«Չեմ ունեցել, չունեմ և չեմ երազում կոչում ստանալ, առավելևս` մի իշխանությունից, որի գործունեությունից առաջանում է միայն ափսոսանքի և ամոթի զգացում»

Հարցազրույց դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի հետ

Վերջին ժամանակներս «հայրենասիրություն», «մտավորականություն», «հերոս» բառերն այնքան առիթ-անառիթ թմբկահարվեցին, որ կորցրին բովանդակային արժեքը: Պաթոսը դարձավ քաղաքական, մշակութային, հասարակական ընդհանուր օգտագործման, տպավորություն թողնելու գործիք: Ու նրանք, ովքեր իրապես մտավորական, հայրենասեր ու հերոս են` նախընտրեցին հայրենասերի, հերոսի, մտավորականի պատրանք ստեղծող կոլաժին չձուլվել: Այսպես ասած` իմաստունները լռեցին, իսկ դատարկամիտներն աղաղակեցին: Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը «հայրենասիրություն», «մտավորականություն» բառերն օգտագործելը համարում է անիմաստ զբաղմունք:

«Երբ իրական կյանքում սերը, հայրենասիրությունը, միտքը, արդարությունը, արժանապատվությունը պակասում են, դրանք հայտնվում են պաստառների վրա:

Քաղաքն ու ամբողջ երկիրը ողողում են գրություններ իրականում վտանգված հատկությունների գերիշխանության մասին: Փրփուրներ են, որոնցից չարժե կառչել և հույս դնել դրանց վրա: Իրապես հայրենասերներն ու մտավոր աշխատանքը հարգող մարդիկ ամեն օր զբաղվում են հայրենիք սիրելով և միտք գործադրելով: Հիշեմ ընկերոջս` Լևոն Խեչոյանին. Երբևէ լսե՞լ եք, որ նստի ու գլուխ գովա, թե ինչ նվիրյալ է, ինչ խորը մտածող է և որքան ջանք է դնում իր երկրին գոնե մի մազ օգուտ տալու համար: Նման բառերը միայն գրվելով լիցք չեն դառնում»,- ասում է Ա. Ադամյանը, ով, ի դեպ, վայելելով ժողովրդի սերը, բայց լինելով ըմբոստ, այլախոհ արվեստագետ, առայսօր ՀՀ իշխանությունների կողմից ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչման չի արժանացել:

Կարդացեք նաև

– Պարոն Ադամյան, որքան էլ Հայաստանի Միգրացիոն ծառայությունը փորձի մեղմել արտագաղթի ծավալների, պատճառների մասին ուսումնասիրությունները, միևնույն է` փաստն այն է, որ ժողովրդագրական պատկերն ապագայի համար, մեղմ ասած` վտանգավոր միտումներ է կանխատեսում: Ընդ որում` այդ պատկերն առողջացնելու համար, կարծես թե, արմատը թողած, հետևանքների նորոգմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում: Հայաստանի բնակչությունը համարվում է ծերացող, Կառավարությունը, միջազգային կազմակերպությունները որպես ժողովրդագրական պատկերի առողջացման թիրախ` ընտրել են վերարտադրողական առողջության խթանումը: Մինչդեռ վերարտադրողական հավասարակշռության խթանը, հիմնասյունը երիտասարդությունն է, որի զգալի մասը ճամպրուկները հավաքած` այլ երկրներ է տեղափոխվում: Եթե Հայաստանում պաշտպանված չեն մարդու սոցիալական, առողջապահական և մյուս բոլոր իրավունքները, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ հայ երիտասարդ ընտանիքները ժողովրդագրական պատկերը կբալանսավորեն:

– Ձեր հարցի վերջնամասում կա նաև պատասխանը: Իմ կողմից` մի երկու ակնարկ միայն: Ժողովրդագրական պատկերը, իմ խորին համոզմամբ, արհեստական ոչ մի հնարքով հնարավոր չէ բարելավել, հատկապես, երբ այն արդեն ձևավորվել է` որպես երկրում հաստատված սոցիալ-տնտեսական դրույթների և փոխհարաբերությունների արձագանք: Երկրի ներսում «ծերեր-երիտասարդներ» հավասարակշռության միակ խթանիչը` ազգի, ժողովրդի, թող ոչ շատ հարուստ, բայց արժանապատիվ կյանքով ապրելու գիտակցված, ողջամիտ, բավարար պայմաններն են. աշխատանք, արվեստ, գիտություն, արդարադատությունգ իմա` արդար սկզբունքների և հավասարակշռության վրա հիմնված պետական համակարգ: Այլապես դեմոգրաֆիկ պատկերն անդադար քայքայվելու էգ Մենք արդեն բավականին երկար ժամանակ գտնվում ենք հենց այդպիսի «Սև Անցքում», որն ի զորու է կլանել ու ոչնչացնել ամեն բան, բացի ինքն իրենից, և որքան ավելի շատ կլանի, այնքան ավելի «կհզորանա»: Սրան գումարենք նաև տղաներ-աղջիկներ հավասարակշռության փլուզումը, և պատկերն ամբողջանում է` տխուր ու մռայլ, անհեռանկար իրականություն, որին շատ քչերը կկարողանան հարմարվել, էլ ուր մնաց` ստեղծագործ պահվածք դրսևորեն: Ստեղծագործ միտքը ձգտում է այնտեղ, ուր դրսևորման և իրագործման համար ստեղծված են նպաստավոր պայմաններ:

– Դրսից Հայաստանի արտագաղթը միանգամայն այլ բովանդակություն ունի: Ինքս ականատես եմ, փաստեր ունեմ այն մասին, որ Եվրոպան մեծ թափով գնում է Հայաստանի «ուղեղները»: Մինչև անգամ Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից աշխատանքային փայլուն պայմանագրերով հայ ծրագրավորողներ են հրավիրում: Բավականին երիտասարդ մի մասնագետ վերջերս տեղափոխվեց Ֆրանկֆուրտ` օդանավակայանում աշխատելու, որին հաջորդեց Հայաստանից ընտանիքին տեղափոխելու քայլը: Օրինակ, ֆիզիկայի մասնագետ հայ ամուսիններ նույնպես աշխատանքային հրավերով տեղափոխվել են և իրենց գիտական պոտենցիալն իրացնում են գերմանական գիտական խոշոր մի արտադրության մեջ: Բժիշկների, դեղագործների քանակը նույնպես մեծ է: Կարող եմ անվերջ թվարկել, թե Հայաստանն ինչ կորուստներ է կրում բոլոր այն ոլորտներում, որոնց զարգացումը կապված է մատնանշված ուղեղների հետ: Այսինքն` Հայաստանը ոչ միայն ծերացող, ոչ միայն (պաշտոնապես) «զարգացող», այլ նաև տարիներ հետո հետընթաց ապրող երկիր է համարվելու, որը տնտեսություն, գիտություն, կրթություն զարգացնելու համար ստիպված կլինի աշխարհով մեկ սփռված իր մտավոր ներուժի գնորդն ինքը լինել: Ո՞նց կարելի է այսքան հանգիստ շաղ տալ Հայաստանի ապագան:

– Մտահոգ եք դուք և մյուս ողջամիտ մարդիկ: «Սև Անցքը» հանգիստ է… Հաճախ կարելի է լսել, թե ինչպես երկիրն այս օրին հասցրած «պատասխանատուները» գլուխ են գովում` մեր ուսումնական համակա՜րգը, մեր կրթվածության ծավալնե՜րը, աշխարհում առաջին դիրքե՜ր, ֆլա՜ն, ֆստա՜ն… Ծիծաղելի է… Ուսումնական համակարգն առաջին հերթին` հարազատ երկրի զարգացմանն ուղղված կարևորագույն ոլորրտներից է: Բարձրորակ կրթությունը ներդրումներ է պահանջում: Ներդրումներն ապարդյուն չեն, երբ գիտելիքները ծառայում են երկրի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար, և հենց դա ապահովում է ծախսված միջոցների վերականգնումը` որակյալ մասնագետները երկրի եկամտաբերության գրավականն են: Երբ պետությունն անտարբեր է կրթության ոլորտի նկատմամբ, իսկ դրա վրա ծախսված միջոցների վերականգնման հիմնական եղանակ համարում է ուսանողից ստացվող վարձավճարը, ասել է թե` դա մի մասնավոր բիզնես ծրագիր է, ուր ուսանողն ընդամենը գնորդ է` ստացել է իր «ապրանքն» ու փնտրում է, թե ո՞վ կհետաքրքրվի դրանով: Հետաքրքրվում է նա, ով հասկանում է ուսյալի արժեքը:

– Ի վերջո, հայերի գյուտերն այլ երկրների մասնավոր ընկերություններում վերածվում են տվյալ երկրների գիտական կառույցների մասնավոր սեփականության, ընդհուպ` մինչև անգամ հեղինակի ազգային պատկանելության հարցը չի վիճարկվում, քանի որ գյուտի «տերը» տվյալ երկրի գիտական կառույցն է, որը, բնականաբար, զարգացնում է պատվիրատու երկրի տնտեսությունը:

– Գիտելիքներով լեցուն մասնագետին, այն էլ` նորարարական գաղափարներով լեցուն ուղեղով, գնողը հստակ պատկերացնում է իր շահը` հիմարը միայն տեր չի դառնա: Գիտական և այլ արտադրողական ոլորտներն ազգային պատկանելությունից կախված չեն լինում: Գործունեության յուրաքանչյուր ոլորտի հանրագումարը, իհարկե, կարող է ազգային նկարագրի բաղադրիչներից մեկը լինել: Այնպես որ, եթե որևէ, ասենք` կորեացի, զարգացնի Հայաստանի մեքենաշինությունը` պետք է ուրախ լինենք:

– Եթե անվրդով կորցնում ենք կարևորագույն ռեսուրսը` մտավոր ներուժը, ընդ որում` Հայաստանի խոցելի այդ կետը մինչև անգամ շահարկվում է թշնամական պետության նախագահի կողմից, ապա որտեղի՞ց այն վստահությունը, թե հաղթող ժողովուրդ ենք:

– Ինձ մտահոգում է ոչ թե թշնամու հայտարարությունը, այլ այն, որ չեմ կարող լիաթոք ու մեծ բավարարման զգացումով լեցուն ծիծաղել դրա վրա, որովհետև ես ևս ունեմ այդ մտահոգությունը:

– Մի կողմից` ժողովրդագրական խնդիրները քննարկելիս` հայտարարվում է, որ բանակի համալրման խնդիր կա, մյուս կողմից` պաշտոնական վերնախավը հայտարարում է, թե ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում ամենամարտունակն են. Ինքնախաբեությո՞ւն է, թե՞…

– Ուրախ եմ, որ մեր բանակն ամենամարտունակն է, և խորապես տագնապում եմ, որ համալրման հետ կապված մեծ խնդիրներ ունի: Մեղավորները քաջ հայտնի են` ապաշնորհ ու անգրագետ իշխանության անհասկանալի համակարգի բոլոր օղակները և նրա կամակատար ԱԺ մեծամասնությունը: Համոզված եմ, որ նրանք զբաղված են ոչ թե ԻՆՔՆԱ-, այլ կատարյալ խաբեությամբ:

– Վերջին շրջանում սահմանում արձանագրված դեպքերը, պատերազմի վերսկսման վտանգը ներքաղաքական և հասարակական հետաքրքիր վերադասավորման ազդակ հանդիսացան: Կարծիք կա, որ պատերազմի իմիտացիան ամրապնդեց երկու նախագահների դիրքերը, երկուսն էլ ինքնահաստատվեցին երկրի ներսում, քանի որ հավանական պատերազմը ներսի խնդիրների վրա վարագույր իջեցրեց: Խաղ կա՞ր… Արդյոք պատերազմն այլևս հասարակություններին լռեցնելու շանտաժ չէ՞:

– Լիովին համաձայնելով ձեր ասածին, մեկ ուղղում միայն` ոչ թե ամրապնդեց երկու «նախագահների» դիրքերը, այլ` ևս մեկ անգամ, հաստատեց, որ երկուսն էլ խամաճիկ են, և իրենք չէ, որ պետք է լուծեն իրենց ապաշնորհության ծանրությունից խեղճացած ժողովուրդների ճակատագրերը…

– Դուք արձակագիր Լևոն Խեչոյանի մտերիմ ընկերն էիք: Նա հազվադեպ էր հարցազրույց տալիս, իսկ Ղարաբաղում կռվելու տարիների մասին ընդհանրապես չէր խոսում: Մի քիչ կպատմե՞ք, ի՞նչ անհանգստություններ կամ համոզմունքներ, հույսեր ուներ` երկրի, Ղարաբաղի, իր մարտական ընկերների հետ կապված:

– Ցավալի կորուստ ունեցանքգ Ես կորցրի ընկեր, ում հետ առանց կռվի ու վիճաբանության քննում ու վերլուծում էինք մեր և մեր երկրի առջև ծառացած, արվեստի և քաղաքականության, սոցիալական, բարոյական, մեզ մտահոգող բոլոր խնդիրները:

Կռիվ ու վիճաբանություն առաջանում է, երբ կողմերը հիմնվելով տարբեր արժեհամակարգային համոզմունքների և աշխարհընկալման տարբեր փիլիսոփայական դրույթների վրա` աշխատում են պարտադրել սեփական կարծիքը, երբ լսելը ոչ մի դեպքում չի դառնում ընկալում, և բանավեճը չի ձգտում հանգել արդյունքի: Պատերազմում իր մասնակցության մասին չէր խոսում, որովհետև ավելի հզոր զենք ուներ` խորը միտք և ծայրաստիճան նուրբ hոգի: Եթե կարդաք Լևոնի գրականությունը, կհաղորդակցվեք նրա կռվին ու իմաստնությանը:

– Հայաստանի երեք նախագահների մարդկային երեք որակ կմատնանշե՞ք:

– Հայաստանի երեք նախագա՞հ… Գիտեմ մեկին, որն իսկապես ընտրվել է` Լևոն Տեր-Պետրոսյանը: Գիտնական, սուր անալիտիկ մտածողությամբ օժտված անձնավորություն: Այնուհետև սկսվեց իշխանությունը յուրացնողների շքերթ, որոնց գործունեության որակն ակնհայտ երևում է հայաստանցիների և Հայաստանի պետականության որակական «զարգացումներում»:

– Ձեզ շրջապատող մարդկանցից ո՞վ ավելի լավ կղեկավարեր երկիրը. անուն կտա՞ք:

– Ես միշտ երազել ու ակնկալել եմ, որ մեր երկրի ժողովուրդը պետք է կարողանա թոթափել դարավոր խեղճությունն ու ստրկամտությունը, և միայն այդ ճանապարհով մենք կարող ենք մի գեղեցիկ օր նորից ունենալ ազգընտիր նախագահ, ոչ թե` սրա-նրա թելադրանքի, կեղծիքների, կլանային շահերի և ուժի գործադրման արդյունքում ստեղծված իրավիճակ` իր պարագլխով:

– Պրն Ադամյան, կոչումների ինստիտուտն այնքան վարկաբեկվեց, որ ժողովրդականի, վաստակավորի կոչում չունենալը մարդուն պատիվ է բերում: Այնուամենայնիվ, Դուք ժողովրդի ամենասիրելի դերասաններից եք, դրանից զատ` քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ակտիվ, այլախոհ, պայքարող արվեստագետ եք, և հետաքրքիր է` չի՞ եղել մի դեպք, երբ քննարկվի Ձեզ որևէ կոչման արժանացնելու հարցը: Եթե մի օր ՀՀ նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչում ստանայիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը:

– ԽՍՀՄ փլուզումից առաջ, այո, ներկայացվել եմ… հետաձգվեց` պատճառաբանումով, որ կլոր տարեդարձ պետք է լինի` 50, 60, 65, 70, 75 և այլն ամյակ: Երբ անկախության ուղի մտանք, կոչումների արատավոր ինստիտուտը, փառք Աստծո, վերացվեց: Ցավոք, այն կրկին վերակենդանացվեց` համակարգային, հասարակական և քաղաքական հարցերում լծակներ ունենալու համար: Շատ չխորանանք` շատ պարզ հարց է: Չեմ ունեցել, չունեմ և չեմ երազում կոչում ստանալ, առավելևս` մի իշխանությունից, որի գործունեությունից առաջանում է միայն ափսոսանքի և ամոթի զգացում, որ մեր ժողովրդի հազարամյակների փորձությունները փորձառություն չեն դառնում, և չենք կարողանում ապացուցել, որ մեր ուժը մեր հավաքականության մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս