Ինչո՞ւ է Գևորգ Կոստանյանը հայտարարում, որ Լյուքս Ստեփանյանի գործով կայացվել է մեղադրական դատավճիռ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով այժմ ճառով հանդես է գալիս ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա դատարանում ասաց, որ այս գործն ի սկզբանե ունեցել է մեծ հասարակական հնչեղություն, մի շարք պաշտոնատար անձինք հայտարարություններ են արել, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, այսինքն՝ նախապես որոշված է եղել, թե ինչ հոդվածներով պետք է մեղադրանք առաջադրվի Դավիթ Խաչատրյանին և ինչ հոդվածներով նա պետք է դատապարտվի:

Ըստ փաստաբանի՝ բոլոր մարմինների խնդիրը եղել է գործով տուժողի հարազատների պահանջները բավարարելը, նրանց ըմբոստությունը կանխելը, անտեսվել են համապատասխան օրենքներով նախատեսված սկզբունքները:

Փաստաբանի խոսքով՝ դեպքի առաջին իսկ օրերից մի շարք անձինք սկսել են Դավիթ Խաչատրյանին մարդասպան անվանել: Պաշտպանը հարց հնչեցրեց՝ արդյոք այդ մարդիկ ներկա՞ են եղել դեպքի վայրում, որտեղ էլ կարող էին հասկանալ՝ արդյոք կատարվածը դիտավորությո՞ւն է, թե՞ անզգուշություն:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել է նրա հարզատների դժգոհությունը, նրանք դիմել են ծայրահեղ միջոցի՝ փորձելով իրենց որդու դին բերել Երևան՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Կարդացեք նաև

Ըստ փաստաբանի՝ քանի որ իրադրությունն աննախադեպ է եղել, մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ, այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ընդառաջ են գնացել Լյուքս Ստեփանյանի հարազատներին:

«Հարազատները, տեսնելով, որ իրենց նման պահանջներ են ներկայացվում, ճանապարհը փակում են, պահանջում են, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարը հասարակության այդ անդամների ներկայությամբ, լրատվական միջոցների ներկայությամբ այդ պահին արդեն հաստատի, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի և Դավիթ Խաչատրյանը դիտավորության է կրակել Լյուքս Ստեփայանի վրա: Հարգելի պարոն նախարարը (ես վստահ եմ, որ նաև այստեղ գուցե իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի աայդ լարված իրադրությունը հանդարտվի, և դա գուցե նաև պայմանավորված էր այդ իրադրությամբ), սակայն ընդամենը դեպքից երեք օր անց ասաց, որ, այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների:

Այսինքն՝ դեպքից երեք օր անց արդեն ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ համապատասխան տեսանյութներն առկա են համացանցում:

«Սակայն գուցե մենք հենց այս տրամաբանությամբ գտնեինք, որ դա իրադրությունից դրդված քայլ է, որևէ կերպ անդրադարձ չկատարեինք դրան՝ հասկանալով, որ, ի վերջո, փորձ է արվել հանդարտեցնել կամ համոզել, որ այդպիսի ծայրահեղ քայլի չդիմեն:

Բայց, ինչպես պարզվեց, հետագա ամբողջ նախաքննությունը միտված է եղել միայն մի նպատակի. պաշտպանության նախարարի ենթակայության ներքո գտնվող ՀՀ ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ամեն ինչ արել են, որ իրենց ամենաբարձ ղեկավարի խոսքն իրականություն դարձնեն:

Այսինքն՝ այնպես չլինի, որ հարգելի նախարարը այնպիսի խոսք է ասել, որ իրականությանը չի համապատասխանում: Հենց այդ նպատակով էլ նրան համապատասխան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 112-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասաց փաստաբանը՝ վկայակոչելով վկաներից մեկի հարցաքննության ընթացքում քննիչի կողմից նրան տրված հարցերը:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այն, որ պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը, գտակցել են մեղադրողը, տուժողի իրավահաջորդը:

Դատարանում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ երբ դատաքննության ընթացքում իրենք մի քանի անգամ խոսել են պաշտպանության նախարարի հայտարարության մասին, դատախազը նշել է, որ եթե ՊՆ քննչական ծառայությունը պաշտպանության նախարարի ենթակայության տակ է գտնվում, ապա դատախազությունը նրան ենթակայության տակ չէ, հետևաբար՝ օբյեկտիվ և անաչառ դատավարական վերահսկողություն է կատարել, քանի որ կաշկանդված չի եղել այդ հայտարարությամբ:

Փաստաբանը նշեց, որ մի պահ պայմանականորեն ընդունելու դեպքում, որ դատախազն իրոք անկեղծ էր, ինչո՞վ է պայմանանորված եղել մեղադրողի դիրքորոշումը կապված հարցերի հետ:

«Եթե դատախազությունն իրոք այս գործով անկողմնակալ էր, իրոք կաշկանդված չէր ոչ պաշտպանության նախարարի հայտարարությամբ, ոչ սույն քրեական գործի հասարակական հնչեցությամբ, ոչ էլ տուժող կողմի ծայրահեղ ագրեսիվ վարքագծով, և եթե դատախազության միակ նպատակը հենց օբյեկտիվ իրականությունը բացահայտելն էր և արդադարադատության իրականացմանը օժանդակելը, ապա ինչո՞վ էր պայմանանորված, որ հենց այս պահին, երբ դատաքննությունն ավարտվել է և պաշտպանական ճառից հեռո արդեն դատարանը պետք է դատավճիռ կայացնի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միանշանակ հիմնավորվել է, այն հաստատվել է ձեռք բերված ահերքելի ապացույցներվ և որ այդ գրծով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ»,- ասաց փաստաբանը՝ մեջբերելով «Արմնյուզ» հեռուտաընեկության եթերում Գևորգ Կոստանյանի հայտարարւթյունը:

«Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից» հարցին պատասխանելով՝ Գ. Կոստանյանն ասել է. «Այո, ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատավել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցները, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»:

«Ի՞նչ սա նշանակում: Փորձենք վերլուծել: Բոլորս, այդ թվում գլխավոր դատախազը, գիտենք, որ ոչ մի փաստական տվյալ նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, և դրանք կարող են հաստատված, առավել ևս անհերքելի համարվել միայն դատաքննության արդյունքներով բոլոր ապացույցնրը հետազոտելու և իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում:

Սակայն գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է, որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը հիմնավորելու համար: Եթե համարենք, որ գլխավոր դատախազն այդպիսի հայտարարություն արել է զուտ այն պաճտառով, որ դատարանում մեղադրող դատախազն արդեն իսկ ներկայացրել էմեղադրական ճառով, ապա առնվազն գլխավոր դատախազը պետք է տեղյակ լիներ դատարանում հետազոտված ապացույցներից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նա տեղյակ է դատավարության ընթացքի վերաբերյալ, ուստի տեղյակ է նաև այն մասին, որ մեղադրական դատավճիռ դեռևս չի կայացվել:

Այս դեպքում ինչո՞ւ է գլխավոր դատախազը հրապարակային հայտարարում, որ ինչպես գիտենք՝ այդ գործով ունեցանք մեղադրական դատավճիռ: Պատճառները կարող են երկուսը լինել: Կամ՝ այդ եղանակով գլխավոր դատախազն արդեն իր հերթին ցանկանում է ճնշում գործադրել դատարանի վրա, որպեսզի դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ, հակառակ դեպքում՝ դատարանը հաստատված է համարելու, որ գլխավոր դատախազը սխալվում էր, երբ պնդում էր, թե ձեռք են բերվել մեղադրականք հատատող անհերքելի ապացույցներ, կամ էլ՝ հաստատվում է պաշտպանության կողմի՝ վաղուց արված այն հայտարարությունը, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացվել է դեռևս մինչև նախաքննոթյան ավարտը և դատաքննությունը սկսվելը, և քանի որ բոլոր իրավասու պաշտոնատար անձանց համար էլ վաղուց հայտի է, որ այս գործով ամեն գնով կայացվելու է մեղադրական դատավճիռ, ուստի դա նրանց համար արդեն իսկ հաստատված փաստ է և դրա համար էլ նախքան դատաքննության ավարտը ամենաբարձր մակարդակով նշվում է, որ կայացվել է մեղադրական դատավճիռ»:

 Լուսանկարը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս