Քաղաքատնտեսության համեստ հմայքը
Մաքսային միություն մեր մուտքն անընդհատ հետաձգվում է: Քաղաքական տարբեր վերլուծություններ կան: Ոմանք պնդում են՝ մինչև անդամագրումը հիմնադիրները կփորձեն հնարավորինս «նվաստացնել» Հայաստանին: Նվաստացնել` քաղաքական ու տնտեսական ոչ ձեռնտու պայմաններ պարտադրելով: Առավել լավատեսները հույս ունեն, որ հենց ինքը` Մաքսային միությունը, չի կայանա` հիմնադիր եռյակի միջև առկա քաղաքական տարաձայնությունների պատճառով: Բոլորի փաստարկներն էլ համոզիչ են: Եվ անհայտ է՝ դրանց որ մասը կիրականանա: Փոխարենը մի բան է հաստատ՝ Մաքսային միության անդամակցության սպասումն առայժմ որևէ դրական հետևանք չունի: Կամ՝ չի ապահովել:
Ավելին՝ անդամ երկրների տնտեսական հարաբերությունների մասին տեղեկատվությունն ավելի շուտ տխուր մտքեր է ծնում, քան լուսավոր հույսեր: Ցանկացած հայ մարդ՝ արտադրող, տնտեսվարող կամ պարզապես սպառող, չի կարող առանց բացասական հույզերի կարդալ այն մասին, որ ՌԴ-ն Ղրղըզստանին գազ կրկնակի էժան է վաճառում: Կրկնակի էժան՝ քան Հայաստանին: Մեզ ընդամենը խոստանում են, որ առաջիկա մեկ-երկու տարում գինը չեն բարձրացնի:
Ընդունեք, որ սա բավարար մխիթարություն չէ: Հատկապես, եթե հաշվի առնենք տեղի ունեցող բացասական գործընթացները: Օրինակ` երեկ հրապարակվեց «Գլոբալ մրցակցություն 2014-2015» զեկույցը: Ինչպես ցանկացած միջազգային զեկույց, սա էլ հնարավոր ներդրողների ուշադրության կենտրոնում է: Այն գնահատում է, թե ինչպես է տվյալ երկիրը տնօրինում իր ռեսուրսները, որքանով է այդ երկրում ազատ շուկան, և ինչպես է այն ազդում այդ երկրում արտադրողականության աճի, ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացման վրա: Հայաստանը նախորդ զեկույցի դիրքից նահանջել է վեց կետով: Մենք 85-րդն ենք:
Եթե չեմ սխալվում, առաջին անգամ զիջում ենք բոլոր հարևաններին: Բոլորին:
Նրանցից Ադրբեջանը 38-րդն է: Թուրքիան՝ 45-րդը: Վրաստանը՝ 69-րդը: Իրանը՝ 83-րդը: Եթե սույն գնահատականում հիմնականում քաղաքական շարժառիթներ եք տեսնում և համարում եք, որ այն ՄՄ-ին միանալու մտադրության արդյունք է, ապա ավելորդ չի լինի ընդգծելը, որ Ռուսաստանն այս ցանկում 53-րդն է: Այսինքն՝ ՌԴ-ն շատ ավելի շահեկան գնահատական ունի, քան դեպի Եվրամիություն սլացող Վրաստանը: Ուրեմն ստիպված պիտի ընդունենք, որ քաղաքական բացատրությունից բացի, կա նաև մեկ ավելի էական՝ տնտեսական բացատրություն:
Փաստորեն մեր տնտեսական կյանքում մրցակցության թույլ ներկայությունը կամ լիակատար բացակայությունն արձանագրում են բոլորը: Բոլորը՝ բացառությամբ մեր իշխանությունների ու այդ գործով ի պաշտոնե զբաղվելու կոչված համապատասխան հանձնաժողովի:
Մեր իշխանությունների խրոխտ ելույթները` ստվերային տնտեսության կրճատման, մանր ու միջին գործարարության աջակցության ու հարակից թեմաների մասին` ոչ ոք լուրջ չի ընդունում: Միայն Արևելքում չէ, որ գիտեն «Ուղտին նստած կուզեկուզ ման չեն գա» ասացվածքը: Տնտեսության ոլորտում հրապարակված ցանկացած ծրագիր պիտի որ հետք թողնի: Եթե այն իրագործվում է, իհարկե: Արդեն բազում տարիներ իշխանությունները բարելավում են տնտեսական միջավայրը:
Հայրական հոգածությամբ մրցակցային բարենպաստ պայմաններ ստեղծում մանր ու միջին գործարարության համար: Մանր ու միջին բիզնեսի աջակցության համար ՀՀ կառավարությունում նույնիսկ հատուկ հանձնաժողով կա: Հանձնաժողով, որ վաղուց է ձևավորվել և «վարչապետին կից» կառույցի համբավ ունի: Կամ՝ կարգավիճակ: Բայց ուսումնասիրեք մեր պաշտոնական վիճակագրությունը: Այնտեղ համարյա տվյալներ չկան այս ոլորտների մասին: Իսկ ցանկացած կառավարիչ (իշխանությունների նախընտրած բառապաշարով ասած՝ մենեջեր) ձեզ կբացատրի, որ անհնար է կառավարել մի ոլորտ, որի մասին տվյալներ չկան:
Հավանաբար սա է ընկած մեր տնտեսությանը տրված միջազգային տխուր գնահատականի հիմքում: Իհա՛րկե, իշխանությունները կարող են արդարանալ, որ դա ընդամենը Արևմուտք-Ռուսաստան արդի բարդ հարաբերությունների արդյունք է: Եվ սա ավելի շուտ քաղաքական գնահատական է, քան տնտեսական: Բայց այդ դեպքում նրանք ստիպված պիտի մոռանան, որ անցած տարի գարնանը ռուսական 500 մլն դոլարանոց վարկը փակելու համար իրենք արևմտյան ներդրողներից փող խնդրեցին: Խնդրեցին` նրանց նախապես տեղեկացնելով, որ մտադիր են Մաքսային միության մաս կազմել: Նույնիսկ այս պարագային արևմտյան ներդրողները գնեցին մեր կառավարության թողարկած արժեթղթերը: Գնեցին, բայց հիմա մեր տնտեսության վիճակը ծանր են գնահատում:
Մյուս կողմից, իհարկե, այս գնահատականը կարող են բացատրել ՌԴ-Արևմուտք քաղաքական բարդ հարաբերություններով: Այդպես միշտ էլ հնարավոր է տնտեսական անկարողությունը բացատրել քաղաքական շահերով ու խաղերով: Բայց դրանից տնտեսությունը չի աճում: Իսկ դա տխուր է, եթե չափազանց մեղմ արտահայտվենք: