Նիկոլ Փաշինյանը պարտվել է ՀԱԵ հարցով քարոզչական պատերազմում, չի կարողացել իր օրակարգի կողմը գրավել հանրությանը․ Վիգեն Հակոբյան
«Մերժենք մեղքը» կարգախոսով սեփական եղբոր, ծառայակցի, Հայ Առաքելական եկեղեցու գահակալի, եպիսկոպոսապետի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներից մի քանիսը շարունակում են իրենց հարմար հարթակներում անդրադառնալ այս քայլին գնալու դրդապատճառներին ու շարժառիթներին, մյուսները լռում են:
Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է գտնել նոր տեր-արամների՝ սեփական ծրագիրը՝ «վեհարան»-ն ազատագրելու պլանը, գլուխ բերելու համար:
Ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը, եթե իշխանություններին չհաջողվեց բլից-կրիգով վերցնել եկեղեցին, սակայն հաջողվեց «պառակտման որդը» մտցնել Մայր Աթոռ՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղաքագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից:
Ի պատասխան՝ քաղաքագետը նախ արձանագրեց․ «Կարծում եմ՝ մենք փոքր-ինչ գերագնահատում ենք այն հարաբերական հաջողությունը, որ ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետև, այնուամենայնիվ, եկեղեցում փոփոխություններ անելու, Վեհափառին իր կարգավիճակից զրկելու գործն արդեն 7 տարի է տևում, ու այդ 7 տարվա ընթացքում կիրառելով բոլոր մեխանիզմները, հնարավոր բոլոր գործիքակազմերը, ձերբակալելով, կալանավորելով հոգևորականներին, կոմպրոմատներով, միևնույն է, չհաջողեց: Այսօրվա վարչախումբը ստրատեգիական առումով իր առջև խնդիր էր դրել, ըստ էության, եկեղեցին լիակատար վերահսկողության տակ վերցնելու, բայց տեսնում ենք, որ, բարձրաստիճան, հուսով եմ՝ դեռևս 10 հոգևորական և մի քանի քահանաներ են անցել իր կողմը»։
Քաղաքագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը պարտվել է քարոզչական պատերազմում, չի կարողացել իր օրակարգի կողմը գրավել հանրությանը։
«Նա չի կարողացել քարոզչական ասպարեզում հանրային կարծիք ձևավորել, որ այս ամեն ինչն արվում է եկեղեցին բարեփոխելու համար, այլ ոչ թե զուտ Նիկոլ Փաշինյանի հերթական կապրիզի, կամ հերթական քաղաքական պրոյեկտը իրագործելու, որն ուղղակիորեն շաղկապվում է արտաքին պատվերի հետ»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։
Հանգուցալուծման մասին իր դիտարկումներում մեր զրուցակիցը կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից ճիշտ ժամանակին, կոշտ ու հետևողական արձագանքը կատարվողին․ այս համատեքստում նա հիշեց նաև 3 արքեպիսկոպոսների՝ բանտից ուղղած նամակը։
«Ծրագիրն, ըստ էության, բանտից ազդարարել են Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանները։ Եկել է կոշտ մեթոդներով եկեղեցու պառակտմանը դիմակայելու ժամանակը։ Շատ բան կախված է, բնականաբար, եպիսկոպոսական ժողովից, որը նշանակված է դեկտեմբերի 10-12–ը։ Ըստ իս՝ եկեղեցու փոքր-ինչ երկչոտ թվացող վարքագիծը հիմա պետք է փոխվի շատ հստակ, երբեմն՝ կոշտ վարքագծով, ինչպես նաև՝ ժամանակն է, որպեսզի եկեղեցում էլ սանիտարական էտումներ արվեն՝ մանավանդ Նիկոլ Փաշինյանն այդ առիթը ստեղծել է, բացահայտել է այն ականները, որոնք կային Վեհափառի շուրջ»,- մանրամասնեց նա։
Հստակեցմանը, թե որտեղի՞ց է հնարավոր «արտաքին պատվերը», որի մասին նշում եք, արդյոք ավետարանականնե՞րն են, թե՞ Ադրբեջանն ու Թուրքիան՝ ինչպես նշում են ինչ-ինչ շրջանակներ, Վիգեն Հակոբյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ մենք գործ ունենք գեոքաղաքական նշանակության գործընթացի հետ, որտեղ, ինչպես գրված է մամուլում, եթե անգամ ներգրավված են ավետարանչականները, ապա իրենք էլ են գործիք այդ գեոքաղաքական պրոյեկտում։
Աշխարհի վերաձևավորում է, նոր աշխարհի վերաձևավորում է․ հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, ցանցային բնույթը, մեծ լոբբիստական հնարավորությունները, հայկական սփյուռքը ձևավորելու, ցեմենտելու ունակությունը, պատմական առաքելությունը, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հզոր գործիքը, ինստիտուտը չլինի առհասարակ»:
Վերլուծաբանը շեշտեց՝ Հայաստանն աշխարհում գործոն էր Արցախի հարցով, Հայոց ցեղասպանության հարցով և գործոն է իր սփյուռքով, որի գոյատևման, կայացման հիմնական գործոնը, այնուամենայնիվ, Հայ Առաքելական եկեղեցին է։
Ըստ նրա՝ այսօր չկա Արցախի հարց, Ցեղասպանության հարցի առումով, ըստ էության, ուրացման գործընթաց է սկսվել և գուցե արդեն ավարտվել, ու փաստացի հասել են Սփյուռքին և եկեղեցուն․ դրանց թուլացման, կազմաքանդման, դեմորալիզացման հարցն է դրված։
«Այսինքն`երբ ասում ենք՝ արտաքին պատվեր, դա այն բոլոր ուժերն են, որոնք զբաղված են նոր աշխարհակարգի վերաձևավորմամբ, որոնք կանգնած են, այդ թվում, Թուրքիայի և Ադրբեջանի հետևում: Բնականաբար, այս պղտոր ջրում յուրաքանչյուրը փորձում է իր ձուկը բռնել․ հիշենք Փաշազադեի հայտարարությունները»,- հավելեց Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ ՀՀ ներկայիս այդ ուժերի համար ամենակոմֆորտ կոնյունկտուրան են։
Քաղաքագետն ամփոփելով՝ նկատեց, որ այս պահին Հայ Առաքելական եկեղեցուն պակասում է վճռականությունը, կոշտ դիրքորոշումը կարգազանցների նկատմամբ;
«Երբ ասում ենք, որ կա գեոքաղաքական պրոյեկտ, որն ուղղված է նաև Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության թուլացմանը, կան նաև ուժեր, որոնց դա ձեռք չի տալիս,- նկատեց քաղաքագետը՝ հիշեցնելով այս օրերին տարբեր ուղղություններից եկող՝ եկեղեցուն ու վեհափառին աջակցող ուղերձները,- Այդ ամենը ցույց է տալիս, որ եթե ներսում լինի դիմադրություն, լինի պայքար, եկեղեցու կողմից լինի հստակ դիրքորոշում, ապա չեմ բացառում, որ այն նաև կարող է հանրային ընդվզման համար առիթ հանդիսանալ։
Ի վերջո, դա նաև առիթ կլինի քաղաքական դաշտի համար, որպեսզի իրենք էլ ամենաակտիվ ձևով մտնեն խաղի մեջ․ այսինքն՝ վերահաստատում եմ այն տեսակետս, որ եթե կա գեոքաղաքական պրոյեկտ, որով փորձում են նվազեցնել Հայ Առաքելական եկեղեցու ազդեցությունը, սրբել հայկական գործոնն աշխարհում, ապա կան նաև քաղաքական, ուժային կենտրոններ, որոնք դրա դեմ պայքարում կարող են աջակցել ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այլև Հայաստանի Հանրապետությանը»։
