Սենսացիոն հայտարարություն. Վահե Ավետյանի բոլոր վնասվածքները ես եմ հասցրել
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանոր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Քանի որ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը ցանկացել էր լրացուցիչ ցուցմունքներ տալ, «ճիշտը բացահայտել», դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը. դատաքննությունը վերսկսվեց: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. նա ասաց, որ գործով տուժող Վահե Ավետյանի բոլոր վնասվածքներն ինքն է հասցրել. մյուս ամբաստանյալները նրան չեն հարվածել:
Ըստ Նորայր Հայրապետյանի՝ դեպքի օրը ինքը մեկ անգամ հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին, ով իրեն հայհոյել է: Ապա ինքը գնացել է տեսնելու՝ ինչ ծեծկռտուք է ռեստորանային համալիրի տարածքում, այդ ժամանակ իր դիմաց է դուրս եկել Վահե Ավետյանը, ով իրեն հայհոյել է, ինքն էլ հարցրել է՝ «արա, ինչ ա՞ ուզածդ»: Այդ ժամանակ, երբ Վահե Ավետյանը փորձել է իրեն հարվածել, ինքը մեկ անգամ խփել է նրան. «Ու ֆռացի… ես միտում չեմ ունեցել նրան ավել խփելու կամ բան»:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ երբ ինքը պտտվել է, Վահե Ավետյանը հարվածել է իրեն: «Ու շուռ եմ եկել, այդ ժամանակ կռվել ենք իրար հետ, անձամբ ես եմ եղել իր հետ կռվողը, իրան կողքից մեր տղերքից ոչ մեկ չի կպել: Ինչ եղել է, իր վնասվածքները՝ սաղ ես եմ հասցրել: Ու ի սկզբանե ասեմ ՝ ես միտում չեմ ունեցել իրան տենց դրության մեջ, տենց վիճակի մեջ գցելու ու մեզ էլ հետը: Ամեն դեպքում ուզում եմ նշել դատարանին, որ ես միտում չեմ ունեցել… Ստեղ ոչ ոք տղաներից մեղավոր չի, մեղք չունեն: Ինչի՞ եմ հիմա ասում դատարանին, որովհետև ես էլ իմ խղճի առաջ մաքուր լինելու համար: Ինչ եղել է, ես եմ արել»,- ասաց Նորայր Հայրապետյանը:
Նա նշեց, որ ինքը չի հասկացել, որ իր հարվածները նման վատ վիճակի մեջ են դրել նրան. հակառակ դեպքում ինքը նրան կփորձեր օգնել: «Չեմ կարող էլ ստի մեջ ապրել»,- ասաց ամբաստանյալը: Նրա խոսքով՝ Վահեին հարվածելուց հետո ինքը ասել է. «Էս էիր ուզում, արա´»:
Ամբաստանյալը հրաժարվում է պատասխանել տուժող կողմի ներկայացուցչի հարցերին:
Նորայր Հայրապետյանի և մյուս ամբաստանյալների տված ցուցմունքների տեսանյութերը՝ այստեղ.