Թրամփի կողմից թմրավաճառների դեմ պայքարի զոհի ընտանիքն առաջին հայցն է հարուցել ԱՄՆ-ի դեմ
Կոլումբիացի Ալեխանդրո Կարանսայի ընտանիքը, որը սեպտեմբերի 15-ին միջազգային ջրերում սպանվել է ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով, առաջին պաշտոնական գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։
Գանգատի համաձայն՝ Կարանսան ձկնորս էր և գտնվել է իր նավակում, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել դրան՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով։ Գանգատում այդ գործողությունները որակվում են արտադատարանական մահապատիժ, որը խախտում է մարդու իրավունքները։
Կարանսայի հարազատների փաստաբան Դեն Կովալիկը հայտնել է, որ ընտանիքը պահանջում է փոխհատուցում, ինչպես նաև նման սպանությունների դադարեցում։ Ինչպես նշում է CNN-ը, սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն առնվազն 22 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում նավակների՝ թմրավաճառների դեմ պայքարի պատրվակով, զոհվել է առնվազն 83 մարդ:
