«Նիկոլին, նույնիսկ ուժայիններին չի հաջողվել Շիրակի թեմում գտնել քահանա, ով Նիկոլի քիմքին համապատասխան պատարագ կմատուցի». Համբարյան

Նիկոլ Փաշինյանը որոշել է դեկտեմբերի 7-ին գնալ Գյումրի՝ մասնակցել պատարագի։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ այնպես չէ, որ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին Գյումրիում սպասում են։

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ երեսով է գալիս Գյումրի, այդ մարդը Գյումրիում 2 անգամ մերժում է ստացել՝ 2021 թվականին և 2025 թվականին։

Նախ, եթե Նիկոլ անհողը գա Գյումրի, նրա պատվերները որևէ մեկը չի կատարելու։ Նույնիսկ այն քահանան, որի վրա հույս էին դրել, թե կարող է զեղչել կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ, հայտարարել է, որ իր հերթը չէ, այլ ուրիշ քահանայի։ Երկրորդը՝ լինելով «մոլի նիկոլական», հրաժարվում է կատարել պահանջը, որը դրվում է բոլոր քահանաների առաջ, որոնք Նիկոլի համար պատարագ են մատուցում։

Ամեն դեպքում Նիկոլին, նրա  թիմակիցներին և հատուկ Արայիկ Հարությունյանի Գյումրվա թիմակիցներին, նույնիսկ ուժայիններին չի հաջողվել Շիրակի թեմում գտնել գեթ մեկ քահանա, ով Նիկոլի քիմքին համապատասխան պատարագ կմատուցեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է հենց դեկտեմբերի 7-ին Գյումրի գնալուն, քաղաքագետն ասաց՝ հավանաբար այս ամենով Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ օրն անցկացնել աղետի գոտում՝ Գյումրիում, և միանգամից էլ մասնակցել պատարագի։

«Սակայն խնդիրն այն է, որ այդ պատարագն այս պահի դրությամբ լինելու է ոչ Նիկոլի համար ցանկալի սցենարով։

Նիկոլը պարտվել է Գյումրիում, հիշեցնեմ, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Բալասանյանների բարի կամքի արդյունքում են իրենք կոալիցիա կազմել և դարձել քաղաքի իշխանությունը կիսող։ Եթե «Բալասանյան» դաշինքն ուզեր, այդ ժամանակ Նիկոլի թիմն առհասարակ իշխանության չէր գա։ Նիկոլի թիմակիցները փորձում են մանիպուլյացիաների, բացահայտ մաթեմատիկական կեղծիքների, սոցիոլոգիական կանոնների բացահայտ արհամարհանքով ներկայացնել, թե իբր հաղթել են։

Առաջին տեղը զբաղեցնելն ու հաղթանակ տանելը տարբեր բաներ են։ Իրենց «ֆյուրերիկը»՝ Նիկոլ անհողը, վերջերս շատ դիպուկ արտահայտություն արեց՝ նշելով, որ լեգիտիմությունը «50+1»  տոկոսն է։ Այս ամենով հանդերձ՝ ինչպե՞ս են իրենք հիմա փորձում ներկայացնել, թե Գյումրիում հաղթանակ են տարել»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝  Նիկոլ Փաշինյանը 7,5 տարվա ընթացքում, որպես երկրի ղեկավար, ոչ միայն պետական բյուջեից գումարներ չի հատկացրել Գյումրիում անօթևանների  հարցերը լուծելու համար, անգամ մեկ բնակարան այդ ընթացքում պետական միջոցների հաշվին չի կառուցվել։

«Նա քայլեր չի ձեռնարկել, որ գոնե մեկ բարերար գտնի ու բերի Գյումրի՝ բնակարան կառուցելու համար, ինչպես արվել է նախկին նախագահների օրոք։ Այն, որ Գյումրիում 5 շենք է կառուցվել բարերար Ռուբեն Օղլաղչյանի և նրա ընկերների  գումարներով, դա բացարձակ որևէ առնչություն չունի Կառավարության հետ։ Այդ մարդիկ ամեն ինչ արել են սեփական նախաձեռնությամբ։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը բանակցեց ու Քըրք Քըրքորյանին բերեց Հայաստան, և «Լինսի» հիմնադրամի միջոցներով աղետի գոտու բնակիչների համար տներ կառուցեցին»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս