Փաստաբանները պնդում են՝ Սերժ Սարգսյանը խախտել է անմեղության կանխավարկածը
ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Քրեական գործն այդ ժամանակ դեռևս քննության փուլում էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռևս վճիռ չէր էլ հրապարակել:
Այս գործով ամբաստանյալների փաստաբանները խոսեցին նախագահի կողմից անմեղության կանխավարկածի խախտման մասին:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սակայն, նշել էր, որ այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտում չկա: «Սա ինքնին չի կարող անմեղության կանխավարկածի դաշտում դիտվել, որովհետև անմեղության կանխավարկածի խախտումը, ըստ էության, համարվում է ոչ թե որևէ անձի կամ քաղաքացու կամ քաղաքական գործչի կամ պետական գործչի կողմից նախնական վերաբերմունքը որևէ հարցի վերաբերյալ, այլ այն պաշտոնատար անձի, որն իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ` մինչև որոշում կայացնելը:
Օրինակ, եթե դատարանը մինչև դատավճռի կայացումը, դատավճռի հրապարակումը հայտնի այդ մասին որևէ դիրքորոշում, այո, մենք դա կդիտենք` որպես անմեղության կանխավարկածի խախտում»,- ասել էր նա:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն էլ պարզաբանել էր, թե «պահի տակ հարց են տվել հանրապետության նախագահին, հանրապետության նախագահն էլ կարծիք է հայտնել»: «Նախ, անմեղության կանխավարկածի վերաբերյալ պետք է ասեմ, որ դա առաջին հերթին` իրավակիրառողի կողմից պետք է խախտում չլինի: Այ, եթե հանկարծակի գործը քննող դատավորը՝ առաջին ատյանի դատարանի, մինչև դատական ակտ կայացնելը թույլ տար իրեն որևիցե կարծիք այդ դատավարության վերաբերյալ կամ դատական ակտի վերաբերյալ կամ մարդու՝ հանցագործ լինել-չլինելու վերաբերյալ, այդ ժամանակ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի խախտման մասին»,- հավելել էր Մկրտումյանը:
Մեզ հետ զրույցում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը պատասխանելով հարցին` արդյոք համաձա՞յն է վերոնշյալ երկու պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունների հետ, ասաց. «Իմ խորին համոզմամբ, դա բխում է նաև Եվրոպական դատարանի նախադեպերից. պաշտոնատար անձինք, պետական մարմնի ներկայացուցիչներն իրավասու չեն մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունն ասել, որ անձը հանցագործություն է կատարել: Դա ուղղակի անմեղության կանխավարկածի խախտում է, առավել ևս՝ երբ դրա մասին խոսում է երկրի առաջին դեմքը:
Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած պաշտոնյաների մեկնաբանությանը, ես, ճիշտն ասած, չեմ կարծում, որ որևիցե մեկը կհամարձակվի ասել, որ նախագահը, նման հայտարարությամբ հանդես գալով, թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում: Այսինքն՝ ինձ համար դա շատ սպասելի էր»: Փաստաբանն ասաց նաև, որ քայլեր են ձեռնարկելու, նշված հանգամանքը բարձրաձայնելու են իրենց բողոքներում՝ խնդրելով դատարաններին «օֆիցիալ ձևով» ասել՝ արդյոք կա՞ անմեղության կանխավարկածի խախտում, թե՞ ոչ, եթե չկա, ապա ի՞նչ չափորոշիչներից ելնելով:
Քրեական գործով ամբաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց.
«Անմեղության կանխավարկածը միայն արդարադատության ժողովրդավարական սկզբունք չէ, որ հասցեագրված լինի արդարադատության մարմիններին: Անմեղության կանխավարկածը սահմանադրական իրավունք է նաև, հետևաբար՝ այն հարգելու պարտականությունը բոլորինն է՝ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, նույնիսկ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, և նման հայտարարություններով, եթե մարդու մեղավորությունը դատական ակտից առաջ հայտարարվում է կատեգորիկ կերպով, բնականաբար, անմեղության կանխավարկածի խախտումը փաստ է: Այլ բան է, թե դրանք ինչ իրավական հետևանքներ են թողնում: Ցավոք սրտի, ինչպես այլ իրավունքների խախտման պարագայում, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման պարագայում ևս մեր օրենսդրությունը խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ մեխանիզմներ չի նախատեսում:
Ընդհանրապես, ես կարծում եմ այս սկզբունքը վաղուց դադարել է ռեալ գործոն հանդիսանալ մեր արդարադատության համակարգում փաստացիորեն: Այլ բան է, որ օրենսդրորեն հռչակված է: Այս իմաստով, ես գտնում եմ, որ անմեղության կանխավարկածի խախտում կա, եթե մարդու մեղքը կասկածի տակ արդեն չի դրվում և հայտարարվում է, որ կատարվել է հանցագործություն: Եթե դրանք հնչում են պաշտոնատար անձանց անունից, բնականաբար, Հայաստանում իրավունքի ստվերային աղբյուրներից մեկն էլ պաշտոնատար անձանց պաշտոնական դիրքորոշումն է այդ հարցի շուրջ:
Եվ եթե այդ դիրքորոշումը հետևանքներ է թողնում, բնականաբար, դա անձի համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ»:
Քանի որ ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի քննության ընթացքում գործով փաստաբանները խոսեցին Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դատարանն իր վճռում պե՞տք է անդրադառնար այս հանգամանքին և արտահայտեր իր դիրքորոշումը: Ի պատասխան` Հ. Քոչարյանն ասաց.
«Զուտ ֆորմալ-իրավական տեսանկյունից` դատարանը կարող էր դրան չանդրադառնալ, բայց դա չի նշանակում՝ անմեղության կանխավարկածի իրավունքի խախտում չկա: Այնպես որ, այստեղ այդքան միանշանակ պարզ չէ խնդիրը, և դատարանը կարող էր հազար ու մի պատճառաբանություն բերել, թե ինչու դրան չի անդրադարձել: Ամեն դեպքում դատական ակտն ավելի շատ հարցեր է իր մեջ առաջացնում, քան զուտ անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը, որովհետև ես կարծում եմ, որ առաջին անգամ ընդհանուր իրավասության դատարանը խմբագրեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը (խուլիգանություն) և իրեն վերապահեց օրենսդրի ֆունկցիա»: Փաստաբանը նշեց, որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս ավելի շատ փորձելու է ծանրանալ այս հարցերի շուրջ. «Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ դատական վերջնական գնահատականը կարող է իմ վստահորդների շահերի, իրավունքների պաշտպանության համար ավելի լուրջ, այսպես ասեմ, պոտենցիալ պարունակել, քան թե անմեղության կանխավարկածի հարցի բարձրացումը դատական ատյանում: Սա է իմ անձնական կարծիքը՝ հաշվի առնելով, որ դատարանները, ցավոք սրտի, կորցրել են իրենց իրավապաշտպան պոտենցիալն այսօր»:
Խոսելով անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ արտահայտված տեսակետների մասին՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի որոշումներ: «Եվրոպական դատարանի դիրքորոշումը հանգում է հետևյալին, որ անմեղության կանխավարկածի պահպանումը դրված է ոչ միայն դատարանների, դատավորների վրա, այլև բոլոր պաշտոնատար անձանց վրա: Մասնավորապես՝ Ֆրանսիայի դեմ կայացված վճիռներից մեկով, որը կայացվել է 1995թ., Եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում է ճանաչել այն պատճառով, որ մամուլի ասուլիսի ժամանակ Ներքին գործերի նախարարը և Ոստիկանության այլ բարձրաստիճան երկու սպաներ հանցանքի կատարման մեջ (խոսքը պառլամենտի անդամի սպանության մասին է) մեղադրվող անձին մատնացույց են արել` որպես սպանության կազմակերպիչ և ոգեշնչող:
Այսինքն՝ միանշանակ Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել, բայց նշել է, որ դա, իհարկե, չպետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանություններին արգելվում է հանրությանը տեղեկացնել քրեական գործերի, քրեական պրոցեսների ընթացքի մասին, բայց միևնույն ժամանակ` նրանք իրենց ձևակերպումների մեջ պետք է ցուցաբերեն զգուշավորություն, որպեսզի չխախտվի անմեղության կանխավարկածը»,- ասաց փաստաբանը:
Մուշեղ Շուշանյանը մեջբերեց նաև ՄԻԵԴ-ի կողմից 2005թ. Մալթայի դեմ կայացված որոշումներից մեկը. «Մալթայի վարչապետը հայտարարություն է արել մամուլի ասուլիսի ընթացքում, որ կոնկրետ անձինք կատարել են հանցանքներ, բայց այս դեպքում արդեն ներպետական մարմիններն ուղղել են այդ սխալը: Այսինքն՝ վերացրել են իրավունքի այդ խախտումը: Ի՞նչ է տեղի ունեցել:
Մալթայի Սահմանադրական դատարանը ճանաչել է անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը և այդ մասին իրազեկել է այն դատարանին, որը քննում էր տվյալ անձանց գործը: Այսինքն՝ այդ քայլով բացառել է դատարանի վրա վարչապետի այդ հայտարարության հնարավոր ազդեցությունը: Այնպես որ, այս դեպքում Կոստանյան Գևորգի հայտարարությունները, թե՝ նախագահի հայտարարությունը չի կարող դիտվել, լրիվ հիմնազուրկ հայտարարություն է»:
«Բոլորին է հայտնի, որ դատարաններն անկախ չեն ու կախված են նախագահից ու գործադիր իշխանությունից, այստեղ այդ հայտարարությունն առավել քան ուղղակի հրահանգ, ցուցում էր դատարանին՝ մեղադրական, դատապարտող դատավճիռ կայացնելու»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ դատարանը քրեական գործով բոլոր 14 ամբաստանյալներին, այդ թվում` Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն, մեղավոր է ճանաչել խուլիգանության կատարման մեջ՝ նրանց նկատմամբ նշանակելով տարբեր չափով ազատազրկում: Դատարանը միայն երկու ամբաստանյալների՝ Ալբերտ Մարգարյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին արդարացրեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում: