Դատարանի իրավամտածողությունը պետք է ներդաշնակեցվի մեր դատական համակարգի հետ. Գագիկ Հարությունյան
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցով դիմել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիներին:
«Նման հնարավորությունն իր հերթին հիմնված է մեր երկրի սահմանադրական արժեբանության այն հիմնարար մոտեցումների վրա, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սահմանադրորեն գերապատվությունը տալիս է միջազգային իրավունքների նորմերին ու սկզբունքներին»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ սահմանադրական նման մեթոդաբանությունը համարժեք խնդիրներ է առաջադրում արդարադատական ողջ համակարգի, պահանջում է ոչ միայն գործադիր իշխանության, այլև պետական բոլոր ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության համարժեք վերաբերմունքը՝ ՄԻԵԴ-ի առաքելության և դատարանի նախադեպային իրավունքի նկատմամբ:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ մեր իրավակիրառ պրակտիկան հաճախ է անդրադառնում ՄԻԵԴ նախադեպային իրավունքին. «Ես անձամբ դա համարում եմ անհրաժեշտ, բայց ոչ բավարար:
Մեզ առավել քան անհրաժեշտ են արդյունավետ քայլեր, հատկապես, իրավունքի գերակայության երաշխավորության ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ամբողջական իրացումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականները, խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանձևերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, Եվրոխորհրդի Վենետիկի հանձնաժողովի զեկույցները:
Իրավունքի գերակայությունը լիարժեք երաշխավորելու համար անհրաժեշտ է,մասնավորապես, որպեսզի մեզանում պետությունն իրավունքի ուժով պոզիտիվ պարտականություն կրի մարդու արժանապատվության, նրա իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրային իրավական պատասխանատվություն, հիմնական իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, արդարադատությունը լինի առավել անկախ ու անկողմանակալ, լիարժեք երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, օրենքները և այլ իրավական ակտերը առավել մեծ չափով համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից, իշխանության իրականացումը խարսխված լինի գործառույթների և լիազորությունների հստակ ներդաշնակումը երաշխավորելու վրա, հանրային իշխանության իրականացման հիմքում բացառապես ընկած լինի օրինականության սկզբունքը, իրավական պետության չափանիշներին համապատասխան երաշխավորվի կամակայակնության արգելքի սկզբունքը և առավել հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները:
Այս բոլորի իրականացման համար մեզանում թե սահմանադրական, թե օրենսդրական և թե կառուցակարգային բնույթի շատ խնդիրներ դեռևս պետք է լուծվեն»:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՄԻԵԴ վճռներին պարզապես հղումները մեր պրակտիային քիչ բան կարող են տալ, էականը դատարանի իրավամտածողությունը մեր դատական համակարգի հետ ներդաշնակեցնելն է: