Գարիկ Մարգարյան. Մարմնական վնասվածքները Արտակ Բայադյանին ես եմ հասցրել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է հարվածներ հասցրել Վահե Ավետյանին: Ցուցմունքներ տալու ցանկություն հայտնեց նաև գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում նա հրաժարվել էր ցուցմունքներ տալ: Գարիկ Մարգարյանն էլ ասաց, որ ինքն է հարվածներ հասցրել գործով տուժող Արտակ Բայադյանին: Ըստ նրա՝ ինքն ու գործով տուժողը խոսել են, ինքն ասել է, որ կրկնելու, շարունակելու կարիք չկա, Արտակ Բայադյանն էլ ասում էր՝ արդյոք իրենք կարող են պատասխան տալ իրենց ընկերոջը հարվածելու համար: Այդ պահին, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, լսվել է Վահե Ավետյանի ձայնը, ով հայհոյանքներ է տվել. «Այդ բառերի վրա ավելի սկսվեց իմ ու Արտակի խոսակցությունը թեժանալ, հայհոյանքներ ինձ տվեց: Կռիվ սկսվեց իմ ու իր մեջ: Ես եմ իրեն ծեծի ենթարկել: Մարմնական վնասվածքները Արտակ Բայադյանին ես եմ հասցրել»:

Ամբաստանյալն ասաց, որ մի քանի անգամ է հարվածել տուժող Արտակ Բայադյանին, իսկ մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին՝ քանի՞ անգամ է հարվածներ հասցրել տուժողին, նա պատասխանեց. «Կռիվ ա՝ խփում ես, հիմա չեմ հիշում՝ կոնկրետ որ տեղին»: Նրա խոսքով՝ 25-30 հոգի տարածքում չեն եղել, կռիվը եղել է իր ու Արտակ Բայադյանի մեջ: Ըստ ամբաստանյալի՝ իրենց կռիվը տևել է մոտ 20-30 վայրկյան: Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքը Վահե Ավետյանին ընկած չի տեսել, չի տեսել նաև՝ «կողքերս ով՝ ինչ է արել»: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը ևս հրաժարվեց պատասխանել գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հնչեցրած հարցերին:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս