«Նախապատվությունը տրվելու է համամասնական ընտրակարգին»

Հարցազրույց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ

– Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակեց փոփոխությունների հայեցակարգը: Հիմա ի՞նչ աշխատանք է կատարում հանձնաժողովը, ո՞րն է լինելու հանձնաժողովի գործունեության հաջորդ հանգրվանը:

– Երկու ամիս առաջ հրապարակվել և հանրային քննարկման է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգի նախագիծը: Ընդ որում, հաշվի առնելով ներկա փուլում քննարկումները շարունակելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված նաև մարզերում քննարկումներ իրականացնելու, առանձին վիճահարույց հարցերի շուրջ լրացուցիչ ու խորը հետազոտություններ կատարելու, հանրության ողջամիտ իրազեկվածությունն ապահովելու և մի շարք այլ նմանաբնույթ գործոններով, հանրային քննարկման ժամկետը երկարացվել է երեք ամսով:

– Հանձնաժողովի որոշ անդամներ հայտարարում են, որ հանձնաժողովում կան տարաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ: Որո՞նք են այն սկզբունքային հարցերը, որոնց շուրջ հանձնաժողովը չի կարողացել գալ համաձայնության, և ինչպե՞ս են կարգավորվում կամ համաձայնեցվում տարաձայնությունները:

Կարդացեք նաև

– Մասնագիտական կազմ ունեցող հանձնաժողովում տարաձայնությունները բնական երևույթ են, իսկ դրանք կլուծվեն հենց հանրային քննարկումների արդյունքներով: Ինչ վերաբերում է սկզբունքային հարցադրումներին, ապա դրանցից, թերևս, կարելի է առանձնացնել կառավարման ձևին (խորհրդարանական, թե կիսանախագահական) և դատական համակարգին առնչվող մոտեցումները (երկաստիճան կամ եռաստիճան): Ընդ որում, դրանք արտացոլվել են տարբերակների տեսքով, որպեսզի քննարկման մասնակիցներն արտահայտվելու առավել լայն հնարավորություն ունենան:

– Հրապարակված հայեցակարգից այդպես էլ պարզ չդարձավ, ի վերջո, Հայաստանում կառավարման մոդելը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Ինչո՞վ է անարդյունավետ գործող կառավարման համակարգը, և արդյոք կառավարման խորհրդարանական համակարգն ավելի արդյունավե՞տ է լինելու:

– Հայեցակարգում, ինչպես արդեն նկատեցի, արտացոլված է կառավարման խորհրդարանական ձևը, որպես առավել նախընտրելի, սակայն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է համարժեք ամփոփել հանրային քննարկման արդյունքները: Որպեսզի այս հարցում քաղաքական ուժերը ևս հնարավորինս հստակ կողմնորոշվեն, փորձել ենք սպառիչ ներկայացնել կառավարման այս կամ այն ձևի ինչպես` առավելությունները, այնպես էլ` հնարավոր խոցելի տեղերը: Առանձին էական հարցադրումների առնչությամբ անդրադարձ է արվել նաև միջազգային փորձին:

Բոլոր դեպքերում կարող եմ միանշանակ հավաստել, ինչը նաև բխում է անմիջապես Հայեցակարգի նախագծից և կառավարման ցանկացած ձևի ընտրության պարագայում Հանրապետության Նախագահ կամ վարչապետ չառաջադրվելու Հանրապետության Նախագահի հայտնի հայտարարությունից, հանրային քննարկման ներկայացված փաստաթուղթը միտված չէ որևէ զուտ քաղաքական շահի սպասարկմանը, ավելին՝ այն ընձեռում է երկրում ժողովրդավարության զարգացման համար աննախադեպ էական քայլեր կատարելու կարևոր հնարավորություն: Հետևաբար, իրավաչափ չէ այն անհարկի քաղաքականացնելը և քաղաքական նկրտումներից ելնելով` մեկնաբանություններ անելը, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելը զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով մեկնաբանելը:

– Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն, նրա տեսակետն ինչպե՞ս է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա:

– Այդ տեսակետը, ի դեպ, ևս հավաստում է այն, որ խորհրդարանական կառավարումը ոչ մի պարագայում չի կարող տեղավորվել քաղաքական պատվերի շրջանակներում: Խնդիրը, իրոք, չափազանց բարդ է. ինքս այն համոզման եմ, որ կառավարման ձևի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն երկրի ներքին, այլև առավելապես արտաքին խնդիրներով ու գործոններով: Չի կարելի միանշանակ պնդել, որ կիսանախագահական ձևն իրեն ամբողջովին սպառել է, պարզապես հանձնաժողովի մեծամասնությունն այն տեսակետին է, որ վերը նշված գործոնները, թերևս, առավել նախընտրելի են դարձնում խորհրդարանական ձևի գաղափարը: Ինչևէ, Հանրապետության Նախագահը ևս արտահայտվել է վերջնական որոշում կայացնելը հանրային քննարկումների արդյունքների հետ փոխկապակցելու օգտին:

– Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգից պարզ չդարձավ նաև՝ արդյոք փոխվելո՞ւ է ընտրական համակարգը, և ներկայիս խառը համակարգից անցում կատարվելո՞ւ է 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Ըստ ձեզ՝ ընտրակարգի հստակեցումը պետք է կատարվի Սահմանադրությա՞ն, թե՞ Ընտրական օրենսգրքի միջոցով:

– Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակներից մեկում Ձեր կողմից նշված հարցի առնչությամբ հանգամանալից նյութ կար, հետագայում առավել նպատակահարմար գտանք դրան անդրադառնալ վերջնական ամփոփումների փուլում: Բոլոր դեպքերում, հանձնաժողովում գերիշխում է այն տեսակետը, որ նախապատվությունը նպատակահարմար է տալ համամասնական ընտրական համակարգին: Սակայն այս համակարգը ևս ունի բազմաթիվ տարբերակները, որոնց ընտրության հարցը պակաս կարևոր չի, սակայն դրանց արդեն անդրադարձ կարվի ընթացիկ օրենսդրությունում:

– Վերջերս կազմակերպված միջազգային խորհրդակցության ժամանակ միջազգային փորձագետների կողմից կարծիք հնչեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչև 2016թ. մայիս, որպեսզի խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ խաղի կանոնները չփոխվեն: Հանձնաժողովն ունի՞ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման իր ժամանակացույցը:

– Հանձնաժողովը ևս այն տեսակետին է, որ նշված ժամկետում անհրաժեշտ է նախաձեռնել հանրաքվե:

– Ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում` և խորհրդարանական, հայտարարում են, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք պետք է անցկացնել միայն իշխանության նկատմամբ հասարակության վստահության պայմաններում: Նրանք, ըստ էության, բոյկոտում են սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բոյկոտը և բոյկոտի կոչերը սահմանադրական փոփոխությունների գործընթացի և բուն հանրաքվեի նկատմամբ:

– Մեր խնդիրը չէ` արձագանքել զուտ քաղաքական գործընթացներին, մեր կողմից դա առնվազն կոռեկտ չէր լինի: Պարզապես նպատակահարմար եմ գտնում նկատել, որ Հայեցակարգի նախագիծը, այնուամենայնիվ, դարձել է առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի քննարկման նյութ, իսկ մենք էլ պարտավորված ենք հնարավորինս համարժեք անդրադառնալ ներկայացված դիտողություններին, առաջարկություններին ու նկատառումներին:

Հավելեմ, որ նախատեսվում է արմատապես վերանայել բուն հանրաքվեի ինստիտուտը. այն նախաձեռնելը, մասնավորապես, հասու է լինելու ոչ միայն իշխանության մարմիններին, այլև քաղաքացիական հասարակությանը, նախատեսվում է սպառիչ ամրագրել այն առանցքային հարցերի շրջանակը, որոնք կարող են լուծվել բացառապես հանրաքվեի ճանապարհով, և այլն:

 

Տեսանյութեր

Լրահոս