Լյուքս Ստեփանյանի մահվան գործը՝ վերաքննիչ դատարանում. փաստաբանը հիշեցրեց Ստեփանյանի մոր նամակը Սեյրան Օհանյանին (տեսանյութ)

Այսօր վերաքննիչ դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավրությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ ներկայացնելով իր բողոքը, ասաց, որ գործի նախաքննության և դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ այս քրեական գործի հետ առնչվող ամբողջ պետական ապարատն աշխատել է մեկ նպատակով՝ ամեն գնով հաստատել նախապես արտահայտված դիրքորոշումը, որ կատարվել է սպանություն և հասնել նրան, որ սպանության մեղադրանքով դատավճիռ լինի:

«Այս ամենին իրենց առնչությունն ունեցան ինչպես Պաշտպանության նախարարությունը՝ համապատասխան ստորաբաժանումներով, քննչական մարմնով, հսկողություն իրականացնող դատախազը՝ իր վերադասներով, այդ թվում՝ իր անմիջական մասնակցությունն այս ամեն ինչին ունեցավ հենց գլխավոր դատախազ պարոն Կոստանյանը, որը բազմիցս տարբեր հայտարարություններով հանդես եկավ դեռևս դատաքննության փուլում՝ կաշկանդելով դատարանին և ակնհայտ ճնշում գործադրելով դատարանի վրա:

Բացի այդ, հարգելի դատարան, զուրկ չէր այս ամեն ինչից հենց առաջին ատյանի դատարանը, որը իր՝ դատավարության կատարման կարգով, վարքագծով ակնհայտորեն ի սկզբանե համոզել էր մեզ, որ ամեն դեպքում, ցանկացած ապացույցի պարագայում կայացնելու է մեղադրական դատավճիռ առկա մեղադրանքով»,- ասաց Ե. Սարգսյանը:

Նա նշեց, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռը կայացրել է ոչ թե դատաքննությամբ հետազոտված ապացույցները բազմակողմանիորեն վերլուծելու և դրանք իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում, այլ պետական որոշ մարմինների և հատկապես տուժող կողմի ուղղակի և անուղղակի ճնշումների ներքո՝ վերջիններիս դժգոհությունները մեղմելու, հնարավոր անախորժություններից խուսափելու նպատակով.

«Ինչպես դատաքննության ամբողջ ընթացքում, այնպես էլ՝ դատավճիռ կայացնելիս, դատարանի վրա ակհնայտորեն ազդել են նաև թաքնված վախերը և որի արդյունքում էլ Խաչատրյանը զրկվել է իր վերաբերյալ գործը անկախ և անաչառ դսատարանի կողմից քննելու իրավունքից»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ «հասարակության որոշ անդամներ» առաջին իսկ օրից Դավիթ Խաչատրյանին մարդասպան էին անվանում, իսկ «հասարակության որոշ անդամներ էլ իրավացիորեն կոչ էին անում հապճեպ եզրահանգումներ չանել և սպասել մինչև դատաքննությունն ավարտվի:

Փաստաբանը հիշեցրեց, որ անձին մահ պատճառելու ոչ բոլոր դեպքերն են, որ սպանություն են որակվում, անձին մարդասպան կոչելուց առաջ նախ պետք է հիմնավորվի, որ նա դիտավորությամբ կյանքից զրկել է դիմացինին.

«Հիմա ցանկանում եմ հետևյալ հարցը հնչեցնել՝ մի՞թե Խաչատրյանին «մարդասպան» անվանող անձինք ներկա են եղել այս դեպքին և ի սկզբանե գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Իհարկե, ո՛չ: Որպեսզի օրենքով սահմանված կարգով իրավունք ունենանք հանցագործության կատարման մեջ մեղադրվողին հանցագործ, այդ թվում՝ մարդասպան անվանել, պետք է նրա մեղքն ապացուցվի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կոնկրետ կարգերով, համապատասխան սկզբունքների պահպանմամբ, որպեսզի հանկարծ որևէ իրավասու մարմին, այդ թվում՝ դատարանը, այդպիսի ծանր հանցագործության մեղադրանքում հանկարծ չսխալվի և որևէ ճակատագիր չխեղաթյուրի: Այսինքն՝ որպեսզի յուրաքանչյուր ոք պատասխան տա այն արարքի համար, որը կատարել է:

Սակայն այս կարգերն, ինչպես տեսանք, որևէ կերպ ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության փուլում չպահպանվեցին, ընդհակառակը՝ բոլոր իրավասու մարմինները հնարավոր ամեն ինչ անում էին մեղադրանքը հիմնավորելու առումով և նույնիսկ այն դեպքերում, երբ անհերքելի են արդարացնող ապացույցները՝ դրանք կա՛մ անտեսվում էին նրանց կողմից, կա՛մ արժանանում այնպիսի մեկնաբանության, որ բացարձակ հիմնավորում չուներ»:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշե՞լ է քրեական գործի ընթացքը

Այսօր դատարանում Երեմ Սարգսյանն ասաց, որ Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել էր նրա հարազատների դժգոհությունը և նրանք իրենց բողոքը փորձեցին արտահայտել ծայրահեղ միջոցով` փորձեցին Լյուքս Ստեփանյանի դին տեղափոխել Երևան և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով, որ իրավասու պաշտոնատար անձինք հաստատեն, որ Լյուքս Ստեփանյանը դիտավորյալ կերպով է սպանվել, այլ ոչ թե պատահական կրակոցի արդյունքում:

Նրա խոսքով՝ ընտանիքին ընդառաջ գնացին իրավասու պետական մարմինները՝ պաշտպանության նախարարը, ոստիկանապետը, այն ժամանակ զինվորական դատախազ, ներկայիս գլխավոր դատախազը, ովքեր բանակցությունների միջոցով փորձել են համոզել, որ տուժող կողմը ետ կանգնի իր այդ մտադրությունից և ետ վերադառնա գյուղ.

«Տուժող կողմը պահանջում է, որպեսզի պաշտպանության նախարարը հրապարակայնորեն՝ լրատվական միջոցների ներկայութամբ, հայտարարի, որ տեղի է ունեցել միտումնավոր կրակոց: Եվ պաշտպանության նախարարն այդ պահին, տուրք տալով երևի առկա իրադրությանը, հայտարարում է, որ այո՛, նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել միտումնավոր կրակոց և սպանություն:

Եվ սա բավարար էր, որպեսզի պաշտպանության նախարարի ենթակայության տակ գտնվող քննչական ծառայությունը՝ ամեն հնարավոր և անհնարին քայլ ձեռնարկի, որպեսզի հաստատի պաշտպանության նախարարի այս խոսքը, որ միտումնավոր կրակոց է եղել»:

Որպես ասվածի ապացույց՝ փաստաբանը ներկայացրեց վկա Պետրոս Ղազարյանի նախաքննական ցուցմունքի մի քանի հատված:

«Այսպես. այն բանից հետո, երբ վկան իր ցուցմունքում նշում է, որ չի կարծում, որ Դավիթը ցանկացել է սպանել Լյուքսին, քննիչի կողմից նրան տրվում է հետևյալ հարցը. «Ինչո՞ւ չեք կարծում, որ նա ցանկացել է Լյուքսին սպանել այն դեպքում, երբ ինչպես նշեցիք, անձամբ է ասել, որ չհայհոյի, այլապես կկրակի, ապա չկրակողի հասցեին հայհոյանք է հնչել ու կրակոց: Մի՞թե նման պայմաններում առավել քան տրամաբանական չէ դիտավորյալ Խաչատրյանի կողմից Լյուքսի ուղղությամբ կրակելը:

Պատասխան. Ուղղակի չեմ կարծում, որ Խաչատրյանը շատ լուրջ պատճառ ուներ Լյուքսին սպանելու համար, քանի որ հայհոյանքը, որը տվել էր Լյուքսը ո՛չ ուղղված էր Դավիթի ծնողներին, ո՛չ էլ նրա ինքնասիրությանը:

Հարց. Դուք Ձեր կարծիքը փորձեցիք հիմնավորել, սակայն փաստերը, մասնավորապես՝ Խաչատրյանի կողմից արված նախազգուշացումը ու հայհոյանքից անմիջապես հետո հնչած կրակոցը լրիվ այլ բանի մասին են վկայում (սա դեռևս հարցաքննության առաջին օրն է, գործի քննության 2-3 օրը): Այս պայմաններում արդյոք ակնհայտ չէ՞, որ Խաչատրյանը կոնկրետ ցանկացել, զգուշացրել, ապա դիտավորյալ կրակել է Լյուքսի ուղղությամբ:

Պատասխան. Այո, փաստերը վկայում են այն մասին, որ Դ.Խաչատրյանն այդ ամենը դիտավորյալ է արել և հենց դիտավորյալ էլ կրակել է Լյուքսի ուղղությամբ»:

Այս ամենից հարց է ծագում ինձ մոտ. իսկ ի՞նչ է՝ քննիչն իր առջև խնդիր էր դրել նաև նշված վկային համոզել, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ կերպով կրակե՞լ է: Չէ՞ որ քննիչի խնդիրն այն էր, որ փաստեր ձեռք բերեր, այլ ոչ թե որպեսզի վկային ստիպեր այնպիսի ենթադրություն անել, որ, ի վերջո, դիտավորյալ կրակոց է եղել: Սա վկայում է այն փաստի մասին, որ նման դիրքորոշում է եղել և ամեն ինչ արվել է՝ ապացույց չլինելու պարագայում նման տեղեկություններ լինեն գործում:

Այսքանով չբավարարվելով, քննիչը նշված վկային տվել է հետևյալ հարցը.

«Հարց. Այս պայմաններում ինչպե՞ս կբացատրեք նրանց՝ Հրաչյա Մարգարյանի և Արշակ Պետրոսյանի, և Դավիթ Խաչատրյանի ցուցմունքներում առկա այս էական հակասությունները, ինչի՞ մասին դրանք կարող են վկայել:

Պատասխան. Ես չեմ կարող բացատրել այդ հակասությունների պատճառը:

Հարց. Արդյոք այդ հակասությունները չեն վկայո՞ւմ այն մասին, որ Խաչատրյանը ստում է, փորձում է թաքցնել դեպքի իրական՝ իր կողմից դիտավորյալ Լյուքսի ուղղությամբ կրակելու հանգամանքը:

Պատասխան. Առաջին հայացքից, այո՛, կարելի է նման եզրակացության հանգել, բայց ես ավելի կողմնակից եմ այն վարկածին, որ Դավիթը զուտ վախեցնելու նպատակով է կրակել:

Հարց. Վախեցնելու նպատակով կարելի է օդ կրակել, այլ ոչ թե այնպես, որ թե՛ Լյուքսը, թե՛ Հրաչյան գլխի շրջանում ստանային հրազենային վիրավորումներ: Ի՞նչ կասեք այս պայմաններում:

Պատասխան. Ես ոչինչ չեմ կարող ասել»»,- հարցաքննությունից մեջբերումներ կատարելով՝ փաստաբանն ասաց, որ դրա բնույթից ակնհայտ է, ամեն կարպ փորձել է  այնպես անել, որ վկան հայտնի, որ դիտավորյալ կրակոց է եղել.

«Այսինքն՝ ստացվում է, որ քննիչը դեռևս նախաքննության առաջին իսկ օրերից համոզմունք է ունեցել, որ Դավիթ Խաչատրյանը սուտ ցուցմունքներ է տվել, ինչի մասին հետագայում նշել է նաև մեղադրական եզրակացությունում, որպիսի համոզմունքն էլ փորձել է ամրագրել վկաներին տրվող հարցերի և ստացվող պատասխանների միջոցով, սակայն ամբողջ դատաքննությունը ցույց տվեց, որ Դավիթ Խաչատրյանի կողմից իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներւմ հայտնված որևէ հանգամանք չի հերքվել, այլ դրանք հաստատվել են վկաների ցուցմունքներով:

Այս ամենից հետո քննիչը վկային տվել է վերջին, եզրափակող հարցը. «Ի վերջո վերը շարադրվածի ու նկարագրված փաստերի առկայության պայմաններում ի՞նչ նպատակով է Դ. Խաչատրյանը կրակոց արձակել»:

Այս և նախորդ հարցերից այնպիսի տպավորություն է, որ քննիչը ոչ թե վկա է հարցաքննել, ընդ որում՝ ոչ ականատես, այլ մի հայտնի իրավաբանի, քրեագետի, ով պետք է գնահատեր գործում առկա ապացույցները, քննիչի կողմից շարադրված փաստերը, վերջնական եզրահանգում կատարեր և իրավական որակման արժանացներ Դ.Խաչատրյանի արարքը:

Եթե դա թույլատրելի է և անհրաժեշտ, ապա ինչո՞ւ, երբ վկա Սարգիս Վարդանյանին դատաքննության ժամանակ հետևյալ հարցն ուղղեցի. «Ինչքան որ լսել եք, Դավիթն ինչ-որ պատճառ ունե՞ր Լյուքսին հատուկ կրակելու համար», հարգելի մեղադրողն առարկեց հարցի դեմ հետևյալ պատճառաբանությամբ. «Ես հարցը համարում եմ անտեղի: Մենք պետք է լսենք մի վկայի, որն ականատես չի եղել ու լսել է, չգիտես՝ ինչ է լսել մոտավորապես: Ենթադրություն եք ուզում վկայից լսել: Եթե ասում է՝ չգիտեմ, ուրեմն՝ չգիտի»:

Ես շատ ուրախ կլինեի, որպեսզի դեռևս նախաքննության փուլում մեղադրողն այսպիսի դիրքորոշում ունեցած լիներ:

Հարց է ծագում՝ այս պայմաններում ինչո՞ւ մեղադրողը նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս ուշադրություն չէր դարձնում, որ քննիչը նույնպես դեպքին ականատես չհանդիսացող վկաներին, այդ թվում՝ հենց նույն վկա Սարգիս Վարդանյանին, վերը հիշատակված նույն հարցերն էր տալիս, կոնկրետ փաստերի շարադրանքով փորձում էր համոզել, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ է կրակել և այդպիսի պատասխան էր ստանում»:

Վերաքննիչ դատարանում Երեմ Սարգսյանն ասաց՝ այն, որ պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը, լավ գիտակցում են նաև մեղադրող դատախազը և դատարանը, դա գիտակցել է անգամ տուժողի իրավահաջորդը:

Ըստ փաստաբանի՝ դա էր միակ պատճառը, որ երբ առաջին իսկ դատական նիստում Լյուքս Ստեփանյանի հայրը ցուցմունք տվեց, թե իմացել է, որ իր որդուն դիտավորյալ են սպանել, իր հարցերին՝ ո՞վ է իրեն նման բան ասել, որևէ պաշտոնատար անձ իրեն այդպիսի բան ասե՞լ է, թե ոչ, այդպես էլ հստակ պատասխան չի տվել:

«Իսկ այն բանից հետո, երբ տուժողի իրավահաջորդին ուղիղ հարց ուղղեցի, թե դեպքից հետո հանդիպե՞լ է արդյոք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեղադրողն, առանց հիմնավորման, անմիջապես առարկեց հարցի դեմ, իսկ դատարանն էլ, առանց հիմնավորման, ընդունեց առարկությունը և հանեց հարցը:

Այդ ի՞նչ հարց էի տվել ես, որ անմիջապես արժանացավ այդ առարկություններին և հանվեց: Բոլորը գիտակցում էին, որ այստեղ առկա է խնդիր, որ այդպիսի հայտարարություն չպետք է լիներ և դա կանխորոշում էր գործի ընթացքը:

Հարց է ծագում՝ ո՞րն էր դատախազի և դատարանի այդպիսի արձագանքի, անհանգստության պատճառը, մի՞թե նրանք, իրոք, կարծում էին, որ պաշտպանն իրավունք չունի պարզել, թե ով է տուժողի իրավահաջորդին հայտնել, թե իր որդուն դիտավորությամբ են սպանել, իրո՞ք կարծում էին, թե այդ հանգամանքի պարզաբանումը գործի հետ որևէ կապ չունի:

Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ նրանց կողմից չհնչեցին այդ հիմնավորումները կամ այն բանից հետո, երբ առարկեցի նախագահող դատավորի անօրինական գործողությունների դեմ և հայտարարեցի, որ ոչ միայն պաշտպանը, այլ նաև դատարանը և դատախազը պարտավոր են բացահայտել տուժողի իրավահաջորդի ցուցմունքում հայտնված հանգամանքի աղբյուրը, դրանից անմիջապես հետո դատարանը ստիպված նույն հարցը ուղղեց տուժողի իրավահաջորդին՝ «Օհանյանը կամ այլ պաշտոնատար անձ Ձեզ ասե՞լ է, որ սպանությունը կատարվել է դիտավորյալ:

Սակայն անգամ տուժողի իրավահաջորդը, զգալով մեղադրողի և դատարանի այդ անհանգստությունը, դատարանի հարցին պատասխանելիս ոչինչ չասաց Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած վերը հիշատակված խոսակցության վերաբերյալ և շրջանցելով պատասխանեց. «Ես ասացի, որ կարդացել են թղթերի մեջ»:

Փաստաբանն ասաց, որ երբ դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ անդրադարձել են նրան, որ նախաքննական մարմինը կաշկանդված է եղել նախարարի հայտարարությամբ և միակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն է կատարել, մեղադրող Արթուր Զաքարյանը վրդովվել է՝ ասելով, որ եթե նախաքննական մարմինը պաշտպանության նախարարի ենթակայության տակ է գտնվում, ապա դատախազությունը նրա ենթակայության տակ չի գտնվում, հետևաբար՝ օբյեկտիվ և անաչառ դատավարական հոսկողություն է իրականացրել, քանի որ կաշկանդված չի եղել այդ հայտարարությամբ.

«Եկեք մի պահ պայմանականորեն ընդունենք, որ դատախազն իրոք անկեղծ էր: Այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել հենց վերը նշված հանգամանքը, երբ պաշտպանության նախարարի և տուժողի իրավահաջորդի հանդիպման վերաբերյալ վերջինիս տրված հարցից անհանգստացած մեղադրողն անմիջապես առանց հիմնավորման առարկեց դրա դեմ՝ թույլ չտալով, որ տուժողի իրավահաջորդը պատասխանի հարցին: Ի՞նչ էր եղել: Իսկ ինչո՞ւ դրանից հետո նույնպես չառարկեց, երբ դատարանը նույն հարցը ուղղեց տուժողի իրավահաջորդին»:

Ինչո՞վ էր պայմանավորված գլխավոր դատախազի հայտարարությունը

Դատարանում այսօր Երեմ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը: Ինչպես հայտնի է, գործը առաջին ատյանի դատարանում քննվելու ժամանակ, երբ կողմերը հանդես էին գալիս ճառերով, իր հարցազրույցներից մեկում Գևորգ Կոստանյանն ասել էր, որ այս գործով «ունեցանք մեղադրական դատավճիռ»:

Ըստ փաստաբանի՝ հարցին՝ Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանել էր. «Այո՛: Ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար, և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»:

«Ի՞նչ էր սա նշանակում: Փորձենք վերլուծել: Բոլորս, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազը, գիտենք, որ ոչ մի փաստական տվյալ նախապես հաստատված ապացույցի ուժ չունի և դրանք կարող են հաստատված, առավել ևս անհերքելի համարվել միայն դատաքննության արդյունքներով՝ բոլոր ապացույցները հետազոտելու և իրենց համակցության մեջ գնահատելու արդյունքում, սակայն գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է, որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը հիմնավորելու համար:

Եթե համարենք, որ գլխավոր դատախազն այդպիսի հայտարարություն է արել զուտ այն պատճառով, որ դատարանում մեղադրող դատախազն արդեն իսկ ներկայացրել է մեղադրական ճառը, ապա առնվազն գլխավոր դատախազը պետք է տեղյակ լիներ դատարանում հետազոտված ապացույցներից, ինչն իր հերթին նշանակում է, որ նա տեղյակ է դատավարության ընթացքի վերաբերյալ, ուստի տեղյակ է նաև այն մասին, որ մեղադրական դատավճիռ դեռևս չի կայացվել: Այդ դեպքում ինչու՞ է գլխավոր դատախազը հրապարակային հայտարարում, որ «ինչպես գիտենք, այդ գործով ունեցանք մեղադրական դատավճիռ»:

Պատճառները կարող են երկուսը լինել. կա՛մ այդ եղանակով ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին ցանկանում է ճնշում գործադրել դատարանի վրա, որպեսզի դատարանը կայացներ մեղադրական դատավճիռ, հակառակ դեպքում դատարանը հաստատված էր համարելու, որ ՀՀ գլխավոր դատախազը սխալվում էր, երբ պնդում էր, թե ձեռք են բերվել մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ, կամ էլ հաստատվում է պաշտպանության կողմի՝ վաղուց արված այն հայտարարությունը, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացվել է դեռևս մինչև նախաքննության ավարտը և դատաքննությունը սկսվելը:

Եվ քանի որ բոլոր իրավասու պաշտոնատար անձանց համար էլ վաղուց հայտնի է, որ այս գործով ամեն գնով կայացվելու է մեղադրական դատավճիռ, որ դա նրանց համար արդեն իսկ հաստատված փաստ է, և դա այլևս որոշված էր, ուստի հենց այդ համոզմունքից ելնելով էլ մինչև անգամ դատավճռի կայացումը արդեն իսկ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Իսկ եթե ես սխալվում եմ և գլխավոր դատախազն ուղղակի շփոթմամբ է նման հայտարարություն արել, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ նա կամ այլ պաշտոնատար անձինք շփոթմամբ չեն հայտարարում, որ, ասենք, մեղադրանքը դեռևս վերջնականապես չի հաստատվել, որ դեռևս կան չպարզաբանված հարցեր, կամ՝ որ դատարանն իր վերջնական գնահատականը կտա, կամ, ասենք, որ կայացվել է արդարացման դատական ակտ: Այս հարցերի պատասխաները թողնում եմ վերաքննիչ դատարանին»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ երբ առաջին ատյանի դատարանում հայտարարեցին այս մասին, հաջորդ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ այն հայտարարությունը, թե մեղադրական դատավճիռ է եղել, շփոթմունք է եղել: Փաստաբանի խոսքով՝ գլխավոր դատախազը, սակայն, նորից պնդել է, որ այս գործով ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ:

«Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը վաղուց է կայացված եղել»

Ըստ փաստաբանի՝ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը վաղուց է կայացված եղել՝ մինչև նախաքննության ավարտը, և դատաքննությունը կրել է ձևական բնույթ: Ե. Սարգսյանի խոսքով՝ դա հաստատվում է նաև մի քանի այլ հանգամանքներով: Ըստ նրա՝ մեղադրողը, անտեսելով, թե դատաքննության ընթացքում ինչ ապացույցներ են հետազոտվել և ձեռք բերվել, իր մեղադրական ճառի փոխարեն, ըստ էության, ընթերցել է քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը:

Որպես մյուս ապացույց՝ փաստաբանը վկայակոչեց Լյուքս Ստեփանյանի մոր նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը գրվել էր նախաքննության ընթացքում և կցված է քրեական գործին:

Փաստաբանը մեջբերեց այդ նամակից մի հատված. «Բարև Ձեզ պարոն Ս.Օհանյան: Այս հարցին շտապ լուծում է պետք: Քանի որ պարզ երևում է, որ գործի վրա աշխատում են երկու փաստաբաններ և ժամանակ են շահում, որ գործը մեղմացնեն տարբեր հանգամանքներով: Քանի որ առաջին օրվանից մինչև օրս, նույն բանն է ասվում, թե ինչպես է դեպքը կատարվել, գլխավոր մարդասպանը կա, վկաները կան, վիրավորը՝ նույնպես: Վաղը կձևակերպվի, որ ամեն ինչ դրդել է Լյուքսը և Դավիթ Խաչատրյանը ճարահատյալ է կրակել: Քանի որ չեմ կարող երկարացնել, Դուք, պարոն Օհանյան, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Սևանա մայրուղու վրա խոստացաք՝ պատիժը 18-20 տարի է կամ ցմահ»:

Ե. Սարգսյանն ասաց, որ եթե ոմանք կփորձեն մեկնաբանել, թե պաշտոնյաներն ընդամենը ասել են, թե նշված հանցագործության կատարման համար օրենքով ինչ պատիժ է նախատեսված, ապա ինքը կնշի, որ Քրեական օրենսգրքով դրա համար նախատեսված է ոչ թե 18-20, այլ 12-20 տարի ժամկետով ազատազրկում.

«Իսկ մեղադրող դատախազն էլ այսքանից հետո իր հերթին հաստատեց, որ սույն քրեական գործով պետական բոլոր մարմինները, իրավասու պաշտոնատար անձինք համաձայնեցված են գործում, որ ամեն գնով պահում են իրենց խոստումը, ուստի իր մեղադրական ճառում դատարանին միջնորդեց, որ Դավիթ Խաչատրյանին դատապարտի հենց 18 տարի ժամկետով ազատազրկում, սակայն կրկին առանց հիմնավորելու, թե ինչու հենց 18 տարի, այլ ոչ թե ասենք գոնե 15, 16 կամ 17 տարի»:

Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանն էլ նշանակեց 17 տարի ժամկետով ազատազրկում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր դատարանն անկախ է, կաշկանդված չի եղել որևէ պաշտոնատար անձի հայտարարությամբ կամ խոստումներով և նշանակել է արդարացի պատիժ «այն դեպքում, երբ մեղադրանքը եղել է ուղղակի դիտավորությամբ սպանություն, իսկ դատարանը գնահատել է որպես անուղղակի դիտավորությամբ սպանություն, ինչը, կարծում եմ, խիստ էական նշանակություն ունի պատիժ նշանակելու հարցում»:

«Ինձ մի հարց է հետաքրքրում՝ այլ քրեական գործերով, որտեղ զոհված զինվորների հարազատներն այդքան ագրեսիվ չեն տրամադրված և չեն դիմում ծայրահեղ քայլերի, ինչո՞ւ վերը նշված պաշտոնատար անձինք այսպիսի հայտարարություններով հանդես չեն գալիս: Այս ի՞նչ բացառիկություն ուներ այս դեպքը, որ այսպիսի հայտարարություններ եղան ամենաբարձր եղանակով:

Պատասխանը մեկն է. գաղտնիք չէ, որ վերջին շրջանում բանակում տարբեր պատճառներով մահացած զինվորների հարազատների կողմից բազմիցս սուբյեկտիվ և օբյեկտիվ դժգոհություններ են հնչում այն մասին, որ այս կամ այն գործը կոծկվել է, որ սպանությունը վերափոխվել է ինքնասպանության և այլն, ուստի հասարակական մեծ հնչեղություն ստացած, հասարակության աչալուրջ հսկողության տակ գտնվող այս գործով, որով տուժող կողմը դիմել է ծայրահեղ միջոցների և իր համար ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում սպառնում է դիմել էլ ավելի ծայրահեղ քայլերի, իրավասու պաշտոնատար անձինք, այդ թվում՝ դատարանը, որպես պետական իշխանության մի մաս, փորձում են հասարակությանը համոզել հակառակում:

Այս ամբողջ ընթացքում միակ սկզբունքը, որ որդեգրված է եղել պետական իրավասու մարմինների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության, դատախազության և դատարանի կողմից, եղել է տուժողի հարազատների դժգոհությունը և պահանջները բավարարելը, նրանց հնարավոր ըմբոստությունը կանխելը, ինչպես նաև այդ մարմինների հեղինակությունը հասարակության շրջանում ամրապնդելը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ հասարակական հնչեղությունը, պաշտոնատար անձանց կանխակալ հայտարարությունները և Լյուքս Ստեփանյանի հարազատների դժգոհություններն ու պահանջները դատարանի համար որոշիչ նշանակություն են ունեցել:

«Մասնավորապես 15.01.2014թ. նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել Դավիթ Խաչատրյանի պաշտպաններիս բացակայության պատճառով, որից հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները կրկին դժգոհություն են արտահայտել, ապա սկսել են վիճաբանել դատական կարգադրիչների հետ և հայհոյանքներ հնչեցնել դատարանում:

Դրանից հետո վերջիններս պահանջել են, որպեսզի իրենց թույլատրվի մուտք գործել դատարանի շենքի` կողմնակի անձանց մուտքն արգելված, այսպես կոչված` «փակ տարածք», որպեսզի առանձին տեսակցեն նիստը նախա•ահող դատավոր տիկին Զաքինյանի հետ: Ի վերջո նրանց պահանջները բավարարվել են, Լյուքս Ստեփանյանի հարազատները մուտք են գործել դատարանի շենքի «փակ տարածք», բարձրացել են երկրորդ հարկ և որոշակի ժամանակ առանձին տեսակցել դատավոր Զաքինյանի և դատարանի նախագահի հետ, որից հետո միայն հեռացել են»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, ինչպես նաև պարտավոր է հաշվի չառնել առանց դատավարության կողմերի մասնակցության որևէ այլ անձի հետ իր շփումները, որոնք վերաբերում են դատավորի կողմից քննվող գործին»:

Փաստաբանն ասաց նաև, որ դատարանի կողմից անուշադրության են մատնվել դատավարությանը մասնակցող անձանց կողմից թույլ տրված խախտումները. «Բանը հասավ նրան, որ 12.02.2014թ. դատական նիստի ընթացքում Ստեփանյանի հայրը սկսեց գոռգոռալ դատարանի վրա, անգամ մատ թափ տալով նախագահող դատավորի վրա և ասել. «Սաղ քո տակն ա», իսկ դատարանը կրկին անզոր էր որևէ կերպ արձագանքել այդ ամենին»:

«Դավիթ Խաչատրյանի արարքը սխալ իրավական որակման է արժանացել»

Այսօրվա դատական նիստի ընթացքում Երեմ Սարգսյանն ասաց նաև, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և նրա արարքը սխալ իրավական որակման է արժանացել: Նշենք, որ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս):

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել հետևյալը. «Ստեփանյանի հնչեցրած հայհոյանքներից հետո Խաչատրյանը բացել է ինքնաձիգի ապահովիչը, այն դրել մենահատ կրակոցի դիրքի վրա և նշան բռնել Ստեփանյանի ուղղությամբ, իսկ արդեն չկրակողի հասցեին Ստեփանյանի հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո էլ Ստեփանյանին սպանելու հատուկ նպատակով, ուղղակի դիտավորությամբ Խաչատրյանը նույն դիրքից մեկ կրակոց է արձակել Ստեփանյանի ուղղությամբ և սպանել նրան»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ բավական է վկայակոչել միայն դեպքին ականատես երեք վկաների ցուցմունքները, որով հաստատվում է, որ Դավիթ Խաչատրյանը համածառայակցին սպանելու նպատակ չի ունեցել և այդ նպատակով կրակոց չի արձակել, իսկ կրակոցն արձակվել է ոչ թե նշան բռնած դիրքից, այլ գոտկատեղի հատվածից:

Փաստաբանի խոսքքով՝ ականատես վկաներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը նախաքննության ընթացքում 4 անգամ հարցաքննվել են, սակայն բառ անգամ չեն ասել այն մասին, որ Լյուքս Ստեփանյանի հնչեցրած հայհոյանքներից հետո Դավիթ Խաչատրյանն ինքնաձիքով նշան է բռնել նրա ուղղությամբ, ապա նաև նույն դիրքից կրակել:

Ե. Սարգսյանն ասաց, որ վկաները նշել են, որ մեկ կրակոցն արձակվել է այն ժամանակ, երբ Դավիթ Խաչատրյանն ինքնաձիգը պահած է եղել գոտկատեղի հատվածում.

«Իսկ արդեն դատաքննության ընթացքում, երբ վկա Հրաչյա Մարգարյանին ուղիղ հարց տվեցի՝ «Դուք տեսե՞լ եք, որ Դավիթը նշան բռնի որևէ մեկի վրա», հնչեց հետևյալ պատասխանը. «Ո՛չ, որովհետև մինչև կրակոցը էս դիրքի վրա էր», ապա Հրաչյա Մարգարյանը հստակ նկարագրեց, ձեռքերով ցույց տվեց, որ կրակոցի պահին ինքնաձիգը եղել է Դ.Խաչատրյանի գոտկատեղի հատվածում:

Վկա Արշակ Պետրոսյանը դատաքննության ընթացքում մեղադրողի հարցին՝ «կրակոցը հնչելու ժամանակ` կոնկրետ հստակ դիրքով եղե՞լ է ինքնաձիգը ուղղած, թե ՞շարժման ընթացքում է ձեռքը եղել», պատասխանեց՝ «իմ հիշելով` շարժման ընթացքում»:

Մեղադրողի հաջորդ հարցին՝ «զենքը պահեց Լյուքսի ուղղությամբ, նոր կրակե՞ց, թե՞ իջեցրեց նոր», Արշակ Պետրոսյանը պատասխանեց. «Իջացնելուց է զենքը կրակել»:

Արդեն դատարանի հարցին՝ «զենքն ուղղվե՞լ է դեպի Լյուքսը», Արշակ Պետրոսյանը պատասխանեց. «Փողն ուղղվել է դեպի տաղավարը, հետո զենքը իջացրել է ներքև ու էդ պահին կրակոցի ձայն եմ լսել»:

Փաստաբանն ասաց, որ հարցաքննված բոլոր զինծառայող վկաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը գտնվել են նորմալ, մտերիմ փոխհարաբերությունների մեջ, երբևէ չեն վիճաբանել միմյանց հետո, առավել ևս՝ միմյանց նկատմամբ թշնամություն չեն ունեցել:

Նրանք երկուսն էլ նույն կարգավիճակի զինծառայողներ են եղել, նրանցից ոչ մեկը մյուսի նկատմամբ որևէ առավելություն չի ունեցել և չի էլ փորձել ունենալ: Երկուսն էլ վայելել են համածառայակիցների հարգանքը:

Նրա խոսքով՝ Լ. Ստեփանյանի կողմից Դ. Խաչատրյանին «պզուկոտ» անվանելն ու հայհոյելը կատակ է եղել և իր մեջ լրջություն չի պարունակել:

Ե. Սարգսյանը մեջբերեց ականատես վկա Արշակ Պետրոսյանի՝ հենց դեպքի օրը տված ցուցմունքը. «Լյուքս Ստեփանյանը շարունակում էր նրա հասցեին նման հայհոյանքներ տալ և այդ ամենը տեսել և լսել ենք ես, Հրաչյա Մարգարյանը և Հրաչյա Սարգսյանը և մեզանից որևէ մեկը չխառնվեց Ստեփանյանի և Խաչատրյանի նշված խոսակցությանը, քանի որ նրանք նախկինում նման ձևով իրար հետ փոխադարձ կատակներ շատ են արել և այդ ժամանակ էլ մտածեցինք, որ հերթական անգամ իրար հետ կատակում են և որևէ լուրջ բան չկա»:

Փաստաբանը այդ կապակցությամբ մեջբերեց նաև ամբաստանյալի ցուցմունքից որոշ հատվածներ.

«Հարց. Ի վերջո այդ ամբողջ խոսակցությունը, որ նման հայհոյանքներով, քար նետելով, կամ հողի կտոր նետելով, էդ ամբողջը որևէ լրջություն իր մեջ պարունակե՞ց, շարունակվե՞ց լուրջ խոսակցության, վիրավորանքի: Դրանից Դուք վիրավորվեցի՞ք, թե՞ ոչ:

Պատասխան. Էդ ամեն ինչը սկզբից մինչև վերջ էլ եղել է կատակ ու ոչ մեկս էլ ոչ մեկից ոչ վիրավորվել ենք, ոչ նեղվել ենք: Որովհետև դա սովորական բան ա, եթե լավ հարաբերություն ունես ինչ-որ մեկի հետ, քեզ թույլ ես տալիս, նրա հետ էդպես խոսել:

Հարց.  Նշեցիք, որ մոտ եք եղել նրա հետ, անգամ հայհոյանքով կարող էիք միմյանց հետ կատակ անել: Այդ հայհոյանքով կատակը լինո՞ւմ է, որ զորամասում զինծառայողները նման ձևով իրար հետ կատակ անեն և ովքե՞ր են անում:

Պատասխան. Ասենք՝ նեղ ընկերական շրջապատում լինում ա, էդ բոլորն էլ գիտեն, բայց դրա մասին ոչ ոք էլ չի խոսում:

Հարց. Օրինակ, զինվորներ կային, դատարանում էդ հարցին պատասխանում են, որ նման բան բացառվում է, նման բան չի լինում և այլն: Ի՞նչ կասեք այդ մասին:

Պատասխան. Դե կանոնագրքով արգելվում է իրար հետ նման ձև խոսալ, ու եթե տենց բան ասեն, պարզ է՝ իրանց վրա գործ կհարուցվի»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին. դատական այդ նիստի ընթացքում Ե. Սարգսյանը կշարունակի ներկայացնել իր բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս