Էստոնիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապագա անվտանգությունը երաշխավորելու համար
Էստոնիան ռազմական զորախումբ կուղարկի Ուկրաինա, եթե «կամեցողների կոալիցիան» որոշի այնտեղ օտարերկրյա զորքերի տեղակայումը որպես ապագա անվտանգության երաշխիք օգտագործել։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։
«Էստոնիայի կառավարությունն արդեն որոշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, եթե «կամեցողների կոալիցիան» որոշի զորքեր ուղարկել, մենք մասնակցություն կունենանք դրանում»,- ասել է Ցախկնան։
Նախարարի խոսքով՝ Եվրոպան պետք է աներկբայորեն մասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, եթե հակամարտությունն ավարտվի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերով համաձայնագիր կնքվի։ Ցախկնան նշել է, որ զորքերի տեղակայումը համարում է անհրաժեշտ քայլ այս ուղղությամբ։
«Եթե մենք կարողանանք խաղաղություն ապահովել Ուկրաինայում, ապա կապահովենք նաև Եվրոպայի անվտանգությունը», – հավելել է նա:
Նախարարը նաև ընդգծել է, որ Էստոնիան կշարունակի Ռուսաստանը դիտարկել որպես իր անվտանգության համար երկարաժամկետ սպառնալիք։
Ավելի վաղ Լոնդոնում կայացած խորհրդակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության արտաքին գործերի նախարարները հայտնել էին իրենց «հավատարմությունն Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների նկատմամբ», որը ներառում է «օդային, ցամաքային և ծովային զսպման ուժերի կոալիցիա ստեղծելու հնարավորության ուսումնասիրություն, որը կարող է նպաստել ապագա խաղաղության նկատմամբ վստահության ամրապնդմանը և աջակցել Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով սպառնալիք է Ռուսաստանի համար, և Մոսկվան դա չի ընդունի որևէ պարագայում։
