյանի և ընկերների գործը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա հունիսին սկսվեց և հոկտեմբերին ավարտվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը: Հոկտեմբերի 17-ին աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 19:30-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց այս գործով դատավճիռը՝ գործով 14 ամբաստանյալներին մեղավոր ճանաչելով խուլիգանության կատարման, մեկ ամբաստանյալին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, մեկի էլ՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ: 2013թ. նոյեմբերի 5-ին կատարված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով  ՝ Շանթ Հարությունյանը և Ալբերտ Մարգարյանը դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման. Ալբերտ Մարգարյանն արդարացվեց իշխանության ներակայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում: Ալեք Պողոսյանը դատապարտվեց՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5 տարվա ժամկետով ազատազրկման, Միսակ Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի, սակայն  ազատվեց պատժի կրումից, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման. նա արդարացվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում: Սևակ Մնացականյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց  4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ փորձաշրջան սահմանելով: Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը դատապարտվել է՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի ժամկետով ազատազրկման: 2013թ. նոյեմբերի 5-ից այս գործով ամբաստանյալներն անազատության մեջ են. այժմ ազատության մեջ են միայն Շահեն Հարությունյանը, Միսակ Առաքելյանը և Տիգրան Պետրոսյանը:

Shant Harutyunyan01

Քրեական գործն այժմ վերաքննիչ դատարանում է. դեկտեմբերի 27-ին իրենց բողոքը դատարանին ներկայացրել են Մկրտիչ Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի պաշտպանները: Գործով բոլոր ամբաստանյալներն արդարացում են պահանջում: Ի դեպ, Շանթ, Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ դատարանից պահանջել է նաև բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը: Խնդիրն այն է, որ մինչև այս գործով դատավճռի կայացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել . ըստ գործով ամբաստանյալների պաշտպանների՝ նախագահը խախտել է նրանց անմեղության կանխավարկածը:

Լյուքս Ստեփանյանի մահվան գործը

Այս տարի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի քննությունը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Լյուքս Ստեփանյանի սպանության, ինչպես նաև՝ զինծառայող Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում՝ դատապարտվելով 17 տարվա ազատազրկման :  Ընդհանուր իրավասության դատարանում քննվելիս այս գործով դատական նիստերը հիմնականում անցել են լարված մթնոլորտում. ամբաստանյալի հարազատները դատական նիստերին չեն մասնակցել: Մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները դատարանից «մասսայական մահապատիժ, ծայրահեղ դեպքում՝ ցմահ ազատազրկում էին պահանջում», իսկ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը պնդում է, որ արձակված կրակոցը պատահականություն է, իր ծառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն և նպատակ չի ունեցել: Նա ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն սպանություն չի կատարել :

luxe11

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, գտել էր, որ «գործով տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները, ինչպիսիք են` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին: Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես` ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ` կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը»:

Դեպքը տեղի էր ունեցել2013թ. մայիսի 15-ին, իսկ 2014թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց այս գործով դատավճիռը: Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի բողոքը, այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

Ուշագրավ է, որ մինչև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատավճռի կայացումը, երբ գործը դեռևս դատական վիճաբանությունների փուլում էր, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե այս գործով «ունեցանք մեղադրական դատավճիռ»: «Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից» հարցին պատասխանելով՝ Գևորգ Կոստանյանն ասել էր. «Այո, ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցները՝ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար, և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»  : Հետագայում Գևորգ Կոստանյանն ասաց, թե այս գործը շփոթել էր մեկ այլ գործի հետ, երբ նշել էր, որ մեղադրական դատավճիռ է արդեն կայացվել :

Ամբաստանյալի փաստաբանը դատարանում հիշեցրեց, որ պաշտպանության նախարարը Սևանի մայրուղում  հայտարարել է, որ՝ այո՛, նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել միտումնավոր կրակոց և սպանություն: Փաստաբանը վկայակոչում էր նաև Լյուքս Ստեփանյանի մոր նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը գրվել էր նախաքննության ընթացքում և կցված է քրեական գործին: Նամակի մի հատվածում, ըստ փաստաբանի, նշված է. «Բարև Ձեզ, պարոն Ս.Օհանյան: Այս հարցին շտապ լուծում է պետք: Քանի որ պարզ երևում է, որ գործի վրա աշխատում են երկու փաստաբաններ և ժամանակ են շահում, որ գործը մեղմացնեն տարբեր հանգամանքներով: Քանի որ առաջին օրվանից մինչև օրս նույն բանն է ասվում, թե ինչպես է դեպքը կատարվել, գլխավոր մարդասպանը կա, վկաները կան, վիրավորը՝ նույնպես: Վաղը կձևակերպվի, որ ամեն ինչ դրդել է Լյուքսը, և Դավիթ Խաչատրյանը ճարահատյալ է կրակել: Քանի որ չեմ կարող երկարացնել, Դուք, պարոն Օհանյան, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Սևանա մայրուղու վրա խոստացաք՝ պատիժը 18-20 տարի է կամ ցմահ» :
«Բանդայի» գործը
Դեկտեմբերի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «բանդայի» գործով դատավճիռը: Դատարանն Արտուշ Հակոբյանին արդարացրեց առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքում, իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 15 տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը ևս դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման: Գրեթե բոլոր ամբաստանյալների փաստաբաններն էլ հայտարարել են այն մասին, որ պատրաստվում են դատավճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

Banda-dat (4)
«Հարսնաքարի» գործը
Այս տարվա մարտի 24-ին հրապարակվեց նաև 2012թ. հունիսի 17-ին «Հարսանքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի առթիվ հարուցված գործով դատավճիռը: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գործով վեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում, որն  անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներում: Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման, ինչպես նաև՝ 100 հազար դրամ տուգանքի: Դատաքննության ընթացքում ավելի ուշ գործով ամբաստանյալներից մի քանիսը լրացուցիչ ցուցմունք տվեցին. ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքը հարվածել է միայն գործով տուժող Արտակ Բայադյանին, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը հայտնել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակի՝տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու մասով: Արման Բաղդասարյանն ու Արման Խաչատրյանն իրեց մեղավոր չեն ճանաչել: Քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում մասնակի է իրեն մեղավոր ճանաչում, մասնավորապես մեղադրանքն ընդունել է տուժող Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մասով:

Harsnaqar (7)

Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալների պաշտպանների, ինչպես նաև տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները, իսկ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ չի ընդունել:

Շարունակելի

Տեսանյութեր

Լրահոս