Բաժիններ՝

Լարված իրավիճակ դատարանում. «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

Դատարանը մեղավոր ճանաչեց «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներին: Դատավոր Դավիթ Հարությունյանը  Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտեց 12 տարվա ազատազրկման և 100 000 դրամով: Ամբաստանյալները Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված երեք հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվեց անփոփոխ մինչև դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանում լարված իրավիճակ է. ամբաստանյալների հարազատները լացում, գոռում և վիրավորանքներ են տեղում տուժողների պաշտպանների հասցեին:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության 4 աշխատակիցներին, մատուցողին և վարորդ առաքիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ. հունիսի 17-ին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Նրանց մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար, որն ազգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ծեծի համար:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրոմ դեպքը տեղի էր ունեցել 2012թ. հունիսի 17-ին: Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի վարիչ Վահե Ավետյանը հոսպիտալում մահացել էր հունիսի 29-ին: Հարուցված քրեական գործի քննությունը դատարանում սկսվել է 2012թ. սեպտեմբերից: Գործով դատախազը դատարանին միջնորդել էր ամբաստանյալների դատապարտել 13 տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից բռնագանձել 100 հազար դրամ: Ամբաստանյալներ Արման Բաղդասարյանն ու Արման Խաչատրյանը դատարանում պնդեցին, որ իրենք անմեղ են, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանում լրացուցիչ ցուցմունք տալով հայտնեց, որ ինքը հարվածել է Վահե Ավետյանին, Գարիկ Մարգարյանը հայտնեց, որ հարվածել է Արտակ Բայդայանին, իսկ Արթուր Բոբլոյանը հայտնեց, որ հարվածել է Գարիկ Սողոմոնյանին: Դավիթ Ադամյանն էլ հայտնեց, որ միայն մեկ անգամ հարվածել է Վահե Ավետյանին: Գործով վեց ամբաստանյալներն անազատության մեջ են գտնվում 2012թ.-ից:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս