Արթուր Բաբլոյան. Չեմ կարա ասեմ՝ ինչքան եմ խփել, քանի հատ եմ խփել, ինքն ինձ ինչքան ա խփել

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը դատարանում շարունակում է ցուցմունքներ տալ: Նա պատասխանում է դատավոր Դավիթ Հարությունյանի հարցերին: Ամբաստանյալը հայտնեց, որ ինքն է վնասվածքներ հասցրել գործով տուժող Արտակ Բայադյանին: «Իմ արածի համար ես ինձ մեղադրում եմ»,- ասաց Գարիկ Մարգարյանը:

Ամբաստանյալի հարցաքննությունից հետո ցուցմունքներ տալու ցանկություն հայտնեց նաև գործով մյուս ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը: Քանի որ վերջինս դատաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունքներ տալ, դատավոր Դավիթ Հարությունյանը գտավ, որ անհրաժեշտ է նրան ևս ցուցմունքներ տալու հնարավորություն ընձեռել: Նա ասաց, որ դեպքի օրը ինքը ցանկացել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ձմեռային համալիրում տեսնել տնօրենին, որոշ ժամանակ սպասել է նրան՝ տեսնելով, որ չի գալիս, որոշել դուրս գալ համալիրից: Ապա ամբաստանյալի խոսքով՝ դուրս գալով համալիրից՝ բարձր ձայներ է լսել, տեսել է գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին և տուժող Գարիկ Սողոմոնյանին: «Կամաց-կամաց առաջանում էի, ձենները գալիս էին բարձր խոսակցության, բայց չէր լսվում՝ ինչ էին խոսում: Տեսա մեր Գարիկին երկու հոգու հետ կանգնած, որ բարձր զրուցում էին իրար հետ երկու հոգի: Այդ երկու տղաները հետագայում պարզվեց, որ մեկը Արտակ Բայադյանն էր, մեկը՝ Արկադին»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ այդ ժամանակ Վահե Ավետյանը հայհոյանքներ էր տալիս:

Այդ ընթացքում ինքը չի հասկացել՝ ինչո՞ւ է վեճ սկսվել Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի  միջև, որի ընթացքում Նորայր Հայրապետյանը մեկ անգամ հարվածել է Գարիկ Սողոմոնյանին: Ինքը մտել է այս երկուսի «արանքը», հանգստանալու կոչ է արել. «Ինքը սկսեց հայհոյել ու տենց հարձակվեց իմ վրա: Հարձակվելու ժամանակ խփեց, դե ես էլ սկսեցի խփել իրեն ու տենց մեր մեջ կռիվը սկսվեց: Չեմ կարա ասեմ՝ ինչքան եմ խփել, քանի հատ եմ խփել, ինքն ինձ ինչքան ա խփել, բայց ես էլ եմ խփել, ինքն էլ ա խփել, քանի որ ես վնասվածքներ եմ ստացել»:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս