«Ակնհայտ է այս գործի մարտավարությունը, պետական մարմինների դիրքորոշումը»
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը:
Սեպտեմբերի 30-ին կայացված որոշմամբ՝ վերաքննիչ դատարանը մերժել էր Դ. Խաչատրյանի պաշտպանին և օրինական ուժի մեջ էր թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը. հուլիսի 4-ին այդ դատարանի վճռով՝ նա դատապարտվեց 17 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Մեզ հետ զրույցում Դ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վճռաբեկ դատարանին մի քանի պահանջ են ներկայացրել:
Նախ՝ պահանջել են բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և այն վերադարձնել դատարան նոր քննության, կամ արդարադատության շահից ելնելով` վերաորակել Դ. Խաչատրյանի արարքը. փաստաբանի խոսքով՝ սպանության դիտավորություն չկա, և իր պաշտպանյալի արարքը պետք է որակվի` որպես զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մահ:
Փաստաբանն ասաց, որ և՛ ընդհանուր իրավասության դատարանի, և՛ վերաքննիչ դատարանի դատավորներին գործի քննության ընթացքում ինքնաբացարկ էին հայտնել՝ գործի ոչ անաչառ քննության, կանխակալ վերաբերմունքի համար, սակայն դատարանները մերժել էին այդ միջնորդությունները:
«Այս որոշումը նույնպես հիմնական դատական ակտի հետ միասին բողոքարկել ենք վճռաբեկ դատարան՝ խնդրելով, որ գոնե այդ հիմքով բեկանվի որոշումը, ուղարկվի նոր քննության, քանի որ, ըստ էության, ոչ պատշաճ կազմով, այսինքն՝ անկողմնակալ դատարանի կողմից չէր իրականացվել քննությունը, որպեսզի ապահովվի արդար դատաքննության իրավունքը»,- ասաց Դ. Խաչատրյանի պաշտպանը:
Անդրադառնալով վերաքննիչ դատարանի որոշմանը՝ Ե. Սարգսյանն ասաց. «Վերաքննիչը տառացի արտագրել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Կային կոնկրետ հիմնավորումներ, որոնք մենք նշում էինք՝ ասելով, որ առաջին ատյանի դատարանը սխալ է արել, և պատճառաբանում էինք, թե ինչու է սխալ արել, նշում էինք, թե որ ապացույցները ճիշտ չի գնահատել, որ փաստական հանգամանքն է իրականության համար, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, և չեն հաստատվում ապացույցներով: Վերաքննիչ դատարանը բացարձակապես չի անդրադարձել այս նրբություններին, գրել է՝ առաջին ատյանը գտել է, որ, ու բառացի մեկնաբանել, թե ինչ է գտել առաջին ատյանի դատարանը»:
Փաստաբանի խոսքով՝ այս գործը քննելիս վերաքննիչ դատարանի ամենամեծ բացթողումն այն է եղել, որ կատերգորիկ կերպով մերժել է տուժող Հրաչյա Սարգսյանին հարցաքննելու միջնորդությունը: Տուժողը՝ Հրաչյա Սարգսյանը, ով առաջին անգամ էր դատարան ներկայացել, Ե. Սարգսյանի խոսքով, ցանկություն հայտնեց ցուցմունք տալ դեպքի վերաբերյալ, քանի որ նախկինում նա դեպքի հանգամանքները չէր հիշել:
Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը. «Ընդամենը փորձեցին նրա դիրքորոշումը պարզել բողոքի վերաբերյալ և օգտագործել հետագայի համար: Սակայն անձը պետք է ցուցմունք տար, որպեսզի նախ նախազգուշացվեր սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության համար, որից հետո միայն պետք է ցուցմունք տար, որն արդեն պետք է կարողանայինք դիտարկել որպես ապացույց: Այս դեպքում դիրքորոշումն ապացույց չէ, և չենք կարող այն որպես ապացույց օգտագործել: Այսինքն՝ խախտվեց արդար դատաքննության իրավունքը»:
Փաստաբանն ասաց նաև, որ վճռաբեկ դատարանից, մեծ հաշվով, լուրջ սպասելիքներ չունեն. «Ակնհայտ է այս գործի մարտավարությունը, պետական մարմինների դիրքորոշումը՝ ի սկզբանե որոշված ճակատագրով: Ու այս դեպքում վճռաբեկից ինչ-որ սպասելիքներ ունենալ, կարծում եմ, այնքան էլ իրական չէ, բայց ամեն դեպքում` այն փոքրիկ հույսը պահպանվում է, որ, ի վերջո, գուցե արդարադատությունը վերականգնվի: Իսկ եթե սա պարտադիր պայմաններից մեկն է, որպեսզի կարողանանք բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Երեմ Սարգսյանը հայտնեց նաև, որ այս պահին Դ. Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է:
Ինչպես հայտնի է, Դ. Խաչատրյանը պնդում է, որ իր ծառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն ու նպատակ չի ունեցել. նրա խոսքով՝ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր արածը հանցագործություն է, սակայն սպանություն չի կատարել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, գտել էր, որ «գործով տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները, ինչպիսիք են` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին:
Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես` ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ` կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը»: