Գևորգ Կոստանյանը՝ Լյուքս Ստեփանյանի գործի և իր հայտարարության մասին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե գոհ է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նախաքննությունից, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար: Գևորգ Կոստանյանը, ով այս քրեական գործի նախաքննության ընթացքում զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, հայտարարել էր նաև, որ այս գործով «ունենք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ, գործը դատական վիճաբանությունների փուլում է, դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել: 168.am-ն այսօր ասուլիսում Գևորգ Կոստանյանին խնդրեց պարզաբանել իր վերոնշյալ հայտարարությունները:
«Այն, որ ես, իրոք, գոհ եմ նախաքննության արդյունքներից, դա միանշանակ է, որովհետև այդ ժամանակ, դուք կհիշեք, ես Զինվորական դատախազն էի և անձամբ իմ վերահսկողության տակ պահել եմ ամբողջ գործի ընթացքը, և նախաքննության սկզբնական փուլից ի սկզբանե արդեն հայտնի էր ամբողջական դեպքի հանգամանքները և պատկերը:
Ընդ որում, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմի հիմնական դիրքորոշումը և փաստարկը, որով վիճարկվում էր մեղքը և մեղքի հիմնավորվածությունը, կայանում էր նրանում, որ ինքնաձիգի ձգանը բավականին թույլ է եղել, և դա հանգեցրել է պատահաբար կրակոցի, այդ հարցի հետ կապված ուղղակի անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են, և համապատասխանաբար դատաձգաբանական փորձաքննության արդյունքով հերքվել է այդ հանգամանքը, որովհետև փորձագետը հստակ և միանշանակ իր եզրակացության մեջ պնդել է, որ ձգանը սեղմելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ուժի կիրառում, այնպիսի կիրառում, որն, ըստ էության, պատահականությունը բացառում է: Այսինքն՝ դրանով պայմանավորված ես հիմա էլ եմ պնդում, որ նախաքննության արդյունքներից գոհ եմ: Գոհ եմ նաև դատաքննության արդյունքներից, որովհետև, իմ խորին համոզմամբ, դատախազը բավականին հիմնավոր կարողացել է ներկայացնել մեղադրանքը հիմնավորող բոլոր փաստարկները:
Իսկ ինչ վերաբերում է դատավճիռ ունենալու փաստին, ես համաձայն եմ ձեզ հետ, իհարկե… որովհետև ես այլ գործի հետ խառնեցի, որ մենք ունենք արդեն դատավճիռ, բայց դատաքննության փուլո՞ւմ է, չէ՞, եթե չեմ սխալվում»,- ի պատասխան ասաց Գևորգ Կոստանյանը: Արձագանքելով Գ. Կոստանյանի հարցադրմանը՝ ասուլիսին ներկա ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանն ասաց, որ գործը դատական վիճաբանությունների փուլում է: «Կունենանք դատավճիռ»,- հավելեց Գևորգ Կոստանյանը:
Հարցին՝ մեղադրական դատավճի՞ռ, Գ. Կոստանյանն այսպես արձագանքեց. «Կապ չունի, կարող է մեղադրական, կարող է արդարացման, ես չեմ կարող կանխորոշել, համենայնդեպս, մեղադրանքը, ես հիմա էլ պնդում եմ, հիմնավոր է: Դատարանը կորոշի՝ արդարացմա՞ն, թե՞ ոչ»:
Լրագրողնրից մեկի հարցին՝ արդյոք օբյեկտիվ և արդար դատաքննությանը նպաստո՞ւմ է այն հանգամանքը, որ դեպքից երեք օր անց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ՝ «այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների», Գ. Կոստանյանը պատասխանեց. «Քրեական գործը հարուցվում է փաստի կապակցությամբ: Այսինքն՝ այն առերևույթ առկա փաստական հանգամանքները, որոնք ի սկզբանե հայտնի էին նախաքննությանը՝ հիմք տվեցին, որպեսզի քրեական գործը հարուցվի Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով: Այսինքն՝ անձին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Եվ այն հանգամանքը, որ հենց նույն օրը քրեական գործը հարուցել էր դիտավորյալ սպանության համար, դա հիմք ընդունելով Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ տեղի է ունեցել կանխամտածված սպանություն: Շատ պարզ»:
Նշենք, որ Գևորգ Կոստանյանի այս հայտարարությանը երեկվա դատական նիստում իր պաշտպանական ճառում անդրադարձել էր գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա մասնավորապես ասել էր.
«Եթե դատախազությունն իրոք այս գործով անկողմնակալ էր, իրոք կաշկանդված չէր ոչ պաշտպանության նախարարի հայտարարությամբ, ոչ սույն քրեական գործի հասարակական հնչեցությամբ, ոչ էլ տուժող կողմի ծայրահեղ ագրեսիվ վարքագծով, և եթե դատախազության միակ նպատակը հենց օբյեկտիվ իրականությունը բացահայտելն էր և արդադարադատության իրականացմանը օժանդակելը, ապա ինչո՞վ էր պայմանանորված, որ հենց այս պահին, երբ դատաքննությունն ավարտվել է և պաշտպանական ճառից հեռո արդեն դատարանը պետք է դատավճիռ կայացնի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միանշանակ հիմնավորվել է, այն հաստատվել է ձեռք բերված ահերքելի ապացույցներվ և որ այդ գրծով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ»,- ասել էր փաստաբանը:
Այնուհետև Երեմ Սարգսյանը դատարանում մեջբերեց «Արմնյուզ» հեռուտաընեկության եթերում Գևորգ Կոստանյանի հայտարարությունը. «Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից» հարցին պատասխանելով՝ Գ. Կոստանյանն ասել է. «Այո, ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատավել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցները, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: «Ի՞նչ սա նշանակում: Փորձենք վերլուծել: Բոլորս, այդ թվում գլխավոր դատախազը, գիտենք, որ ոչ մի փաստական տվյալ նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, և դրանք կարող են հաստատված, առավել ևս անհերքելի համարվել միայն դատաքննության արդյունքներով բոլոր ապացույցնրը հետազոտելու և իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում: Սակայն Գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է, որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը հիմնավորելու համար: Եթե համարենք, որ գլխավոր դատախազն այդպիսի հայտարարություն արել է զուտ այն պաճտառով, որ դատարանում մեղադրող դատախազն արդեն իսկ ներկայացրել է մեղադրական ճառով, ապա առնվազն գլխավոր դատախազը պետք է տեղյակ լիներ դատարանում հետազոտված ապացույցներից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նա տեղյակ է դատավարության ընթացքի վերաբերյալ, ուստի տեղյակ է նաև այն մասին, որ մեղադրական դատավճիռ դեռևս չի կայացվել:
Այս դեպքում ինչո՞ւ է Գլխավոր դատախազը հրապարակային հայտարարում, որ ինչպես գիտենք՝ այդ գործով ունեցանք մեղադրական դատավճիռ: Պատճառները կարող են երկուսը լինել: Կամ՝ այդ եղանակով գլխավոր դատախազն արդեն իր հերթին ցանկանում է ճնշում գործադրել դատարանի վրա, որպեսզի դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ, հակառակ դեպքում՝ դատարանը հաստատված է համարելու, որ գլխավոր դատախազը սխալվում էր, երբ պնդում էր, թե ձեռք են բերվել մեղադրականք հատատող անհերքելի ապացույցներ, կամ էլ՝ հաստատվում է պաշտպանության կողմի՝ վաղուց արված այն հայտարարությունը, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացվել է դեռևս մինչև նախաքննոթյան ավարտը և դատաքննությունը սկսվելը, և քանի որ բոլոր իրավասու պաշտոնատար անձանց համար էլ վաղուց հայտի է, որ այս գործով ամեն գնով կայացվելու է մեղադրական դատավճիռ, ուստի դա նրանց համար արդեն իսկ հաստատված փաստ է և դրա համար էլ նախքան դատաքննության ավարտը ամենաբարձր մակարդակով նշվում է, որ կայացվել է մեղադրական դատավճիռ»: